«Միջադեպի վերաբերյալ հարցերը քննարկվում են որոշում կայացնողների հետ, այլ մանրամասներ չեմ կարող ներկայացնել». ԿԽՄԿ Արցախի գրասենյակի հաղորդակցության բաժնի պատասխանատու
Քիչ առաջ Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր՝ ադրբեջանական կողմն Արցախի քաղաքացու է առևանգել։
«Երբ Ադրբեջանին իբրև թե կոչ է արվում հարգել գոնե Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությանը, այսօր ԿԽՄԿ միջոցով բուժման նպատակով Հայաստանի Հանրապետության բուժհաստատություններ տեղափոխվող հիվանդներից Ադրբեջանի կողմից արգելանքի է վերցվել ԱՀ 68-ամյա մի քաղաքացի և անցակետից տեղափոխվել այլ վայր։ Այս պահին ԿԽՄԿ ներկայացուցիչը գտնվում է մեր քաղաքացու մոտ, սակայն բանակցությունները դեռևս որևէ արդյունք չեն տվել, սպասում ենք նոր տեղեկությունների»։
Այնուհետև Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը տեղեկացրել էր, որ «Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից և տեղափոխվել անհայտ ուղղությամբ։
Հարազատներից, ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներից կամ ռուսական խաղաղապահներից որևէ մեկը առևանգված բուժառուի մոտ չէ։ Այս պահին ճակատագիրը անհայտ է։
Դեպքի վերաբերյալ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողմից շարունակվում է փաստերի հավաքագրումը»:
168.am-ը ԿԽՄԿ Արցախի գրասենյակի հաղորդակցության բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանից հետաքրքրվեց՝ Կարմիր խաչից որևէ ներկայացուցիչ կա՞ առևանգված հայ քաղաքացու հետ, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում նրան վերադարձնելու համար։
Մեր հարցերին Էթերի Մուսայելյանը հակիրճ պատասխան տվեց.
«Կարող եմ ասել, որ միջադեպի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բոլոր որոշում կայացնողների հետ։ Իհարկե, Կարմիր խաչը ձեռքերը ծալած չի նստում, բայց այլ մանրամասներ այս պահին հանրությանը չենք կարող ներկայացնել»։