Իշխանափոխության բանաձևը․ լիդերություն՝ ընդդեմ լիդերի

Նիկոլ Փաշինյանի անձնական ու նրա իշխանության հավաքական վարկանիշը հասել է պատմական մինիմումի, ինչի մասին են վկայում մի շարք սոցիոլոգիական հարցումներ։ Նրա վարկանիշն այլևս ոչ թե հանրային է, այլ բյուրոկրատական, քանի որ այն, ինչ մնացել է դրանից, մեծ հաշվով, զուտ պետական կառավարման համակարգի ռեսուրսն է, որին տիրապետում է ցանկացած իշխանություն։

Հանրային գրեթե զրոյական լեգիտիմության պայմաններում Նիկոլ Փաշինյանը պահպանում է իշխանությունը, ինչը, բացի այդ հարցում արտաքին ուժային կենտրոնների շրջանում առկա կոնսենսուսից, պայմանավորված է նաև իշխանության դեմ պայքարի անարդյունավետությամբ և ֆորմալ ընդդիմադիր ձևաչափերի անկարողությամբ։

Բայց անկախ իշխանության դեմ պայքարի ինստիտուցիոնալ էֆեկտիվությունից, այդ պայքարի հենքը՝ հանրային բողոքը, կա և ավելանում է գուցե էքսպոնենցիալ տեմպով։ Այս հակադրությունը՝ իշխանության զրոյական վարկանիշն ու միևնույն ժամանակ՝ դրա շարունակականությունը, ի թիվս բազմաթիվ այլ գործոնների, պայմանավորված է նաև քաղաքական դաշտում գեներացվող ու նաև որպես քարոզչություն մատուցվող բազմաթիվ նարատիվներով։ Դրանց հանրագումարը ներկայացվում է՝ որպես իշխանությանն այլընտրանքային ծրագրերի ու առաջնորդի բացակայություն։

Այս թեզը, մակերեսային շերտում, ճշմարտության հատիկ պարունակելով, ըստ էության մոլորություն է։ Իրականում իշխանությանն այլընտրանքային ծրագիր կա, եթե անգամ դա ձևակերպված չէ ընդդիմադիր ֆորմատների կողմից, այն առկա է բոլոր մտահոգ մարդկանց, քաղաքացիների, նրանց խմբերի շրջանում։

Կարդացեք նաև

Այդ ծրագիրը հանգում է Նիկոլ Փաշինյանի կողմից պետությունը կործանման տանող ընթացքի կանխմանը, որը հնարավոր է միայն վերջինիս իշխանությունից հեռացնելու դեպքում։ Բոլոր նրանք, ովքեր հայտարարում են, թե դա ծրագիր չէ, իրականում ծառայում են իշխանությանը, եթե անգամ ամենաբարձրն են հայհոյում վերջինիս։ Իրավիճակը շատ բարիկադային է Արցախը դե ֆակտո հանձնելուց հետո իշխանությունը գոյութենական սպառնալիք է ներկայացնում նաև Հայաստանին, և ցանկացած քաղաքական ու քաղաքացիական միավորի խնդիրն ու ծրագիրն այդ կործանարար ընթացքը կանխելն է։

Ինչ վերաբերում է որպես այս թեզի ածանցյալ ներկայացվող լիդերի բացակայությանը, ապա այն նույնպես արհեստական է։ Պետության գահավիժող ընթացքը կանգնեցնելու խնդիր-ծրագիրը հավաքական է, այն չի կարող իրագործվել միայն որևէ անհատի առկայության դեպքում։

Բացի այդ, Հայաստանն այս իրավիճակին է հասել հենց անհատակենտրոնության, լիդերի դերի գերագնահատման պատճառով, ինչի արդյունքում Նիկոլ Փաշինյանն իր միանձնյա որոշումներով պետությունը կանգնեցրել է լինելիության խնդրի առաջ։

Իրականում քաղաքական դաշտն ունի ոչ թե առաջնորդի, այլ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ խնդիր։ Ներկայիս լիդերակենտրոն համակարգի դեմ պայքարը կարող է հաջողություն ունենալ ոչ այնքան առաջնորդով, որքան առաջնորդությամբ պայքարելու դեպքում։

Ընդդիմադիր կամ հակաիշխանական բոլոր շրջանակների խնդիրը պետք է լինի հենց այդ՝ լիդերին լիդերությամբ փոխարինելու մեխանիզմի գործարկումը։ Բայց դրա համար, ի թիվս այլ պայմանների, անհրաժեշտ է նաև, որ առաջնորդ դառնալու բոլոր առողջ ու անառողջ հավակնություններ ունեցողները հրաժարվեն դրանից՝ հանուն առաջնորդության։

Հակառակ դեպքում, կարճ ժամանակ անց ուղղակի չի մնալու այն, ինչի առաջնորդ ցանկանում են դառնալ բոլորը։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս