Կոմիտասին դիպչել սխալ մոտեցմամբ՝ նշանակում է հայ ինքնության հանդեպ ոտնձգություն գործել. Լիլիթ Մարտիրոսյան
Հանրային հեռուստաընկերության «Կերպարից դուրս» հաղորդման ընթացքում ռեփեր Սարգիս Բալասանյանը, որ հանրությանը հայտնի է Սուպեր Սաքո բեմական անունով, Կոմիտասի մասին իր ոչ գրագետ, խեղաթյուրված մեկնաբանություններով էլ հայտնի դարձավ ու արժանացավ պրոֆեսիոնալ երաժիշտների սուր քննադատությանը: Իրեն երաժիշտ համարող Սուպեր Սաքոն, դատելով հրապարակված նրա կենսագրական տվյալներից՝ չունի երաժշտական բարձրագույն կրթություն, բայց իրեն իրավունք է վերապահել Կոմիտասի մասին ասել, թե իբր նա «հայկական երաժշտությունը մատուցել է Եվրոպային, եվրոպացիք չեն հասկացել քառորդ նոտաները, այսինքն, էդ ծռած նոտաները, այդ մուղամը, ու իրենց տհաճ է թվացել: Իսկ ինքը հայ երգը տարածելու համար հետ է եկել, ասելով, թե՝ չսիրեցին, բռնեք ջնջեք: Բոլոր քառորդ նոտաները ջնջել են»:
Հայ կոմպոզիտոր, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասի մասին բամբասանքի մակարդակով արտահայտությունների և հաղորդման ընթացքում հնչած այլ ձևակերպումների շուրջ 168.am-ը զրուցել է Երաժշտագետ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնի դասախոս Լիլիթ Մարտիրոսյանի հետ:
– Տիկին Մարտիրոսյան, հյուրը խոսում է քառորդ նոտաների մասին, որ իբր Եվրոպայում չեն հասկացել: Ի՞նչ նկատի ունի Սուպեր Սաքո բեմական անունով երիտասարդը, ի՞նչն է խեղաթյուրել:
– Եթերում սխալների մի ամբողջ փունջ է հնչել: Ինչ-որ մեկը մի օր «արջի ծառայություն» է մատուցել այս երիտասարդին, պատմել է սուտ պատմություն, և նա էլ, ենթադրենք, հավատացել է ու այսօր նույն բանը վերապատմում է: Չգիտենք, թե ով է ասել: Երիտասարդը խոսքի սկզբում բարձր արժեքներից է խոսում և ակնհայտորեն վատ մարդ չէ, և դիտավորյալ վնաս չի ցանկացել հասցնել: Ուզում եմ հասկանալ՝ ինչպե՞ս է Հանրային հեռուստաընկերությունն առանց ճշտելու այդ «տեղեկությունը»՝ եթեր տվել, ինչո՞ւ խմբագրակազմում չկա երաժշտագետ, որ նայեր դա, ու հասկանային՝ ո՞րն է եթեր տալու:
Խոսքը երաժշտատեսական այնպիսի հասկացության մասին է, որը տարածված է «լադ» անվանումով: Մեզ մոտ այն ձայնակարգ տերմինով է, և այս ձայնակարգերն ունեն որոշակի լարվածքներ: Դաշնամուրի հնչյունաշարը հավասարաչափ տեմպերացված է: Այսինքն, յուրաքանչյուր նախորդ և հաջորդ հնչյունի միջև ուղիղ կես տոն տարածություն կա՝ ըստ բարձրության: Շատ ժողովուրդներ կան, որ այդ կես տոնի արանքում էլի ունեն քառորդ տոներ, երրորդ տոներ և այլն: Կոմիտասն այս խնդրի մասին խոսել է: Մի առիթով, երբ խոսում է քառորդ, 1/3 տոների վերաբերյալ, ասում է, որ մեզ մոտ այդպիսի բան չկա: Ինքը չի ասում՝ այ մենք երգեցինք, եվրոպացին չընդունեց: Նման բան որևէ տեղ գրված չէ: Ով նման բան է ասել՝ պարզապես ստել է: Սուտ է նաև այն, թե եվրոպացին երբևէ Կոմիտասի մատուցմամբ չի ընդունել: Անգամ այն պարագայում, երբ Կոմիտասին ինչ-որ վերապահումներով էին վերաբերվում իր հայրենակիցները, եվրոպացին երբեք նման վերաբերմունք չի դրսևորել: Դեռևս ուսանողական տարիներից սկսած՝ Կոմիտասի մեջ տեսել, ճանաչել են մեծ տաղանդը, ամենայն ուշադրությամբ հետևել են իր ամեն ասածին, ավելին, համաշխարհային երաժշտական ընկերությունը գլխավորող առաջատար երաժշտագետներ խնդրում էին իրեն, որպեսզի այս կամ այն թեմայով դասախոսություն կարդա կամ այսինչ ելույթը տպագրի: Երբևէ չի եղել, որ Կոմիտասը մի բան երգեր, ցույց տար, և Եվրոպան չընդուներ: Դրա մասին փաստերն անթիվ են, ու այստեղ որևէ տեսակի շահարկում հակառակն ապացուցել չի կարող:
Բանավոր ավանդույթով սուտ ու փուտ լուրեր տարածելու ժամանակաշրջանը, թերևս, միջնադարից ի վեր արդեն գոյություն չունի: Այնքան շատ է փաստական նյութը, որ հանգիստ կարելի է վերցնել և ինչ-որ մի բան ստուգել, հաստատել կամ հերքել:
– Երբվանի՞ց է Կոմիտասին հուզել այլոց կարծիքը:
– Կոմիտասը սկզբունքային մարդ էր, և նրան երբեք չի հետաքրքրել այլոց սուբյեկտիվ կարծիքը, եթե խնդիրը մասնագիտականի մասին էր: Կոմիտասը մարդ էր, ով նման զրպարտությունների, ավելորդ խոսք ու զրույցի արդյունքում կարող էր ունենալ որոշակի հուզական դրսևորումներ, ապրումներ, ու այսօր ես ու իմ կոլեգաներն ունենք որոշակի ապրումներ՝ այս իրավիճակի հետ կապված, որովհետև մենք չէինք կարող ակնկալել նման մասշտաբի զեղծարարություն՝ Հանրային հեռուստաընկերությամբ:
Կոմիտասի համերգները եղել են լեփ-լեցուն դահլիճներում, ու հանդիսատես «հավաքելու» խնդիր չի ունեցել:
Նա չի եղել այն հասարակական գործիչը, ում մասշտաբներ են հետաքրքրել, նա լուռ էր աշխատում: Վերին աստիճանի համեստ, խոնարհ կերպար է եղել:
Ունեցել ենք այլ գործիչներ, ովքեր «աղմուկով» են աշխատել, և այո, նրանց այդ մասշտաբները պետք էին: Կոմիտասը նրանցից չէր:
– Գաղտնիք չէ, որ Կոմիտասն անձամբ դեմ է եղել հայկական մաքուր երաժշտությունը աղավաղելուն, անգամ նշել է, որ Կ. Պոլսի տիրացուները ամիրաներին դուր գալու և նրանց զվարճացնելու համար սկսել են եկեղեցական եղանակները շարգիների, թյուրքիների և մանիների ազդեցության տակ կլկլացնել, զարդարել. այսպիսով շարականների, մանավանդ տոնականների վրա պատվաստվել է օտար ոճը և պղտորել նրանց հարազատությունը։
– Այո, սա այն ժամանակահատվածն էր, երբ երաժշտագետ Համբարձում Լիմոնջյանը հնարեց նոտագրության համակարգ, որպեսզի այդ ժամանակ հնչող գործերը՝ հոգևոր երգերը, շարականները, տաղերը, գրառվեին և հետագայում չաղավաղվեին: Դա մի պահ էր հայկական երաժշտության մեջ, երբ խազերով կարդացողներ արդեն չունեինք և ճշգրիտ մեղեդիների փոխանցողներ քիչ էին մնացել: Պարզ է, Կ.Պոլսում միջավայրի ազդեցությունը կար, և այն աղետ էր բերում:
Ինչ վերաբերում է, այսպես կոչված, մուղամին, ապա մենք ունեցել ենք մուղամ և հիմա էլ ունենք, բայց դա այն չէ, որի մասին առանց իմանալու խոսում են, օրինակ, փոփ ժանրի ռաբիս երաժիշտները, հանրության որոշ հատված:
Մուղամը հայ երաժշտության մեջ՝ ի տարբերություն արաբական, պարսկական մուղամի, զուտ գործիքային արվեստ է, այստեղ վոկալ բաղադրիչ չի եղել: Մուղամը այս տարածաշրջանի ժողովուրդների համար համաարևելյան մշակույթ է՝ իր տարատեսակ դրսևորումներով: Մեր պարագայում վոկալ բաղադրիչը հայ կատարողները՝ աշուղները, սազանդարները, բացառել են, որովհետև երգեցողական մաներան անպայման պետք է ներառվեր, իսկ այդ մաներան խորթ էր մեզ, բխում էր խոսքից: Երաժշտության դեպքում կարելի էր միջամտություններ անել, բայց խոսքային բաղադրիչի հետ անգամ մի քանի դար առաջ մարդիկ հասկացել են, որ շատ բան անել հնարավոր չէ և, հետևաբար, չարժե, ու բացառել են: Այն մուղամը, որ հիմա լսում ենք՝ մերը չէ, մերը գործիքային արվեստ է և այն աստիճանի հայկական, որ եթե լսեք, չեք հավատա, որ դա մուղամ է: Մենք երբեք մուղամի մեջ վոկալ բաղադրիչ չենք ունեցել:
– Ինչպե՞ս մեր երգարվեստից արմատախիլ անել ռաբիսը, մուղամը:
– Նախ պետք է կրթել: Մարդիկ չիմանալով՝ ինչ է մուղամը, դատողություններ են անում և հասարակությանը գցում մոլորության մեջ: Չծուլանային՝ նստեին կարդային, իմանային: Շատերը մեծամիտ են ու ամենագիտության սինդրոմով են տառապում: Երբ կրթվեն՝ բոլոր խնդիրներն աստիճանաբար կհարթվեն: Այն, ինչ կատարվում է ռաբիս երաժշտության մեջ, դա մեր հոգեկետվածքի ուղիղ հակառակն է: Դա թրքաշունչ երաժշտություն է: Խնդիրը քառորդ նոտաները, ժանրը չէ, խնդիրը կատարման մաներան է: Որ ասում ենք՝ Կոմիտասը մաքրեց երաժտությունը, այդ ինչի՞ց մաքրեց՝ նման բաներից: Մաքրեց, որպեսզի հնչի մաքուր հայկականը: «Երաժշտությունը ամենէն մաքուր հայելին է ցեղին»,- ասում էր Կոմիտասը: Նա այդ հայելին մաքրեց ու որպես պատկեր տվեց մեզ: Այսօր կարող ենք նայել այդ հայելուն ու մեզ տեսնել, ու երբ տեսնում ենք մեր դեմքին ինչ-որ բծեր՝ հասկանում ենք, որ սա մերը չէ ու մի բան այն չէ, մաքրել է պետք: Կոմիտասը հայ ինքնության կարևոր բաղադրիչներից մեկն է: Երաժշտական բաղադրիչը, որը հոգին է ցույց տալիս, Կոմիտասի ստորագրությամբ է: Կոմիտասին դիպչել սխալ մոտեցմամբ՝ նշանակում է հայ ինքնության հանդեպ ոտնձգություն գործել: