Ադրբեջանական սադրանքներին համարժեք պատասխան պետք է տրվի ՊԲ-ի, ռուս խաղաղապահների ու ՀՀ ղեկավարության կողմից, լռությունն ադրբեջանական ճնշումները մեծացնելու է. Ռազմական փորձագետ

2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն Արցախում, ինչպես նաև՝ Հայաստանում պարբերաբար իրականացնում է ռազմական սադրիչ գործողություններ. կրակ արձակում՝ ինչպես հայկական դիրքերի, այնպես էլ՝ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ։ Արցախում թշնամու թիրախում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիներն են: Եղել են դեպքեր, երբ կրակոցների հետևանքով խաղաղ բնակիչները տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, վնասվել է գյուղատնտեսական տեխնիկան։

Այս ամենին զուգահեռ՝ մայիսի 28-ին Ադրբեջանի նախագահն օկուպացված Բերձոր քաղաքում հանդես եկավ հերթական ռազմատենչ և սպառնալիքներով լի հայտարարությամբ՝ «արցախահայությունը պետք է ենթարկվի Ադրբեջանի օրենքերին, երբ Արցախի պետական կառույցները լուծարվեն, այդ դեպքում հավանաբար կմտածի «համաներման» մասին»։

168.am հետ զրույցում ռազմական փորձագետ Վլադիմիր Հարությունյանն ասաց, որ ադրբեջանական կողմի այս սադրանքները ու վարքագիծը շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ ադեկվատ պատասխան չեն ստացել, և այդ պատասխանը պետք է հնչի ոչ միայն Արցախի Պաշտպանության բանակի, այլև ռուս խաղաղապահ զորակազմի կողմից, քանի որ նրանց պատասխանատվության գոտում է տեղի ունենում։

«Պատասխան պետք է հնչի նաև ՀՀ ղեկավարության կողմից, քանի որ լռությունն ադրբեջանական ճնշումները մեծացնելու է՝ փորձելով այդ կերպ ընդհանրացնել իրենց ղեկավարի ասածը, փորձելով հետագայում դիվանագիտական օգուտներ քաղել»,- նշեց ռազմական փորձագետը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի ռազմական բյուջեի ավելացմանը և հարցին, թե խաղաղության պատրաստվող երկիրն արդյո՞ք այդքան կմեծացնի իր ռազմական բյուջեն, Վլադիմիր Հարությունյանը պատասխանեց, որ այս հայտարարությունը թող քաղաքագետները մեկնաբանեն, իսկ ինքը որպես ռազմական փորձագետ՝ միայն ռազմական բաղադրիչն ուսումնասիրելով՝ ասաց, որ ամեն զարգացած պետություն պարտավոր է առաջին հերթին զարգացնել իր ռազմաարդյունաբերությունն ու ռազմական պոտենցիալը՝ որոշակի թույլատրելիության սահաններում։

«Կոնկրետ Ադրբեջանը, կարծում եմ, ռազմավարական իմաստով ավելի առաջ է, ցավոք, քան մենք, և իրենց ծրագրերն ավելի հեռուն են գնում։ Եվ այդ հեռանկարում իրենք տեսնում են՝ ինչպես հայաստանյան հատվածում իրավիճակի հանկարծակի սրացման դեպքում ԶՈւ-ի կիրառումը, այնպես էլ՝ կարծում եմ, հետագայում Իրանի հետ հակամարտությունն են դիտարկում՝ Իսրայելի ու Թուրքիայի խաղացողներին տարածաշրջան հրավիրելով։ Այս իմաստով փորձում են հետ չմնալ նրանց զինված ուժերի մակարդակից։ Հետագայում նաև ավելի գլոբալ ռազմական գործողություններն են ուսումնասիրում, իհարկե, այս ամենը կախված է ուկրաինական ճակատից, թե ինչպիսի իրավիճակ կարող է զարգանալ, և դա հայելային արտացոլում արդեն կունենա մեր տարածաշրջանում։ Հնարավոր է՝ ոչ միայն հայ-ադրբեջանական սահմանին լոկալ որոշակի միջադեպեր, այլև Իրանի դեմ որոշակի ակտիվությամբ ու մեծ ծավալի գործողություններ սկսվեն, որին Ադրբեջանը պետք է համապատասխան մակարդակով ներկայանա։

Քանի որ Ադրբեջանի ռազմական բյուջեն թույլ է տալիս այդ ամենը, ամեն անգամ փորձելու են ուժեղացնել, որովհետև հայտնի ասացվածք կա՝ ուժն է ծնում իրավունք, և ուժեղինն է ամեն ինչ, որը թշնամուն ևս վերաբերում է։ Բնականաբար, այս ամենը լավ հասկանալով և չստանալով որոշակի դիմադրություն ու սահմանափակումներ՝ դատապարտող խոսքեր, փորձելու են շարունակաբար զարգացնել իրենց ռազմական պոտենցիալը։ Հետագայում այդ ռազմական պոտենցիալի արդյունքները կփորձեն քաղել նաև դիվանագիտական դաշտում՝ տարածաշրջանում գերիշխողի, առաջին դեմքով դուրս գալու նպատակով՝ Հայաստան-Վրաստան-Ադրբեջան եռյակի մեջ»,- հավելեց մեր զրուցակիցը։

