«Ստորագրենք, նոր հետ գնանք, բայց, որ տարընթերցում չլինի». որքանով է Փաշինյանի հետքաշման առաջարկն ընկալելի եղել Բրյուսելում

Մայիսի 14-ին ԵՄ կենտրոնակայանում Փաշինյանի ու Ալիևի հետ եռակողմ բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդես էր եկել հայտարարությամբ:

Նշվում էր, որ ղեկավարները վերահաստատել են իրենց աներկբա հավատարմությունը 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին և Հայաստանի 29.800 քառակուսի կիլոմետր և Ադրբեջանի՝ 86,600 քառակուսի կիլոմետր համապատասխան տարածքային ամբողջականությանը, և, որ սահմանի վերջնական սահմանազատումը կհամաձայնեցվի բանակցությունների միջոցով:

Ի դեպ, ուշագրավ էր, որ հայտարարության տեսանյութում Շառլ Միշելն Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ նշել էր 89.600 քառակուսի կիլոմետր թիվը, իսկ պաշտոնական հաղորդագրության մեջ արդեն գրանցվել էր 86.600 թիվը, ինչը, ըստ էության, առանցքային հանգամանք է նման կարևորագույն բանակցությունների արդյունքները ներկայացնելիս։

Այս հայտարարությունը փորձագիտական և քաղաքագիտական շրջանակները, քաղաքական գործիչները մեկնաբանեցին հետևյալ կերպ՝ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Արցախից, և վերադարձնելու է Ադրբեջանի պահանջած հայկական 8 գյուղերը, այդ թվում՝ Տավուշի «անկլավները»:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ հայտարարել՝ ի տարբերություն ՀԱՊԿ-ի, ԵՄ-ն ճանաչել է ՀՀ սահմանները:

2022 թվականի նոյեմբերի 11-ին նա պատասխանելով Հանրային հեռուստաընկերության հարցին՝ շեշտել էր.

«Եթե սահմանի գոյություն չֆիքսվեր, ո՛չ ԵՄ, ո՛չ էլ որևէ այլ դիտորդական առաքելություն չէր կարող գալ, որովհետև գար՝ ի՞նչը տեսներ, եթե պարզ չէ, թե որտեղ է սահմանը»:

2022 թվականի հոկտեմբերի 29-ին էլ ՔՊ համագումարում Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ եվրոպական կամ միջազգային դիտորդներին ինքն է հրավիրել և նշել պատճառները՝ պարզ և բարդ:

«Բարդ պատճառն այն է, որովհետև ի հեճուկս օրենսդրության, պայմանավորվածության և պայմանագրերի, ՀԱՊԿ-ի արձագանքն ադրբեջանական օկուպացիային համարել եմ ոչ պատշաճ: Երկրորդ՝ արդեն երկար ժամանակ, չթաքցնեմ դա, Ադրբեջանն արևմտյան երկրներին, ԵՄ-ին ներկայացնում է, որ ՀՀ կառավարությունը և անձամբ վարչապետ Փաշինյանն ավելի ու ավելի շատ ռուսական զորքեր է բերում Հայաստան՝ դրանով սպառնալիք ստեղծելով Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը, անվտանգությանը: Եվ եվրոպացի մեր գործընկերներն ասում են՝ դուք ոնց որ ժողովրդավարական երկիր եք, ոնց որ խաղաղության օրակարգ եք որդեգրել, ինչի՞ եք ռուսական նորանոր զորքեր բերում և սպառնալիք ստեղծում Ադրբեջանի անվտանգության համար: Եվ ես ասացի՝ եթե մեր փաստարկները ձեզ համար ընդունելի կամ համոզիչ չեն, դուք դիտորդական առաքելություն ձևավորեք և եկեք, տեսեք՝ տեղում ինչ է կատարվում»,- մանրամասնել էր Փաշինյանը:

Ի վերջո, 2023 թվականի հունվարի 23-ին հայտնի դարձավ, որ Եվրոպական խորհուրդը համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին՝ Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակներում:

Նպատակը՝ նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահության ձևավորել և ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայր, ինչին աջակցում է ԵՄ-ն:

«Հայաստանում ԵՄ առաքելության ստեղծումը Հարավային Կովկասում ԵՄ ներգրավվածության նոր փուլ է սկսում։ ԵՄ-ն կշարունակի աջակցել ապաէսկալացիայի ջանքերին և հանձնառու է սերտորեն համագործակցել երկու կողմերի հետ՝ տարածաշրջանում կայուն խաղաղության վերջնական նպատակին հասնելու համար»,– ասել էր ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

Այս ամենը հաստատում է այն ենթադրությունը, որ Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու գաղափարը միտված էր լեգիտիմացնել կամ փաստաթղթային տեսք հաղորդել ՀՀ-ի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության երկկողմանի ճանաչմանը՝ խաղաղության պայմանագրի տրամաբանության մեջ:

Այսինքն, նախապայմանը և շարժառիթը սա է եղել, իսկ Ադրբեջանի հրապարակային դժգոհությունը ԵՄ-ն կոմպենսացրել է՝ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ԵՄ դիտորդական խմբի տեղաշարժերի մասին մանրամասն զեկուցագրեր Բաքվին ներկայացնելով:

Մամուլում հրապարակումներ եղան, որ ՀայաստանումԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը հաստատել է։ Մասնավորապես, շվեդական Blankspot պարբերականի հետ զրույցում Մարկուս Ռիտերը նշել էր.

«Բաքվին տեղեկացնում ենք մեր ծրագրերի մասին մեկ շաբաթ առաջ։ Սա արվում է, որպեսզի նրանք իմանան, թե որտեղ ենք և ինչ ենք անում: Դա նաև թյուրիմացություններն ու միջադեպերը կանխելու համար է»:

ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը հավելել էր, որ այդ ինֆորմացիան Ադրբեջանին են փոխանցում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի միջոցով։

Իսկ այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ըստ էության, հաստատել է Ադրբեջան-Բրյուսել այս առումով գործարքը՝ ասելով, որ ԵՄ դիտորդները հաշվետվությունները ոչ Հայաստանին են ներկայացնում, ոչ էլ Ադրբեջանին, այլ փոխանցում են Բրյուսել:

Ի դեպ, Վիկտորինը, անդրադառնալով Սոթքի դեպքերին, ևս մեկ ուշագրավ հայտարարություն է արել, որով էլ հաստատել է ՀՀ-ում ԵՄ դիտորդների իրական նպատակը:

«Ինչ վերաբերում է վերջերս տեղի ունեցած դաժանություններին, խոսքը Սոթքի մասին է, նրանք այնտեղ ներկա չեն եղել, բայց սահմանին բավականին զգալի երկայնքով ներկա են, կա նաև վերակարգ շաբաթական կտրվածքով իրականացվող: Այսինքն, նրանք ցանկություն չունեն հայտնվել այնտեղ, որտեղ ինչ-որ բան տեղի է ունենում։ Նրանք իրականացնում են սահմանի մշտադիտարկում և արձանագրում են այն, ինչ տեսնում են, բայց դա չի նշանակում, որ ավտոմատաբար կարող են հայտնվել մի կետում, որտեղ մի բան տեղի է ունենում»,- ասել է Անդրեա Վիկտորինը՝ հավելելով, որ հայկական կողմն է պատասխանատու դիտորդների անվտանգության համար։

«Կարող է լինել իրավիճակ, երբ դիտորդները հրաժարվեն կոնկրետ կետ գնալ, բայց գնացել են, կոնկրետ գնահատական տվել և դա ուղարկել Բրյուսել»,- շեշտել է ԵՄ դեսպանը:

Ի դեպ, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի ասուլիսից ժամեր անց Հայաստանում ԵՄ պատվիրակությունը պարզաբանում տարածեց պատվիրակության ղեկավարի հայտարարությունների առնչությամբ, մասնավորապես՝ «Զեկույցները չեն տրամադրվում Ադրբեջանին և չեն տրամադրվում Հայաստանին։ Սակայն, քանի որ առաքելությանն ուղղորդում են ՀՀ ՊՆ սպաներ, հայկական կողմը լավատեղյակ է, թե ինչ են նրանք [դիտորդները] տեսնում։ Բնական է, որ, նրանք չեն կարող լինել ամենուր։ Ուստի, նրանք կարող են միայն դիտորդություն իրականացնել և այնուհետև զեկուցել Բրյուսել: Սակայն նրանք չեն կարող զեկուցել այն, ինչ չեն տեսել։ Ինչը բավականին տրամաբանական գործոն է։ Նրանք ներկա չեն եղել «հողի վրա» վերջին ներխուժման և բախումների ժամանակ… երբ ներխուժումը տեղի ունեցավ։ Սահմանը բավականին երկար է, և գոյություն ունի պարեկության գրաֆիկ։ Միաժամանակ, նպատակն այն չէ, որ նրանք պետք է ներկա լինեն, երբ տեղի են ունենում պատահարներ։ Նրանք դիտորդություն են իրականացնում սահմանի երկայնքով և տեսնում են այն, ինչ տեղի է ունենում սահմանի շուրջ, բայց դա չի նշանակում, նրանք հենց այն վայրում են, որտեղ տվյալ պահին ինչ-որ բան է տեղի ունենում»։

Իհարկե, բովանդակային առումով էական և խնդրահարույց տարբերություն չկար ուղիղ հեռարձակված հայտարարության և հետո տարածված պարզաբանման միջև:

Ասուլիսում Անդրեա Վիկտորինն առաջ է քաշել սահմանազատմամբ զորքերը հանելու հարցը:

«Մեկ-երկու կետ կա, որտեղ ՀՀ զորքերն են սահմանային տարածքներում, շատ հստակ սահմանազատում պետք է լինի, դա է եղել ձևակերպումը Բրյուսելում հստակ օգտագործված, ես պարզապես կրկնում եմ»,- ՀՀ-ի վերաբերյալ ընդգծել է դեսպանը:

Մնում է հրապարակավ հնչեցված հայտարարությունների և տեղեկությունների հիման վրա ենթադրել, որ զորքերի այս հետքաշումը կարող է վերաբերել Տավուշին, Երասխին, նաև Սյունիքի որոշ հատվածների:

168.am-ը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում «Ազատության»-ը տված հարցազրույցում ըստ էության ասել էր, որ պատրաստ է վարելահողերի դիմաց Ադրբեջանին հանձնել Տավուշի գյուղերը.

«Ես Ձեզ ուղիղ ասեմ՝ Մյունխենի հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը բարձրացրեց այդ հարցը, ես ասացի, որ մենք էլ ունենք օկուպացված գյուղեր, գյուղը մենակ գյուղապետարանի շենքը չի, կամ, ենթադրենք, Բերքաբեր գյուղը, Վազաշեն, Այգեհովիտ, Պառավաքար: Բերքաբեր և Պառավաքար գյուղերի վարելահողերի ճնշող մեծամասնությունն օկուպացիայի տակ է, պատրա՞ստ է Ադրբեջանը վերադարձնել: Եթե պատրաստ է, այո՛, մենք պատրաստ ենք: Բայց այստեղ ուրիշ հարց կա. մենք ասում ենք՝ պիտի սահմանի հարց դրվի և դիտարկվի, իրենք ասում են՝ սահման չկա, դելիմիտացված սահման չկա:

Մենք ասում ենք՝ եթե դելիմիտացված սահման չկա, դուք ո՞նց եք որոշում՝ մատը որ դնում եք քարտեզի վրա, դա Ադրբեջանի տարածք է: Հիմա Ադրբեջանի զորքը, ասենք, կանգնած է Պառավաքարում իքս կետի վրա, մի ուրիշ տեղ էլ Հայաստանի զորքն է կանգնած: Մենք ասում ենք՝ պատրաստ ենք ամբողջ սահմանագիծն ընդունել 1975 թվականի քարտեզներով, բայց մեր դիրքորոշումն այն է, որ պետք է իրավական հիմքերը նայենք: Հիմա ենթադրենք՝ Ադրբեջանի կամ Հայաստանի զորքը կանգնած է այս գծի վրա, և պետք է այդ գծից հետ քաշվի, էդ սկզբունքորեն համաձայն ենք, բայց պիտի հետ քաշվի, գնա որտե՞ղ կանգնի, էդ կանգնելու տեղը, էդ գիծը ո՞նց է որոշվում:

Նշանակում է՝ այդտեղ կա սահման, եթե կա սահման, ուրեմն եկեք վերցնենք էդ սահմանը, և ադրբեջանական զորք սահմանի գծից էս կողմ պետք է չլինի, հայկական զորք սահմանի գծից էն կողմ չպետք է լինի:

Շատ հնարավոր է՝ ոչ թե դա տեղի ունենա, նոր ստորագրվի խաղաղության պայմանագիր, այլ պայմանագիրը ստորագրվի այն մասին, թե դա ֆիզիկապես ինչպես և ինչ ժամկետներում պետք է տեղի ունենա:

Մենք պատրաստ ենք՝ ոչ թե իրենք հետ գնան, նոր ստորագրենք, այլ՝ ստորագրենք, նոր հետ գնան, մենք էլ, իրենք էլ, բայց դա պետք է գրվի և ստորագրվի այնպես, որ տարընթերցման տեղիք չտա»:

Թեև հարկ է նշել, որ երեկ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը տարընկալման տեղիք տվեց, և միայն մասնագետների համար էր հասկանալի թե Ադրբեջանի 86.600 քկմ և Հայաստանի Հանրապետության 29800 քկմ-ի մեջ կոնկրետ ինչ տարածքներ են մտնում և որոնք են դուրս մնում:

Մասնագետների կարծիքով, եթե ԽՍՀՄ քարտեզը «հասնի» Տավուշի մարզ, մարտական դիրքեր ենք կորցնելու:

Օրինակ, հուլիսյան դեպքերից հայտնի «Անվախ» դիրքը կարող է դառնալ չեզոք գոտի, Շամշադինից, Նոյեմբերյանից դիրքեր կարող ենք կորցնել:

Տավուշում ԽՍՀՄ քարտեզի կիրառման դեպքում Ոսկեպարի ճանապարհից, հնարավոր է՝ մենք այլևս չկարողանանք օգտվել, և Ադրբեջանն ամբողջ ճանապարհը վերցնի, քանի որ, ըստ ԽՍՀՄ քարտեզի՝ իրենց տարածքով է անցնում:

Այսինքն, այս դեպքում մենք կկորցնենք Ոսկեպարի ճանապարհը, Ազատամուտի (Իջևան-Բերդ), Կիրանցի և Ոսկեպարի հատվածները (Իջևան-Նոյեմբերյան):

Եվ սա՝ այն դեպքում, երբ 2019-ին Փաշինյանի իշխանությունը ոգևորված գրառումներ էր անում, թե՝ «Չինարիի հատվածում հակառակորդը կորցրել է երբեմնի բացարձակ դիրքային առավելությունը»:

Իշխանական մամուլը ևս խմբագրականներ էր գրում այս մասին:

«Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը, որը 2018թ.-ի դեկտեմբերից ստանձնել է հայ-ադրբեջանական սահմանի Ղազախի և Աղսթաֆայի հատվածի (շրջանները սահմանակից են Տավուշի մարզին) պահպանությունը, սահմանի տվյալ հատվածներում ակտիվորեն նախաձեռնել էր ինժեներական և ամրաշինական աշխատանքներ: Միևնույն ժամանակ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը փորձել է միջդիրքային տարածքում առաջանալ և նոր բնագիծ զբաղեցնել Պապաքարի բարձունքի շրջանում:

Տվյալ խնդրի իրականացման դեպքում հայկական մի շարք բնակավայրեր, Վրաստանից Հայաստան մտնող գազատար խողավակաշարը և Հայաստան-Վրաստան ավտոմայրուղու որոշ հատվածներ կհայտնվեին ադրբեջանական կողմի խոցման տիրույթում: Սակայն հայկական կողմի գործողությունների արդյունքում հակառակորդը ոչ միայն չի կարողացել իրականացնել իր առջև դրված խնդիրը, այլև սահմանի որոշ հատվածներում կորցրել է անգամ տիրապետող դիրքերը: ՀՀ զինված ուժերը, մասնավորապես, բարելավել են իրենց դիրքերը՝ արձանագրելով որոշակի առաջխաղացում և ամրապնդվելով Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով:

