«Արցախում հումանիտար վիճակում որևէ բան չի փոխվել». ԿԽՄԿ Արցախի գրասենյակի հաղորդակցության բաժնի պատասխանատու
ԿԽՄԿ Արցախի գրասենյակի հաղորդակցության բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանի խոսքով՝ Արցախում առկա իրավիճակում փոփոխություն չկա, օրերս Կարմիր խաչը պաշտոնապես տեղեկացրել էր, դրան ավելացնելու որևէ նոր բան չկա։
«Ինչ տարածել ենք մեր պաշտոնական հաղորդագրությամբ, դրանից ավելին այս պահին չեմ կարող ասել, ԿԽՄԿ-ն մանրամասն այնտեղ հումանիտար իրավիճակը նկարագրել է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Էթերի Մուսայելյանը՝ անդրադառնալով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին։
Մեր զրուցակցի խոսքով՝ չի կարող կոնկրետ տվյալներ նշել, թե օրական քանի ընտանիք է դիմում Կարմիր խաչին՝ հումանիտար աջակցություն ստանալու ակնկալիքով, սակայն մշտապես կապի մեջ են ընտանիքների հետ։
«Սա մեր աշխատանքի բնույթն է։ Չեմ կարող վիճակագրությունը ներկայացնել, թե քանի ընտանիք է մեզ դիմում, սա այն աշխատանքն է, որը մենք փորձում ենք ընտանիքների հետ քննարկել։
Կրկնում եմ՝ Արցախում հումանիտար վիճակում որևէ բան չի փոխվել, որևէ նոր բան չեմ կարող ասել»,- եզրափակեց Էթերի Մուսայելյանը։
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետությունը գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ. այսօր 229-րդ օրն է։ Իսկ հուլիսի 15-ից որևէ հումանիտար բեռ Արցախ չի մտել, Ադրբեջանը թույլ չի տալիս։ Այս ամենի արդյունքում Արցախում արդեն մանկահասակ երեխաներ են մահացել։