«Կարմիր խաչն առաջարկ չի ստացել, որպեսզի իր միջոցով վերադարձնեն երիտասարդներին». ԿԽՄԿ Արցախի գրասենյակի հաղորդակցության բաժնի պատասխանատու
Օգոստոսի 28-ին Հակարիի կամրջի վրա տեղադրված ադրբեջանական ապօրինի անցակետից ադրբեջանական կողմն առևանգել էր Արցախի Հանրապետության 3 երիտասարդների, նրանք ուսանողներ էին և Արցախից Հայաստան էին գալիս իրենց ուսումը շարունակելու համար։
Սա նմանատիպ առաջին դեպքը չէ՝ այս միջադեպից առաջ էլ ադրբեջանական կողմն առևանգել էր Վագիֆ Խաչատրյանին և Ռաշիդ Բեգլարյանին՝ կրկին նույն մեթոդներով՝ ուժի սպառնալիքով։
Երեք երտասարդների առևանգումից հետո ադրբեջանական կողմը հայտարարեց, որ նրանց առևանգել է «ադրբեջանական դրոշն անարգելու համար», իսկ ադրբեջանական դատախազությունն էլ հայտարարեց, որ 10 օր անց Հայաստանին կվերադարձնի երիտասարդներին։
168.am-ը ԿԽՄԿ Արցախի գրասենյակի հաղորդակցության բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանից հետաքրքրվեց՝ այսօր լրանում է տղաների առևանգման 10-րդ օրը, արդյո՞ք ադրբեջանական կողմը դիմել է Կարմիր խաչին, որպեսզի նրա միջոցով վերադարձնի երիտասարդներին։
«Կարող եմ ասել, որ մենք օգոստոսի 30-ին և 31-ին այցելել ենք երեք երիտասարդներին, նրանք հնարավորություն են ունեցել կապ հաստատել իրենց ընտանիքի անդամների հետ։ Դրանից ավելի տեղեկատվություն այս պահին չեմ կարող տալ, որովհետև Կարմիր խաչը նման հարցերի հետ առնչություն չունի։
Ըստ մանդատի, մենք իրավունք ունենք այցելելու, երբ մարդիկ գտնվում են անազատության մեջ։ Սակայն նրանց ազատ արձակելու հարցում մենք որևէ մանդատ չունենք։
Կարմիր խաչն առաջարկ չի ստացել, որպեսզի իր միջոցով վերադարձնեն երիտասարդներին։ Սա պարտադիր պայման չէ, որ դա կարող է անպայման Կարմիր խաչի միջոցով լինի։ Եթե մեզ դիմում են, ապա մենք պատրաստակամ ենք, սակայն չեն դիմել»,- նշեց Էթերի Մամուլյանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանն արդեն 270-րդ օրն է՝ փակ է պահում Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ցամաքային ճանապարհը՝ Բերձորի միջանցքը՝ սովի մատնելով արցախահայությանը, նրանց համար ստեղծելով նաև բազմաթիվ անվտանգային խնդիրներ։