Սահմանային գոտու արբանյակային լուսանկարների վերլուծությունը փաստում է, որ հայկական ուժերի լիարժեք վերահսկողության տակ են գտնվում մեր երկրի համար կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող` Վրաստանից Հայաստան մտնող գազատար խողավակաշարը և Հայաստան-Վրաստան ավտոմայրուղին, ինչպես նաև ադրբեջանական մի քանի գյուղական բնակավայրեր տանող ճանապարհները։ Դիրքային նման առաջխաղացման շնորհիվ սահմանամերձ մի շարք հայկական բնակավայրերի անվտանգությանը սպառնացող ռիսկերը նվազել են, այնուամենայնիվ, հաշվի առնելով տեղի լանդշաֆտի առանձնահատկությունները` բացարձակ անվտանգության մասին խոսել հնարավոր չէ»,– մասնավորապես, գրել էր «Արմենպրեսը»:

Ինչ վերաբերում է Երասխին, ապա 2022 թվականի մարտի 24-ին Նիկոլ Փաշինյանն արդեն բաց տեքստով և հստակ հայտարարել էր, որ Երասխից ադրբեջանական զորքի հետքաշման վերաբերյալ առաջարկ է արել, սպասում է Ադրբեջանի արձագանքին:

«Բացի ամբողջական ետքաշումից, մենք հանդես ենք եկել նաև տեղային ետքաշումների առաջարկներով և այստեղ էլ սպասում ենք Ադրբեջանի արձագանքին: Մասնավորապես, Երասխի հատվածում առաջարկել ենք, որ իրենք մի քանի դիրք ետ քաշեն մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք ետ քաշենք իրենց տարածքից, այսպիսով երկուստեք կլուծենք վերջին մեկուկես տարվա ամենաթեժ կետերից մեկի հարցը: Ինչպես ասացի, սպասում ենք Ադրբեջանի արձագանքին»,- ասել էր նա:

Այն ժամանակ մենք ռեպլիկի կարգով նկատել էինք, որ դիրքերի գոյությունը և դասավորությունը Երասխի և մոտակա տեղանքում համարժեք փոխզիջման առարկա կարող են լինել միայն ոչ դիրքային տարածքներ:

Այդ ժամանակ «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանն էլ 168.am-ի հետ զրույցում նշել էր մինչ այդ պահը հայտնի չի եղել, որ Երասխի ուղղությամբ ադրբեջանական կողմը մեր տարածքում դիրքեր ունի:

«Նիկոլ Փաշինյանը Երասխի հատվածում խոսում է հետքաշումից՝ չհստակեցնելով, թե որքան պետք է հետ քաշվեն, մինչև որտեղ, որ հատվածում պետք է տեղակայվեն հայկական դիրքերը: Մենք գիտենք, որ այդ հատվածով անցնում է ռազմավարական կարևոր՝ Երասխ-Սիսիան-Գորիս ճանապարհահատվածը, ինչը ՀՀ-ի համար Սյունիքի հետ կապող միակ երակն է այս պահին: Եվ եթե մենք այնպիսի հետքաշում ունենանք, որի արդյունքում ադրբեջանական կողմը լիարժեք վերահսկողություն ունենա ճանապարհի զգալի հատվածի նկատմամբ, ապա դրա հետևանքները հետագայում կարող են աղետալի լինել»,- շեշտել էր ռազմական փորձագետը:

Այս համատեքստում հավելենք, որ ըստ մամուլի հրապարակումների, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ասել է նաև, որ կողմերի դիրքորոշումները շատ մոտ են նաև Նախիջևանով երկաթուղային կապի վերաբացման հարցի շուրջ:

Այսինքն, հրապարակված տեղեկությունների հիման վրա կարելի է եզրակացնել, որ Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած զորքի հետքաշման առաջարկներն ընդունե՞լ է Ալիևը, եթե այո, ապա ինչ է շահելու մեր երկիրը միջազգային հարթակներում ներկայացնող Նիկոլ Փաշինյանի այդ առաջարկներից:

Համենայն դեպս, մասնագետների համար կանխատեսելի է, թե ինչ է շահելու Ադրբեջանը:

168.am-ի հետ զրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշել է, որ առաջարկվող հայելային հետքաշումն Ադրբեջանին հնարավորություն է տալու ոչ միայն լեգիտիմացնել իր կողմից օկուպացված ՀՀ տարածքները, այլև նոր հնարավորություն է բացվելու նոր բնակավայրերի, տարածքների նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար:

Տեսանյութեր

Լրահոս