Մարտական գործողությունների նախապատրաստման նախանշաններ չկան. 3-րդ բանակային կորպուսի հրամանատար

ՀՀ ՊՆ նախաձեռնությամբ հավատարմագրված ԶԼՄ-ների ներկայացուցիչներից կազմված լրագրողական խումբն այցելել էր ՀՀ հյուսիսարևելյան
հատվածում տեղակայված զորամաս և մարտական հենակետ:

Նախ՝ լրագրողները ծանոթացան զինծառայողների առօրյային, զորամասում անցկացվող ուսումնական պարապմունքների ընթացքին:

Սովորությանս համաձայն՝ իրական պատկեր ստանալու համար սիրում եմ կողքից հետևել, հատկապես, երբ տվյալ դեպքում այս զորամաս տարբեր ժամանակահատվածներում և տարբեր հրամանատարների օրոք եղել եմ և ոչ մեկ անգամ: Այս զորամասի հրամանատարներից է եղել նաև 44-օրյա պատերազմում զոհված, ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանը: Եվ կամա թե ակամա սկսում ես համեմատել զորամասում ստեղծված միջավայրը, կարգուկանոնը, հրամանատարին…

Կարդացեք նաև

Գործող հրամանատար Գարիկ Մուրադյանին առաջին անգամ հանդիպել էի  տարիներ առաջ՝ 2015-ին, ծառայության այլ վայրում և հայկական այլ տարածքում ու դիրքում:

Եվ հիմա՝ տարիներ անց, հրամանատարին հանդիպեցի երեկ՝ այս անգամ ՀՀ հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասում՝ 44-օրյա պատերազմից հետո:  Ի ուրախություն, ոչինչ չէր փոխվել. պահանջկոտ զինվորի և ենթակաների հագուկապի հանդեպ, հայրենիքի սահմանները պաշտպանելու պատրաստակամություն:

Զորամասի հրամանատար, գնդապետ Մուրադյանի հետ հարցազրույցը թողեցի հաջորդ անգամ, այս անգամ բավական էր համոզվել, որ զորամասը վստահելի ձեռքում է, և, որ 44-օրյա պատերազմից հետո հայ հրամանատարը չի փոխվել:

Մայոր Եսայանին ևս ծառայության այլ վայրերում եմ հանդիպել 44-օրյա պատերազմի ժամանակ և հետո, այդ թվում՝ Սոթքում: Այսօր նրան ծառայություն է վստահվել ՀՀ հյուսիսարևելյան հատվածում:

«Դրական ենք տրամադրված, պատրաստ մեր խնդրի կատարմանը յուրաքանչյուր պահի, յուրաքանչյուր վայրկյան: Ցանկացած հրամանատար պարտավոր է դրված խնդիրը ժամանակին և ճշգրիտ կատարել: Սա ես պահանջում եմ և նույն կարգախոսով ինքս եմ առաջնորդվում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց նա:

Արդյո՞ք այսօր հայ սպան և զինվորը բարոյահոգեբանական խնդիրներ ունեն, մայոր Եսայանի պատասխանն էր՝ ոչ:

«Չունենք, ո՛չ սպան ունի, ո՛չ էլ զինվորը հոգեբանական խնդիրներ: Ինչպես է զինվորը հաղթահարել այդ խնդիրնե՞րը, իրենց հրամանատարների օրինակով, նրանցից ստացած դաստիարակությամբ և իրենց անձնական նախաձեռնությամբ. նրանք հասկանում են՝ ինչի համար են, և, որ հայրենիքը վեհ է ամեն ինչից: Մենք պարտավոր ենք մեր առջև դրված խնդիրները ճիշտ և հասկանալի ձևով կատարել»,- շեշտեց մայոր Եսայանը:

Մարտական դիրք գնալու ժամանակն է. զորամասից դիրք մոտ 40 րոպեի ճանապարհ է, և ոչ այնքան հեշտ: Իսկ սպան այս ճանապարհն ամեն օր է անցնում՝ շոգին, ձմռան ցրտին: Թերևս, ժամանակ առ ժամանակ պետք է անցնել այն ճանապարհով, որով անցնում է սպան և զինվորը՝ գնահատելու նրանց ծառայությունը, դժվարությունները, որոնց բախվում են նրանք, շաբաթներով, ամիսներով ընտանիքին չտեսնելը: Այլապես հաճախ գրում ենք, քննադատում, դատողություններ անում՝ չտիրապետելով առաջնագծում հերթապահության կրման պայմաններին և ծառայության նրբություններին: Խոսքը բնավ մասնագիտական և առողջ դիտողությունների մասին չէ, որին, իհարկե, առաջին հերթին երկրի և ռազմական ղեկավարությունը պիտի ականջալուր լինի: Ինչևէ, բարձրանում ենք դիրքեր, և գոնե ինձ համար ամեն դժվարություն ստորադասվում է այն զգացողությանը, որ քիչ հետո լինելու եմ հյուսիսարևելյան հատվածում տեղակայված հենակետերից մեկում, և անգամ շոգին, երկրորդ շնչառություն է բացվելու՝ անցյալը բախվելու է ներկայի հետ, կամ՝ խաչվելու, և ներկան չի պարտվելու: Եվ ներկան չպարտվեց գոնե այն առումով, որ դիրքապահ հայ զինվորը նույնն է այսօր, ինչպես երեկ, ինչպիսին լինելու է վաղը:

Եթե ինչ-որ մի բան լինի, առաջիններից կլինեմ, որ կգամ այս սահմանը պահելու համար

Դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Նարեկ Ղևոնդյանը նախ վստահեցնում է՝ սպաները մեր կողքին են՝ որպես վերադաս և ընկեր, խնդիրները լինելուց՝ արագ հարթվում են: Իսկ իրենց վստահված հատվածում սահմանին հանգիստ է, լարվածություն չկա:

«Կուզենամ, որ բոլորը հանգիստ լինեն, որովհետև զինվորները կատարում են իրենց պարտքը, ինչպես ամեն մեկը՝ իր ծնողի համար, այնպես էլ բոլորի համար կանգնած են նրանք: Ես, արդեն երկար ժամանակ է, ինչ դիրքի ավագ եմ, համարյա 2 տարի է՝ ծառայում եմ, միջադեպեր այստեղ չեն եղել, ամեն ինչ հանգիստ է»,- ասաց կրտսեր սերժանտը լրագրողներին:

Իսկ ծառայությունն ավարտելուց հետո բանակից իր հետ տանելու է լավ ընկերներ, ավագ ընկերներ, հիշողություններ: Հստակ է՝ զինվորական ծառայությունն իրեն ավելի է կոփել, իսկ դիրքապահ զինվորական ծառայությունն առավել պարտավորեցնող է:

«Դիրքերում ծառայությունդ կատարելիս առավել պարտավորված ես զգում, դրա համար դիրքերում անցկացնելու ցանկությունն ավելի շատ է»,- շեշտեց դիրքի ավագ Ղևոնդյանը: Այնուհետ անկեղծ շարունակեց՝ զինվորական ծառայությունից հետո բանակում մնալու պլաններ չունի, բայց մի բան հստակ է. «Եթե ինչ-որ մի բան լինի, առաջիններից կլինեմ, որ կգամ այս սահմանը պահելու համար, այս կողմերը, որովհետև այստեղ եմ ծառայել, տարածքին ծանոթ եմ, և հետո իմ ավագ ընկերներն այստեղ են, կգամ իրենց օգնելու»: 

Դիրքապահ մեկ այլ զինվոր, որ մոտ 50 օրից ավարտելու է ծառայությունը, հաստատում է կրստեր սերժանտ Ղևոնդյանի խոսքերը.

«Լավ բաներ եմ տանելու իմ ծառայությունից, ես իմ մեջ առաջադիմություն տեսնում եմ: Իսկ դիրք պահող զինվորի ոգին ավելի բարձր է, քան սահմանապահ զորամասում չծառայողի»:

Ադրբեջանի կողմից մարտական գործողությունների նախապատրաստման նախանշաններ չկան

ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Ցականյանը, ով այս պաշտոնին է 2021 թվականի օգոստոսի 5-ից՝ փոխարինելով գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին, հենակետում լրագրողների հետ ճեպազրույցում ներկայացրեց հյուսիսարևելյան սահմանագոտու հատվածում տիրող իրավիճակը՝ Տավուշի հատվածի ուղղությամբ շրջանառվող խոսակցությունների ֆոնին:

 «Մենք գտնվում ենք հյուսիսարևելյան սահմանագոտու հայ-ադրբեջանական շփման գծում: Ավելի կոնկրետ՝ ենթակա զորամասերից մեկի առաջնագծում, ձախթևային մարտական դիրքերից մեկում, որի հարևանությամբ գտնվում է ևս մեկ մարտական դիրք: Կրկնում եմ՝ աջ և ձախ կողմերում կան գործող մարտական դիրքեր: Նշված ուղղությամբ հակառակորդի մարտական դիրքերը տեղակայված են տարբեր հեռավորությունների վրա՝ սկսած 480 մետրից մինչև 1200-1700 մետր: Վերջին ժամանակներում ստեղծված իրադրության պայմաններում օպերատիվ-մարտավարական իրադրությունը գնահատվում է հարաբերական կայուն։ Հակառակորդի կողմից, որպես այդպիսին, հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, հակառակորդը հիմնականում զբաղված է առօրյա մարտական հերթապահությամբ։ Հակառակորդի սահմանամերձ բնակավայրերում բնակվող բնակչությունը զբաղվում է առօրյա կյանքով։ Տեղանքի և տարածքի օպերատիվ նշանակության աշխատանքներ չեն իրականացվում, և ներկա դրությամբ մարտական գործողությունների նախապատրաստման նախանշաններ չեն արձանագրվել»,- վստահեցրեց զորամիավորման ղեկավարը:

Նրա խոսքով, 3-րդ բանակային կորպուսը՝ իր ենթակա զորամասերով, նույնպես զբաղված է առօրյա գործունեությամբ․ իրականացվում են՝ ինչպես օրակարգով նախատեսված միջոցառումներ, այնպես էլ՝ առօրյա մարտական հերթապահություն՝ ընդգրկելով համապատասխան ուժեր և միջոցներ։

«Մարտական հերթապահությունը գտնվում է ամենօրյա վերահսկողության տակ, պատրաստությունն ընթանում է սահմանված հաստիքային ռեժիմով և, հաշվի առնելով առկա մարտահրավերները, առօրյա ռեժիմում իրականացնում ենք և՛ անհատական պատրաստություն, և՛ ստորաբաժանումների ներդաշնակում, նաև անցկացնում ենք համապատասխան զորավարժություններ, պարապմունքներ՝ ուղղված մարտունակության պահպանմանը»,- նշեց գնդապետ Ցականյանը՝ վստահեցնելով, որ ընդհանուր առմամբ անձնակազմի, հրամանատարակազմի բարոյահոգեբանական վիճակը կայուն է, պատրաստ են իրականացնելու առկա միջոցներով իրենց առջև դրված մարտական և առօրյա բոլոր խնդիրները։

«Մեր բոլորի գլխավոր նպատակը մեզ վստահված պատասխանատվության գոտում մեր պետության, ժողովրդի պաշտպանությունը և ռազմական անվտանգությունն ապահովելն է»,- շեշտեց Ցականյանը։

3-րդ բանակային կորպուսի հրամանատարն այս համատեքստում խոսեց նաև ատեստավորման գործընթացից՝ նշելով, որ տրամադրությունը ենթակա զորքերում բարձր է, և, որպեսզի այս համատեքստում չլինի յուրովի ընկալում ատեստավորման նկատմամբ, հրամանատարության կողմից իրականացվում են համապատասխան աշխատանքներ, անցկացվում են համապատասխան ստուգումներ ստուգարքային պարապմունքների տեսքով՝ անձնակազմին պատշաճ կերպով ներկայացնելու առաջիկա ատեստավորմանը:

«Պատրաստված զինծառայողը և արհեստավարժ հրամանատարն այսօր Հայաստանի համար առաջնահերթ դեր ու նշանակություն ունեն»,- ամփոփեց 3-րդ բանակային կորպուսի հրամանատարը:

Ի դեպ, միայն անվտանգության խնդիրներից ելնելով՝ չկոնկրետացրեցինք դիրքը:

Մյուս կողմից, ցանկանում ենք այս համատեքստում հիշեցնել 2019 թվականի օգոստոսին «Արմենպրեսում» տպագրված մի հոդված, որում, մասնավորապես, նշված էր.

«Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը, որը 2018թ.-ի դեկտեմբերից ստանձնել է հայ-ադրբեջանական սահմանի Ղազախի և Աղսթաֆայի հատվածի (շրջանները սահմանակից են Տավուշի մարզին) պահպանությունը, սահմանի տվյալ հատվածներում ակտիվորեն նախաձեռնել էր ինժեներական և ամրաշինական աշխատանքներ: Միևնույն ժամանակ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը փորձել է միջդիրքային տարածքում առաջանալ և նոր բնագիծ զբաղեցնել Պապաքարի բարձունքի շրջանում:

Տվյալ խնդրի իրականացման դեպքում հայկական մի շարք բնակավայրեր, Վրաստանից Հայաստան մտնող գազատար խողավակաշարը և Հայաստան-Վրաստան ավտոմայրուղու որոշ հատվածներ կհայտնվեին ադրբեջանական կողմի խոցման տիրույթում: Սակայն հայկական կողմի գործողությունների արդյունքում հակառակորդը ոչ միայն չի կարողացել իրականացնել իր առջև դրված խնդիրը, այլև սահմանի որոշ հատվածներում կորցրել է անգամ տիրապետող դիրքերը: ՀՀ զինված ուժերը, մասնավորապես, բարելավել են իրենց դիրքերը՝ արձանագրելով որոշակի առաջխաղացում և ամրապնդվելով Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով:

Սահմանային գոտու արբանյակային լուսանկարների վերլուծությունը փաստում է, որ հայկական ուժերի լիարժեք վերահսկողության տակ են գտնվում մեր երկրի համար կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող` Վրաստանից Հայաստան մտնող գազատար խողավակաշարը և Հայաստան-Վրաստան ավտոմայրուղին, ինչպես նաև ադրբեջանական մի քանի գյուղական բնակավայրեր տանող ճանապարհները։ Դիրքային նման առաջխաղացման շնորհիվ սահմանամերձ մի շարք հայկական բնակավայրերի անվտանգությանը սպառնացող ռիսկերը նվազել են, այնուամենայնիվ, հաշվի առնելով տեղի լանդշաֆտի առանձնահատկությունները` բացարձակ անվտանգության մասին խոսել հնարավոր չէ»:

Իսկ սահմանամերձ մի շարք հայկական բնակավայրերի անվտանգությանը սպառնացող ռիսկերը նվազել էին այն ժամանակ, երբ ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսը ղեկավարում էր գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը (2016 թվականի հուլիսի 7-ից մինչև 2021 թվականի հուլիսի 7-ը): Նրա օրոք դիրքային լրջագույն բարելավումներ էին եղել նաև Չինարիի հատվածում:

Լրագրողական խմբի այցն ամփոփվեց Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում պաշտպանության նախարարության գործունեությունը լուսաբանելու համար հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ ՊՆ մամուլի քարտուղարի հետ հանդիպում-քննարկումով:

Իսկ ես մեկօրյա իմ «ծառայությունից» ինձ հետ Երևան բերեցի հյուսիսարևելյան
հատվածում տեղակայված զորամասի վարդերի բույրը, թարմացված հիշողություններս, թարմ զրույցներս և ուժ ու հավատք. հայ զինվորն ու հայ սպան պատրաստ է պաշտպանել իրեն վստահված դիրքը, սահմանը, տարածքը և հայրենիքը:

Տեսանյութեր

Լրահոս