«Մեր հույսը Սարսանգն է, սա խոշոր ՀԷԿ-ն է, որով կարողանում ենք ժողովրդին ապահովել լույսով». «Արցախ» ՀԷԿ-ի գլխավոր ինժեներ

Մայիսի 6-ին Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն Ադրբեջանի կողմից իրականացվող էներգետիկ, տնտեսական, հումանիտար և բնապահպանական ահաբեկչության մասին՝ Սարսանգի ջրամբարի առնչությամբ, հայտարարություն էր տարածել:

«Արցախի Հանրապետության 146օր շարունակվող շրջափակման պայմաններում՝ հունվարի 9-ից ի վեր, արդեն 117 օր է, Ադրբեջանը խափանում է միակ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծով Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարումը՝ իրականացնելով էներգետիկ, տնտեսական, հումանիտար և բնապահպանական ահաբեկչություն՝ հավելյալ դժվարություններ ու տառապանքներ պատճառելով Արցախի ժողովրդին:

Կանգնած լինելով Սարսանգի ջրային պաշարների ու Արցախի էներգաարտադրության ներքին հնարավորությունների սպառման և հումանիտար աղետի մոտալուտ վտանգի առջև՝ ևս մեկ անգամ կոչ ենք անում ողջ միջազգային հանրությանը, համապատասխան միջազգային կառույցներին, երկրների կառավարություններին և Արցախի ժողովրդի իրավունքներով ու անվտանգությամբ իսկապես մտահոգ բոլոր անձանց, չանտեսել էներգետիկ, հումանիտար, բնապահպանական և տնտեսական այս աղետալի իրավիճակը և անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ստիպելու Ադրբեջանին հրաժարվել նման միջնադարյան, ահաբեկչական ու դաժան պահվածքից թե՛ մարդկանց, և թե՛ շրջակա միջավայրի նկատմամբ»,- նշված է հայտարարության մեջ:

Պետնախարարը հրապարակել էր նաև Սարսանգի ջրամբարի արբանյակային լուսանկարները՝ 2023 թ. հունվարի 1-ի և ապրիլի 28-ի դրությամբ՝ ծովի մակարդակից համապատասխանաբար 705.8 և 671.5 մետր բարձրությամբ մակերևույթով:

Կարդացեք նաև

Ի՞նչ քայլեր է անհրաժեշտ իրականացնել Սարսանգի ջրամաբարի խնդիրը լուծելու համար։

168.am հետ զրույցում «Արցախ» ՀԷԿ ՓԲԸ գլխավոր ինժեներ Արմեն Գասպարյանը պատասխանելով հարցին՝ ասաց, որ «Արցախ» ՀԷԿ-ի գլխավոր տնօրենն արդեն ասել է, որ հասել են նվազագույն մակարդակին։

«Մեր պաշարներն արդեն հասել են մոտավորապես 88 միլիոն խորանարդի, փառք Աստծո, այս երկու օրը անձրև եկավ, ինչից հետո ջրի ինչ-որ աճ է նկատվում, բայց դե շատ չնչին, չգիտենք, թե ինչպես կլինի, որովհետև գետերում ջուր չկա, ոչ էլ տեղումներ կան։ Մեր հույսը Սարսանգն է, սա խոշոր ՀԷԿ-ն է, որով կարողանում ենք ժողովրդին ապահովել լույսով։ Փառք Աստծո, փոքր ՀԷԿ-երի հզորությունն էլ է հիմա նկատվում, կարելիէասել, որ երկու օր է՝ դրանք աշխատում են իրենց նոմինալ հզորությամբ, մինչ այդ աշխատում էին 25 տոկոսով։ Պատկերացրեք, որ այս 2-3 օրվա ընթացքում տեղումներով է պայմանավորված, թե ձնհալով, գետի հոսք է նկատվել։ Մի փոքր ՀԷԿ ունենք Թարթառի վրա կառուցված, 4 փոքր ՀԷԿ էլ ունենք Թրղի գետի վրա։ 36 ՀԷԿ-երից մնացել են սրանք»,-նշեց Արմեն Գասպարյանը։
Ըստ նրա, թեպետ վերջին 2-3 օրերի ընթացքում է անձրև եկել, բայց ջրհոսքը սպասում էին դեռ ապրիլի 10-ին, սակայն չկար, այս պահին նոր-նոր սկսում է նկատվել։

«Չգիտենք՝ ինչպես կլինի տարին, չենք կարող կանխատեսումներ անել, եթե անցած տարի Թարթառ գետը ջուր է բերել մոտավորապես 378 մլն խորանարդ, սպասում ենք, որ այս տարի էլ կբերի։ Սակայն մենք աշխատում ենք առանց Հայաստանի համակարգի, այսինքն՝ մենք մեր արտադրության հույսին ենք, ամեն ինչից կախված ենք՝ ջրից, եղանակից և այլն»,-հավելեց «Արցախ» ՀԷԿ-ի գլխավոր ինժեները։

Հարցին՝ 44-օրյա պատերազմից առաջ Արցախն էլեկտրաէներգիայի ոլորտում այնքան ինքնաբավ էր, որ Հայաստանին էր օգնում, այսօր նույնպիսի վնասներ չի՞ կրում նաև Հայաստանը, Արսեն Գասպարյանը պատասխանեց, որ Հայաստանի էներգետիկ համակարգին այդքան էլ ծանոթ չէ, բայց Հայաստանն ունի ատոմակայան, ջերմակայաններ, կան խոշոր հիդրոկայանների կասկադներ, փոքր ՀԷԿ-եր և այլն։

«Այսինքն՝ Հայաստանն ինքնաբավ է, բայց մենք առանց Հայաստանի համակարգի դժվարանում ենք, մեզ համար խոշոր ու կայուն է ՀՀ համակարգը։ Իսկ մենք ջերմային կայաններ, գազ չունենք և կախված ենք ջրի պաշարներից, կունենա՞նք ջրի պաշարներ, կունենանք՝ էլեկտրաէներգիա, հակառակ դեպքում չենք ունենա»,-եզրափակեց Արմեն Գասպարյանը։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել էր Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու ազատ տեղաշարժվելու իրավունքները։ Այս ամենի արդյունքում 120 հազար արցախահայեր կանգնել են բազմաթիվ խնդիրների, այդ թվում՝ էներգետիկ խնդրի առջև։

Տեսանյութեր

Լրահոս