«Շարունակում ենք քննարկումները բոլոր որոշում կայացնողների հետ». Էթերի Մուսայելյան
Երեկ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտարարեց, որ արդեն 11 օր է՝ Արցախից Հայաստան բուժառու չի տեղափոխվել։
Ադրբեջանի իշխանությունները, Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու անօրինական գործողությունից հետո, արգելում են Կարմիր խաչի մեքենաների տեղաշարժը և հիվանդների տեղափոխումը միջանցքով։ Ահազանգել է Արցախի ՄԻՊ-ը։
«Անցակետ տեղադրելուց հետո Ադրբեջանն ամեն հնարավոր ձևով խափանում է Կարմիր խաչի գործունեությունն Արցախում։ Արդեն 11 օր է՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի կարողանում առողջական ծայրահեղ վիճակում գտնվող հիվանդներին տեղափոխել Հայաստանի բուժհաստատություններ»,- թվիթերյան իր էջում գրել է Ստեփանյանը։
168.am-ի հետ զրույցում ԿԽՄԿ Արցախի գրասենյակի հաղորդակցության բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանն ասաց, որ քննարկումներն ընթանում են բոլոր որոշումներ կայացնողների հետ։
«Հույս ունենք, որ կկարողանանք շարունակել մեր չեզոք մարդասիրական գործունեությունը մոտ ապագայում»,- նշեց Էթերի Մուսայելյանը։
Հարցին՝ հնարավո՞ր է՝ Կարմիր խաչի մեքենաների վարորդներն ադրբեջանական անցակետում ներկայացնեն իրենց անձնագրերը, թե՞ բացառվում է, քանի որ հակասում է միջազգային մարդասիրական իրավունքին, Էթերի Մուսայելյանը պատասխանեց.
«Հարցին մեկնաբանություն չեմ կարող տալ, միակ բանը, որ հանրության համար մենք կարող ենք ասել, այն է, որ մենք շարունակում ենք մեր քննարկումները բոլոր որոշում կայացնողների հետ»։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից էլ փոխանցեցին, որ պարբերաբար շտապ բուժման կարիք ունեցող բուժառուների առողջական վիճակի վերաբերյալ տրվում է պաշտոնական տեղեկատվություն։
Այս ընթացքում ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով Արցախից ՀՀ մասնագիտացված բուժհաստատություններ է տեղախոխվել 2 ծանր հիվանդ, իսկ 30 հիվանդ սպասում է շտապ տեղափոխման: Հիվանդների տեղափոխում չի իրականացվում։
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը զավթելով Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, տեղադրեց մաքսակետ՝ հսկողություն սահմանելով ճանապարհով երթևեկողների նկատմամբ։ Բերձորի ճանապարհը նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից փակած ադրբեջանական կեղծ «բնապահպանները» մաքսակետերի տեղադրումից հետո հայտարարեցին, որ ժամանակավոր բացում են ճանապարհը, քանի որ իրենց պահանջների մի մասը կատարվել է:
Այսինքն, կարելի է կարծել, որ նրանց պահանջների կատարված մասը վերաբերում էր մաքսակետ տեղադրելուն: Այդուհանդերձ, ակտիվիստների դուրս գալուց հետո այդ ճանապարհը փակեցին և՛ ադրբեջանական ոստիկանության, և՛ ուժային այլ կառույցների ներկայացուցիչները։ Այս ամենի արդյունքում վեց գյուղ՝ Լիսագորը, Մեծ Շենը, Հին Շենը և Եղցահող համայնքը՝ իր գյուղերով, գտնվում են տոտալ շրջափակման մեջ. չեն կարողանում հասնել՝ ինչպես Հայաստան, այնպես էլ՝ Արցախ։