«Ինչո՞ւ են հիմք վերցրել 1975թ. քարտեզը, ո՞վ է այն ստորագրել. իրավական ուժ պետք է ունենան 1926-32 թթ. քարտեզները». Շահեն Շահինյան
Երեկ Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ԽՍՀՄ հանրագիտարանը մի քանի անգամ վերահրատարակվել է, բայց որպես ՀՀ տարածք՝ բոլոր հրատարակություններում ֆիքսված է 29.800 քառակուսի կիլոմետր, և, որ Ալմա Աթայի հռչակագրից առաջ ԽՍՀՄ ԳՇ ֆորմատով հաստատված վերջին քարտեզները 1975թ. քարտեզներն են, որոնք վերցվել են՝ որպես դելիմիտացիայի հիմք: Ըստ Փաշինյանի՝ տարբեր քարտեզների մեջ կան նյուանսների տարբերություններ, բայց ընդհանուր տարածքի մասով տարբերություններ չկան:
168TV–ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում գեոդեզիստ-քարտեզագիր, «Էլմա» էլեկտրոնային քարտեզի հեղինակ Շահեն Շահինյանը նախ նկատեց՝ խորհրդային տարբեր հանրագիտարաններում քարտեզային փոփոխություններ կան. «Խորհրդային մեծ հանրագիտարանի առաջին հրատարակությունում Հայաստանի տարածքը նշված է 30 հազար քառակուսի կիլոմետր: Բայց հատկանշական է, որ երբ վերցնում ենք առաջին հրատարակության հանրագիտարանի քարտեզը, հստակ երևում է, որ մի շարք փոփոխություններ կան 1970-ականների քարտեզների նկատմամբ: Եթե չկան էական փոփոխություններ 1926, 1969, 1970-80-ականների քարտեզների միջև, ապա ինչո՞ւ են դրանք պարբերաբար վերահաստատվել, ուրեմն՝ կատարվել են փոփոխություններ, և դրանք հստակ են: Օրինակ՝ 1926-32թթ. քարտեզների և 1970-80-ականների քարտեզների միջև առկա են էական տարբերություններ այն առումով, որ փոփոխվել է Սյունիքի սահմանը, Արծվաշենն է վերածվել անկլավի, Տավուշի հատվածում են սահմանները որոշակի չափով փոփոխվել, և սրանք բավականին զգայուն փոփոխություններ են: Թե ինչ է նշանակում՝ նյուանսներ են, ես չեմ կարող մեկնաբանել, որովհետև գոնե ինձ համար ՀՀ տարածքի 10 քառակուսի կիլոմետրն էլ նյուանս չէ, ցանկացած քառակուսի մետր մեզ համար էական է:
Իսկ ինչու են հիմք վերցրել 1975թ. քարտեզը, հստակ պատասխան չի հնչում: Ո՞վ է ստորագրել այդ քարտեզը, Փաշինյանի խոսքում միտք հնչեց, որ այդ քարտեզները հաստատվել են ԳՇ կողմից, բայց ԽՍՀՄ ԳՇ-ն հաստատում էր այն տեղագրական քարտեզները, որոնք ԽՍՀՄ մյուս իրավազոր մարմիններն արդեն համաձայնության էին գալիս և հաստատում էին, այսինքն՝ ԳՇ-ն դա ընդունում էր ի գիտություն և օգտագործում էր: Սովետական Միության տարիներին քարտեզները մշակում էր քարտեզագրության և գեոդեզիայի գլխավոր կառավարման մարմինը, ԳՇ-ն ինքնին քարտեզ չէր մշակում, ինքը կա՛մ օգտագործում էր, կա՛մ իր պատվերով էին դրանք մշակվում»:
Նա նկատեց՝ ԽՍՀՄ ԳՇ-ն չէր փոփոխում կամ հաստատում քարտեզների սահմանների փոփոխությունները, դա անում էին միջխորհրդային հանրապետությունների հանձնաժողովները, որոնք բանակցում և ստորագրում էին.
«Օրինակ՝ մենք 1926-32-թթ. քարտեզների տակ ունենք Խորհրդային Հայաստանի ղեկավարների հաստատումները, ստորագրությունները, իսկ մինչ օրս մեզ համար գոնե հասանելի չեն եղել 1970-ականների քարտեզները, որոնց վրա կա ՀԽՍՀ ղեկավարների ստորագրությունները կամ հաստատումները: Կարող է՝ ժամանակի ընթացքում ԽՍՀՄ վարչատարածքային քարտեզները փոփոխվել են՝ որպես օգտագործման միավորներ, օրինակ՝ Արծվաշենի շրջակա տարածքը համարվել է Ադրբեջանի անասնապահների օգտագործման տարածք, ձևավորվել է նմանատիպ քարտեզ, որը եղել է ժամանակավոր կիրառման, բայց չի հաստատվել: Այսինքն՝ քանի մենք չունենք այդ հաստատված քարտեզները, չենք կարող վստահությամբ պնդել, որ 70-ականների քարտեզները կարող են հիմք հանդիսանալ»:
Քարտեզագիրը պնդում է, որ իրավական ուժ պետք է ունենան 1926-32 թվականների քարտեզները. «Առաջին պատճառն այն է, որ դրանք առաջին անգամ արտացոլում են ԽՍՀՄ կազմ մտած Հայաստանի Հանրապետության սահմանները, այսինքն՝ երևում է, թե պետությունն ինչ սահմաններով է մուտք գործել ԽՍՀՄ կազմ: Դրանք այն միակ քարտեզներն են, որոնք ես գոնե իմ աչքով տեսել եմ, որ ունեն իրենց վրա հաստատված կնիք լիազոր մարմնի կողմից՝ Խորհրդային Հայաստանի ղեկավարների կողմից:
Ենթադրում եմ, որ այդ քարտեզները սահմանազատման համար հիմք չեն հանդիսանում, քանի որ Ադրբեջանը կտրականապես դեմ է դրան, անգամ չի ուզում դիտարկել, քանի որ այդ քարտեզների համաձայն՝ Ադրբեջանը բավականին խոշոր տարածքներ պետք է վերադարձնի ՀՀ-ին՝ նույն Ալ լճերի հատվածը, Արծվաշենի շրջակայքը, Արցախը Հայաստանին կապող հատվածը, որը պետք է անցնի Հայաստանի ենթակայության տակ: Իմ տեսակետից՝ դա Ադրբեջանի ուլտիմատումն է, որ ինքը չի բանակցելու այդ քարտեզների շուրջ: Հստակ պետք է ֆիքսենք, որ այս պահի դրությամբ որոշում է կայացվել, որ սահմանազատման աշխատանքները պետք է ընթանան ԽՍՀՄ ժամանակ ստեղծված վարչատարածքային քարտեզների հիման վրա: Ադրբեջանը չի բանակցում 1926 թվականի քարտեզների հիման վրա, իսկ օրինակ՝ Վրաստանի հետ ժամանակին Հայաստանի Հանրապետությունը բանակցում էր ավելի վաղ քարտեզներով, քան 70-ականների քարտեզներն են»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում