Էրդողանի վերընտրվելուց հետո Թուրքիայի քաղաքականությունը որոշ ոլորտներում Հայաստանի նկատմամբ կարող է ավելի կոշտանալ. Ռուբեն Սաֆրաստյան
Թուրքիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկու փուլերում էլ հաղթանակ տարավ գործող նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։
Թուրքիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի էր ունեցել մայիսի 14-ին, արդյունքում հիմնական թեկնածուներից և ոչ մեկը չէր հավաքել 50 տոկոսից ավելին։ Էրդողանը՝ 49, Քըլըչդարօղլուն՝ 45, Օգանը՝ 5 տոկոս։
Երկրորդ փուլի ընտրություններից մի քանի օր առաջ Թուրքիայի նախագահի նախկին թեկնածու Սինան Օգանն իր կողմնակիցներին կոչ արեց երկրորդ փուլում աջակցել Ռեջեփ Թայիբ Էրդողանին։ Մայիսի 28-ի քվեարկության արդյունքներն ամփոփելուց հետո Էրդողանը հավաքել էր՝ 52, նրա մրցակից ընդդիմադիր Քըլըչդարօղլուն՝ 47 տոկոս։
Հայաստանի նկատմամբ Էրդողանի և առհասարակ Թուրքիայի վարած քաղաքականության մեջ որևէ բան կարո՞ղ է փոխվել, Էրդողանի վերընտրվելուց հետո ի՞նչ ընթացք կունենա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։
168.am-ի հետ զրույցում ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, որ Թուրքիայի վարած ներկայիս քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կշարունակվի։
«Այն առանձնահատկությունները, որոնք ի հայտ են եկել և որոնց մասին մենք բազմիցս խոսել ենք, պահպանվում են։ Կարծում եմ՝ որոշ ոլորտներում Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կարող է ավելի կոշտանալ։ Մասնավորապես՝ Թուրքիան կարող է մեր պատմական հիշողության վրա ներազդելու փորձեր կատարել, ինչպես դա տեղի ունեցավ «Նեմեսիս» գործողության հերոսներին նվիրված հուշարձանի հետ կապված։ Այսինքն՝ Թուրքիայի քաղաքականությունը նույնությամբ կշարունակվի, գուցե ավելի կոշտանա»,- նշեց Ռուբեն Սաֆրաստյանը։
Նրա խոսքով՝ Թուրքիայում նախագահական ընտրություններում Էրդողանն իսկապես օգտագործել է վարչական ռեսուրս, ինչպես հայտնել են ԵԱՀԿ դիտորդները։
«Էրդողանն օգտագործեց՝ ինչպես վարչական ռեսուրսը, այնպես էլ՝ այն հանգամանքը, որ ինքն ավելի խարիզմատիկ գործիչ է, քան ընդդիմության առաջնորդը։ Մյուս կողմից էլ՝ պետք է հաշվի առնել հետևյալը՝ Թուրքիայի ընդդիմությունը շատ սխալներ թույլ տվեց, չկարողացավ օգտվել բարենպաստ իրադրությունից, որովհետև իսկապես Թուրքիայում իշխանությունների համար մինչև ընտրությունները շատ ծանր իրավիճակ էր ստեղծվել։ Մի կողմից՝ ավերիչ երկրաշարժը, որը բացահայտեց Էրդողանի կառավարության բոլոր զեղծարարությունները շինարարության ոլորտում, մյուս կողմից՝ երկրի տնտեսական ծանր դրությունը, որը նույնպես արդյունք է կառավարության սխալ քաղաքականության, մասնավորապես՝ տնտեսության, ֆինանսական բնագավառում։ Ընդդիմությունն էլ, մյուս կողմից՝ պառակտված է, չկարողացավ հանդես բերել այնպիսի ծրագիր, որը կարող էր այլընտրանք լինել Էրդողանի կառավարության քաղաքականությանը։ Այստեղ հանդես եկավ ընդդիմության թուլությունը, դա էլ պետք է հաշվի առնել, որից Էրդողանը շատ լավ օգտվեց»,- հավելեց Ռուբեն Սաֆրաստյանը։
Նա բացառեց ընտրական ցնցումները, քանի որ ընդդիմությունը պառակտված է, ռեսուրս չունի զանգվածային շարժում սկսելու համար։ Մյուս կողմից էլ՝ չկարողացան փաստեր ներկայացնել, որոնք կվկայեին զանգվածային ընտրակեղծիքների մասին։
«Էրդողանն իր ձեռքում շատ ամուր պահում է բոլոր կառավարական լծակները, շահագրգռված չէ, որպեսզի զանգվածային որևէ ընդվզում լինի, թույլ չի էլ տա, որ նման բան լինի։
Պետք է հաշվի առնենք հետևյալը, որ Արևմուտքն ուներ շահագրգռվածություն, որպեսզի ընտրություններում հաղթեր ընդդիմությունը, իսկ Ռուսաստանը շահագրգռված էր, որ հաղթեր Էրդողանը։ Մյուս կողմից էլ՝ ԱՄՆ-ի համար այնքան կարևոր է Թուրքիան, որ կարևոր չէ, թե այդ երկիրն ով կղեկավարի վերջ ի վերջո, կարևորը՝ այդ երկրում ստաբիլություն լինի, ուստի նրանք էլ շահագրգռված չեն, որ Էրդողանի դեմ ընդվզումներ լինեն»,- ընդգծեց թուրքագետը։
Ինչ վերաբերում է նրան, որ Էրդողանի վերաընտրվելուց հետո առաջիններից մեկը՝ Նիկոլ Փաշինյանը նրան շնորհավորեց, Ռուբեն Սաֆրաստյանը նկատեց՝ միշտ էլ շնորհավորել են, դժվար է ասել, նախկինում առաջին շնորհավորողների՞ց են եղել ՀՀ ղեկավարները թե՞ ոչ, դա նշանակություն չունի։
Նշենք, որ Էրդողանի երդման արարողությունը նախատեսված է հունիսի 3-ին: