Ադրբեջանը հստակ մեսիջ է տալիս՝ հայ-ադրբեջանական քննարկումներում Տավուշի գյուղերի հարցը դրված է. հարցի ուժային լուծումը նույնպես կիրառելի է. Շիրազ Խաչատրյան

Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օկուպացված Քաշաթաղի շրջանի (Լաչին) բնակիչների հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ունեն բոլոր հնարավորություններն Արցախում իրականացնելու ցանկացած գործողություն:

«Բոլորը քաջ գիտակցում են, որ այսօր մենք հնարավորություն ունենք ցանկացած գործողություն իրականացնել այդ տարածաշրջանում (Ղարաբաղում)։ Ուստի խորհրդարանը պետք է լուծարվի, իրեն «նախագահ» կոչողը պետք է հանձնվի, բոլոր նախարարները, պատգամավորները և մյուսները պետք է արդեն լքեն իրենց պաշտոնները։ Միայն այս դեպքում նրանց համար կարելի է զիջումներ անել։ Միայն այս դեպքում կարելի է խոսել ցանկացած տեսակի համաներման մասին»,- նշել էր Ալիևը:

Արցախի արտաքին գործերի նախարարությունը պատասխան հայտարարություն էր տարածել, որում, մասնավորապես, նշված էր.

«2023 թ․ մայիսի 28-ին, խախտելով միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, 2020 թվականի նոյեմբերի Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, և միաժամանակ անտեսելով ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկայությունը՝ Ադրբեջանի նախագահը հանդես է եկել Արցախի Հանրապետության, վերջինիս ժողովրդավարական ինստիտուտների դեմ ուղղված, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության մասին ռազմատենչ և սադրիչ հայտարարություններով։ Բաքվի հերթական անթաքույց սպառնալիքներն ու բացահայտ շանտաժը կասկած չեն թողնում, որ Ադրբեջանի իշխանությունները հետևողականորեն մերժում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը բանակցային ճանապարհով կարգավորելու բուն հնարավորությունը: Տևական շրջափակումը, անտանելի կենսապայմանների ստեղծումը, կյանքի և անվտանգության իրավունքի մերժումը, այլ հիմնարար իրավունքների և ազատությունների կանոնավոր և զանգվածային խախտումները, բռնաճնշումներն ու հալածանքները հենց այն գործիքներն են, որոնք Ադրբեջանը մտադիր է շարունակել օգտագործել Արցախի ժողովրդի դեմ։ Իսկ արցախահայության իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու իբր պատրաստակամության մասին Ադրբեջանի հայտարարություններն ընդամենը կեղծ խոսույթ են և ծխածածկույթ, որոնց ետևում թաքնված է Արցախն էթնիկ զտման ենթարկելու՝ Բաքվի իրական մտադրությունը։ Պահանջելով Արցախը ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում՝ այդ երկրի իշխանություններն իրականում ձգտում են ստանալ արտոնագիր՝ իրենց հանցավոր ծրագրերն անպատիժ իրականացնելու համար»:

Կարդացեք նաև

Այս ամենը հաշվի առնելով, Արցախի արտաքին գործերի նախարարությունը կոչ էր արել ներգրավված միջազգային դերակատարներին՝ դադարեցնել չնկատելու տալ Արցախի նկատմամբ ադրբեջանական օրակարգի իրական դրդապատճառներն ու բուն նպատակները։

Արցախի նախագահի աշխատակազմից էլ արձագանքելով Ալիևի հայտարարությանը՝ նշել էին՝ «Ադրբեջանի նախագահը քաջ գիտակցում է, որ Արցախի սուբյեկտայնության գլխավոր աղբյուրը հենց այդ պետական ինստիտուտներն են, և, փաստորեն, այդպիսի պահանջներով նա ճանաչում է այդ ինստիտուտների լեգիտիմությունն ու կարևորությունը»:

Այսօր արդեն, ըստ էության, գլխավոր խաղացողների գործնական լռության արդյունքում, Ադրբեջանի պաշտպանության նախարարը հասկացրել է, որ Ալիևի հայտարարությունը զուտ խոսքեր չէին, այլ կոնկրետ խնդիր է դրվել Ադրբեջանի զինված ուժերի առջև:

«Հաշվի առնելով Գերագույն գլխավոր հրամանատարի ելույթը, որ պետք է ապահովել անվտանգությունը Ղարաբաղի տնտեսական գոտում, ընդգծվել է բանակի առջև դրված խնդիրները կարճ ժամանակում կատարելու անհրաժեշտությունը: Նշվել է նաև, որ երկրի ղեկավարը մեծ ուշադրություն է դարձնում բանակին, ըստ այդմ՝ պաշտպանության նախարարը հայտնել է, որ հատկացվել է 1 միլիարդ 105 միլիոն մանաթ երկրի անվտանգության ապահովման և ազգային անվտանգային միջոցառումների իրականացման համար: Ընդ որում, 1 միլիարդ մանաթն ուղղվելու է հատուկ նշանակության պաշտպանական միջոցառումներին, հնարավորություն է ընձեռելու նոր ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա ձեռք բերել»,- նշված է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ:

Տեղեկացվում է նաև, որ վերլուծել են Ղարաբաղի տնտեսական գոտում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող օպերատիվ իրավիճակը, և այդ շրջանակում դարձյալ շեշտում են «անօրինական հայկական զինված խմբավորումների կողմից զենքի փոխադրումների և ադրբեջանական դիրքերի դիմաց երկարաժամկետ ամրաշինություններ ստեղծելու փորձերը»:

Ի դեպ, Ադրբեջանի ՊՆ-ն մի քանի օր շարունակ ապատեղեկատվություն է տարածում, թե իբր ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացում: Մասնավորապես, մայիսի 29-ի լույս 30-ի գիշերն Արցախի Հանրապետության Ասկերանի, Շուշիի և Քարվաճառի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

Մինչդեռ մայիսի 30-ին Ադրբեջանի զինված ուժերն էին շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ։ Այս օրը, ըստ ՊԲ հաղորդագրության, «ժամը 11։40-ի սահմաններում ադրբեջանական կողմը նախնական տվյալներով՝ 60 մմ տրամաչափի ականանետից 7 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի»:

Արցախի ՊԲ-ն անգամ ադրբեջանական բանակի ականանետային կրակի տեսանյութն էր հրապարակել:

Իսկ հունիսի 1-ին էլ Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն էր տարածել, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 1-ի ժամը 10։00-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

 Ալիևը կարող է ժամանակավոր Լաչինի միջանցքը բացել՝ որոշակի գնի դիմաց

Նկատի ունենալով թշնամու կիրառած նախկին մարտավարությունը՝ հատկապես Ադրբեջանի նախագահի և Պաշտպանության նախարարի հայտարարություններից կարո՞ղ ենք ենթադրել, որ առաջիկայում արցախյան թևում սադրիչ գործողություններ կարող են իրականացվել:

168.am-ի հետ զրույցում «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը նշեց, որ Ալիևը և՛ ներքին լսարանի, և՛ արտաքին խաղացողների լուռ համաձայնության ներքո արտաքին լսարանի առջև միշտ էլ հանդես է գալիս շատ ագրեսիվ հռետորաբանությամբ, վերջնագրային բառապաշարով սպառնում Հայաստանին և Արցախին, և այդ ամենին զուգահեռ՝ պատրաստվում էսկալացիոն եղանակով իր խնդիրներն ի կատար ածել:

«Համենայն դեպս, ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության հաճախակի այցերը սահմանային տարբեր զորամասեր և այլ ենթակառուցվածքներ, ակտիվ համագործակցությունը Թուրքիայի, Իսրայելի և իրեն բարեկամ շատ երկրների հետ, վկայում է այն մասին, որ Արցախի և Հայաստանի սահմանների շուրջ մոտ ժամանակներս, հնարավոր է՝ ցանկացած սցենարային զարգացումներ տեղի ունենան: Ինչո՞ւ է Ադրբեջանի ղեկավարությունն այդ ձևով խոսում, որովհետև ՀՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հարցում խոչընդոտներ չստեղծել, ինչն էլ լեգիտիմացնում է ադրբեջանական ցանկացած քայլ Արցախի տարածքում:

Այսօր ադրբեջանական անցակետ է տեղակայվում, հետո՝ Արցախի պետական համակարգի ինքնալուծարման, մյուս օրը՝ ՊԲ կազմալուծման հարց է բարձրացվում: Իսկ չկատարելու դեպքում էլ հակաահաբեկչական օպերացիայի կեղծ քողի տակ հնարավոր է Արցախի ուժային, ինչո՞ւ չէ` նաև պետական ենթակառուցվածքներին հարվածներ հասցնեն: Ադրբեջանական կողմը կարողանում է ճիշտ խաղալ միջազգային խոշոր խաղացողների հետ, այնինչ Փաշինյանն իր քայլերով ու հայտարարություններով հակառակն է անում, և ադրբեջանական ագրեսիայի համար նոր հիմքեր ձևավորում: Իր հերթին՝ ռուսական կողմը հանդես է գալիս միայն կոչերով, ամերիկյան կողմն էլ ողջունում է Ալիևի պատրաստակամությունը` Արցախի իշխանություններին համաներում հայտարարելու մասին, եվրոպական կողմը հետևում է իրավիճակին, ու այսպես շարունակ… Այդ ամենը կեղծիք է, ու այն շարունակվելու է նաև առաջիկա ժամանակահատվածում: Ես ենթադրում եմ, որ Ալիևը հերթական գովասանքին արժանանալու համար ցուցադրական կարող է նաև ժամանակավոր Լաչինի միջանցքը բացել՝ դրա դիմաց, սակայն, գին պահանջելով: Գինը չվճարելու դեպքում ստանալու ենք նոր ագրեսիա»,- նշեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետը:

Այս համատեքստում անդրադառնալով հնարավոր սադրանքների վերաբերյալ հարցին, թշնամու կողմից ականանետների կիրառմանն Արցախի ուղղությամբ, Շիրազ Խաչատրյանն ուշադրություն հրավիրեց հետևյալ փաստի վրա.

«Ընդհանուր առմամբ, Արցախի շուրջ Ադրբեջանը ռազմական այնքան ենթակառուցվածքներ է «լցրել», որ արդեն անգամ հատուկ կուտակումների կարիք էլ չկա: Այսինքն, եթե որոշեն ինչ-որ գործողության գնալ, կես ժամվա ընթացքում իրենց խնդիրը փորձելու են կատարել: Նրանք անընդհատ զորավարժություններ են անցկացնում այս կամ այն ստորաբաժանման կամ զորամասի մակարդակով, ավելացրել են կրակային պատրաստության վարժանքները, ու ցանկացած պահի հնարավոր է՝ օղակը սեղմեն մեր շուրջ: Այդ ամենին եթե ավելացնում ենք ադրբեջանական կողմից անընդհատ հնչող ապատեղեկատվությունները, սադրիչ գործողությունները, ինչպես նաև՝ դիվանագիտական ճակատում նրանց կողմից հնչող վերջնագրերը, պարզ է դառնում՝ ամառը հանգիստ չի անցնելու»:

«Անկլավների» հարցի ուժային տարբերակով լուծումն Ադրբեջանի համար նույնպես կիրառելի է

 Վերջին մի քանի օրն Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում նաև այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հրադադարի ռեժիմ են խախտել: Արդյո՞ք սրանից ենթադրվում է, որ պետք է սադրանքներ սպասել Տավուշի ուղղությամբ:

«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի դիտարկմամբ՝ Տավուշի հատվածում ադրբեջանական կողմից հնչող մեղադրանքներն ու ապատեղեկատվությունը կարելի է դիտարկել նույն տրամաբանության մեջ, ինչ վերևում նշեցինք՝ Արցախի վերաբերյալ:

«Փաշինյանը ոչ միայն պատրաստակամություն է հայտնել Արցախը հանձնել Ադրբեջանին, այլ նաև Տավուշի մարզի գյուղերի և Տիգրանաշենի խնդիրն է սակարկման դրել Ալիևի հետ քննարկումներում: Դրա համար էլ Ալիևի ձեռքերն ու լեզուն շատ են երկարել: Ու եթե ժամանակ առ ժամանակ նաև տավուշյան ուղղությամբ է Ադրբեջանը նման ապատեղեկատվություններ տարածում, հստակ մեսիջ են տալիս, որ հայ-ադրբեջանական քննարկումներում դրված է նաև, այսպես կոչված, անկլավների հարցը: Եվ դրանով ցույց են տալիս, որ ուժային տարբերակով հարցի լուծումն իրենց համար նույնպես կիրառելի է»,- ամփոփեց փորձագետը:

Հավելենք, որ մայիսի 30-ին ՀՀ հյուսիսարևելյան հատվածում մարտական հենակետերից մեկում ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Ցականյանը հայտնել էր.

«Վերջին ժամանակներում ստեղծված իրադրության պայմաններում օպերատիվ-մարտավարական իրադրությունը գնահատվում է հարաբերական կայուն։ Հակառակորդի կողմից, որպես այդպիսին, հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, հակառակորդը հիմնականում զբաղված է առօրյա մարտական հերթապահությամբ։ Հակառակորդի սահմանամերձ բնակավայրերում բնակվող բնակչությունը զբաղվում է առօրյա կյանքով։ Տեղանքի և տարածքի օպերատիվ նշանակության աշխատանքներ չեն իրականացվում, և ներկա դրությամբ մարտական գործողությունների նախապատրաստման նախանշաններ չեն արձանագրվել»:

Այսինքն, 3-րդ բանակային կորպուսի հրամանատարը մայիսի 30-ի դրությամբ մարտական լայնածավալ գործողությունների նախանշաններ չի արձանագրել, քանի որ, ըստ նրա, տեղանքի և տարածքի օպերատիվ նշանակության աշխատանքներ չեն իրականացվել: Բայց սա, իհարկե, չի նշանակում, որ, ասենք, մեկ ժամվա ընթացքում չէր կարող իրավիճակ փոխվել, թերևս, այս հանգամանքը զորամիավորման ղեկավարը հաշվի առնում է, ինչի մասին կարելի է ենթադրել լրագրողների հետ ճեպազրույցում նրա խոսքի շարունակությունից՝ «հաշվի առնելով առկա մարտահրավերները, առօրյա ռեժիմում իրականացնում ենք և՛ անհատական պատրաստություն, և՛ ստորաբաժանումների ներդաշնակում, նաև անցկացնում ենք համապատասխան զորավարժություններ, պարապմունքներ՝ ուղղված մարտունակության պահպանմանը»:

Տեսանյութեր

Լրահոս