Հնգակողմ բանակցությունները պետք է դիտարկել Հայաստան-Ադրբեջան գործընթացի արևմտականացման կոնտեքստում․ վերլուծաբան

Նախօրեին Քիշնևում կայացան Փաշինյան-Ալիև-Մակրոն-Միշել-Շոլց բանակցություններ, որոնց արդյունքներով հայտարարություն տարածեցին ԵԽ նախագահ Շառլ Միշելի գրասենյակը, Ելիսեյան պալատը, ՀՀ կառավարությունը։ Հանդիպումից հետո ԵԽ նախագահ Շառլ Միշելն իր հերթին հայտարարել էր, որ այս հանդիպումը լավ նախապատրաստություն էր հաջորդ հանդիպման համար, որը տեղի կունենա Բրյուսելում հուլիսի 21-ին։

«Դա նշանակում է, որ մենք քրտնաջան աշխատում ենք և մենք մտադիր ենք աջակցել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ բոլոր դրական ջանքերին։ Ես նաև հայտարարեցի, որ մտադիր եմ կրկին հրավիրել նախագահ Ալիևին, վարչապետ Փաշինյանին, կանցլեր Շոլցին և նախագահ Մակրոնին՝ Իսպանիայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանդիպման շրջանակում։ Դա նշանակում է, որ մենք ԵՄ կողմից կանենք ամեն ինչ, որպեսզի օգնենք, աջակցություն ցուցաբերենք, ավելի շատ առաջընթաց գրանցենք հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,- նշել էր Միշելը։ Իսկ Իսպանիայի հանդիպումը տեղի կունենա Գրանադայում հոկտեմբերի սկզբին։ Մինչ այդ, առաջիկայում նախարարական հանդիպում տեղի կունենա ԱՄՆ-ում հունիսի 12-ին։

Եվրոպացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը մեզ հետ զրույցում ասաց, որ ընթանում է այս հակամարտության կարգավորման գործընթացի արևմտականացում, այսինքն՝ Արևմուտքի ներգրավվածության ընդլայնում։

Միևնույն ժամանակ, ըստ նրա, պետք է հասկանալ, որ գլխավոր որոշումներն այնուամենայնիվ կայացվում են Միացյալ Նահանգներում և Եվրոպական միությունում։

«Մտածել, որ Մակրոնն ու Շոլցն ունեն մեծ դերակատարություն այս գործընթացում, միամտություն է։ Սա առավելապես քաղաքական ներկայացվածության հարց է։ Պատահական չէ, որ հանդիպումը սկսվեց Շառլ Միշելի մասնակցությամբ, ապա ընդլայնվեց, և պատահական չէ, որ հանդիպումները լինելու են Բրյուսելում։ Հասկանալի է նաև այն, որ Երևանը պահանջում էր Մակրոնի մասնակցություն, և Արևմուտքը բրյուսելյան հարթակը չկորցնելու համար կարողացավ դա ինչ-որ կերպ ապահովել, սակայն միևնույն ժամանակ՝ ակնհայտ է Բաքու-Փարիզ դիմակայություն։ Ուշադրություն դարձրեք, որ Բաքուն Փարիզի տարածած հայտարարության վերաբերյալ հայտարարություն տարածեց, Բաքուն չի ընդունում, ամեն դեպքում, Փարիզի «խոսքն» այս գործընթացում, և կարելի է ասել, որ այն ունի արհեստական դերակատարություն։ Բացի այս ամենը, Շառլ Միշելը հանդիպմանն ընդառաջ հայտարարեց շատ ցածր նշաձող՝ ասելով, որ ակնկալում են նախկին պայմանավորվածությունների վերահաստատում, այսինքն՝ կանխավ ակնկալիքներ չկային, որ այս հանդիպման ընթացքում բեկում է լինելու։ Սա ևս կարևոր նշան է։ Սակայն գործընթացը կարծես գնում է դեպի վերջնական լուծումների, կարևոր որոշումը տարածքային ամբողջականությունների ճանաչումն էր, հիմա կարծես ավելի շատ տեխնիկական հարցեր են մնացել»,- ասաց վերլուծաբանը։

Ինչ վերաբերում է Մոսկվայի մասնակցությանը, ապա, նրա խոսքով, աշխարհաքաղաքական իրավիճակն էականորեն թուլացրել է Մոսկվայի դիվանագիտությունը և ազդեցությունը Հարավային Կովկասում։ «Ռուսաստանը կարծես պատրաստ է նաև լքել Հարավային Կովկասը»,- ասաց նա։

Վրացի վերլուծաբան Սոսո Ցինցաձեն դրական է գնահատում բանակցությունները, որոնք ընթանում են Արևմուտքում։

Սակայն, ըստ նրա, Արևմուտքը պետք է աշխատի իրական խաղաղություն հաստատելու ուղղությամբ, որին հեշտ չէ հասնել մի քանի ամիսների ընթացքում։ «Հասկանալի է և դրական է, որ շահագրգիռ կողմերը շատ են, որոնք պահը փորձում են օգտագործել Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու համար, բայց ցանկացած համաձայնագիր պետք է լինի համապարփակ, ոչ միակողմանի, պետք է դիտարկի ու քննի բոլոր կողմերի դիրքորոշումները ու առաջարկի փոխընդունելի լուծումներ։ Ներկայումս տեսնում ենք, որ կա բանակցային գործընթաց, սակայն բոլոր հարցերը չէ, որ ունեն լուծումներ, կա երբեմն թշնամական հռետորաբանություն և բախումներ սահմանին։ Պետք է դա բացառել, իսկ դրա համար հարկավոր է խորը աշխատանք։ Եթե կողմերը վաղը ստորագրեն համաձայնագիր, ես չեմ հավատա, որ հակամարտությունը լուծվեց։ Մենք այս ռեգիոնում տասնամյակներ շարունակ ապրել ենք, տուժել ենք ու տուժում ենք հակամարտություններից, առաջին շահագրգիռ կողմերը հենց այս երեք երկրներն են, որ լինի խաղաղություն, սակայն, Մոսկվայում  թե Բրյուսելում, այն պետք է լինի հավասարակշված, փոխընդունելի լուծումներով»,- ասաց վերլուծաբանը։

Տեսանյութեր

Լրահոս