Հունական «Sky» հեռուստաընկերություն՝ Էրդողանը սրբեց-տարավ
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում թուրքական «CNN Türk»-ի թղթակից Յորգո Կիրբակին ներկայացրել է Թուրքիայում ընթացող ընտրությունների վերաբերյալ Հունաստանում տիրող տրամադրությունները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ Կիրբակիի՝ չնայած նրան, որ դեռևս վերջնական տվյալները չեն հրապարակվել և արդյունքները չեն ամփոփվել, Աթենքում Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ, երկրի նախագահ, «Ժողովուրդ» դաշինքի միասնական թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանին համարում են նախագահական ընտրությունների հաղթող:
Թուրք լրագրողի փոխանցմամբ՝ Հունական «Kathimerini» օրաթերթը գրել է. «Էրդողանն ի չիք արեց սոցհարցումներն, իսկ Քըլըչդարօղլուն չարդարացրեց իր սպասումները: Երկորդ փուլում Գորդիան հանգույցըը Սինան Օղանին ձայն տվողներն են կտրելու: Գրեթե անհավանական է, որ Էրդողանիի օգտին քվեարկած անձինք երկրորդ փուլում այլ ընտրություն կատարեն»:
Իսկ «Sky» հեռուստաընկերությունը տվել է հետևյալ գնահատականը. «Քվեարկության ավարտը մի կողմից ուղեկցվում էր խանդավառ ամբոխի առաջ Էրդողանի երգերով, իսկ մյուս կողմից՝ տեսախցիկների առաջ «Ազգ» դաշինքի ղեկավարների հազարավոր խոսքերով…սրանք ամեն ինչ բացատրում են: Էրդողանը սրբեց-տարավ»:
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Թուրքիայի Հանրապետությունում կայացած 13-րդ նախագահական և 28-րդ գումարման Ազգային մեծ ժողովի (մեջլիս) ընտրությունների քվեների հաշվարկման գործընթացը շարունակվում է։