Ըստ ռազմական փորձագետի, եթե իրավիճակն այսպես զարգանա, ապա հանգեցնելու է Արցախի հայաթափմանը, եթե Ադրբեջանի իրականացվող գործողությունները չստանան համարժեք պատասխան։ Իսկ Արցախի հայաթափման դեպքում Ադրբեջանը կտիրապետի Արցախի ողջ տարածքին՝ այդ տարածքները հետագայում կարող է խաղաքարտի նման օգտագործել՝ հյուսիսից Իրանի դեմ որպես սպառնալիք, և Իսրայելի, Թուրքիայի Զու ներկայացուցիչներին որպես աջակցող հրավիրել։

«Այդ նույն տրամաբանության մեջ է նաև, որ հիմա Ադրբեջանն ինտենսիվ շինաշխատանքներ է սկսել Քաշաթաղի, Կովսականի շրջաններում, երկու միջազգային նշանակության օդանավակայաններ կառուցեցին, դրանք հետագայում ևս օգտագործելու է ռազմական նպատակներով։ Հիմա ամեն կերպ Թուրքիան ու Ադրբեջանը ձգտելու են բացել «Զանգեզուրի միջանցք» հասկացողությունը, որպեսզի միանգամից բացվի «միջանցք» ասվածը՝ Իսրայելից Թուրքիայի տարածքով մինչև Ադրբեջան ու Կասպից ծով ամբողջովին բաց տարածք է լինելու։ Կարծում եմ՝ Ադրբեջանն այս տրանզիտը, փոխադարձ համաձայնության գալով, օգուտ կբերի շահագրգիռ երկրներին և իր օգուտը դրանից կբարձրացնի միջազգային դիվանագիտության մեջ»,- շեշտեց նա։

Նիկոլ Փաշինյանը հատկապես վերջին շրջանում պարբերաբար հայտարարում է Արցախում միջազգային դիտորդներ տեղակայելու մասին: Եթե հնարավոր լինի դա կյանքի կոչել, ի՞նչ արդյունք կտա: Վլադիմիր Հարությունյանը նախ ասաց, որ քաղաքական ենթատեքստը մի կողմ դնելով, Հայաստանի ու Արցախի տարածքում բոլորն ընդունելի են, և կարելի է որոշակի տրամաբանության մեջ տեղավորել ու օգտագործել։

«Ըստ իս, չօգտագործելն է վտանգը։ Սակայն այդ դիտորդների կոնկրետ մանդատների շրջանակները, կարողություններն ու հնարավորություններն ուսումնասիրեն և համարժեք լիազորություններ տան, որպեսզի դրանք կիրառեն։ Այսինքն՝ եթե գալու են ու միայն կողքից դիտարկեն երկու կողմերի մարտական գործողությունները՝ բնավ ընդունելի չէ։ ԵՄ դիտորդական խումբը հիմա Սյունիքի մարզում է, իրականացնում է այդ մշտադիտարկումը, բնականաբար, մենք տեսանք Տեղ համայնքում տեղի ունեցած վերջին դեպքերը, որտեղ հայկական տարածքում ադրբեջանցիների առաջ եկած հատվածում մարտական գործողություններ եղան, ունեցանք զոհեր։ Սակայն մինչև օրս արձագանք չկա, ոչ էլ հասկացանք, թե այդ դիտորդներն իսկապե՞ս այնտեղ էին, ֆիքսե՞լ են, թե՞ ոչ։ Ամեն դեպքում դիտորդի պատասխանատվությունն ու պարտականություններն այստեղ պետք է շատ հստակ դրվի և հրադադարի ռեժիմի խախտման դեպքն արձանագրելուց հետո, քայլ առ քայլ, ինչպես պետք է գնան և որտեղ դա պետք է տանի՝ չսահմանափակվեն միայն գրանցումով ու փոխանցումով։ Շատ դեպքերում հիմա Արցախում այդ նույնն ենք տեսնում՝ առաջնայինը գրանցելով, նաև մենք ենք սկզբում գրանցում ու փոխանցում ենք ռուս խաղաղապահներին։ Մենք չենք տեսնում այն մեխանիզմները, որոնք արգելանք կարող են դնել այդ հակազդմանը»,- եզրափակեց Վլադիմիր Հարությունյանը։

Տեսանյութեր

Լրահոս