Հայաստան-Ադրբեջան միասնական անվտանգային համակարգ եք ստեղծում, որ ի՞նչ անեք. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Երեկվանից Վաշինգտոնում մեկնարկել են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի գլխավորած պատվիրակությունների միջև բանակցությունները, որոնց ընթացքում, ըստ «Ամերիկայի ձայնի» հրապարակման, քննարկվել են «Հարաբերությունների կարգավորման համաձայնություն» փաստաթղթին առնչվող հարցերը։
Ըստ հրապարակման՝ Պետքարտուղարությունից հայտնել են, որ քննարկվող փաստաթուղթը շատ համապարփակ է, որի շրջանակում քննարկվում են բազմաթիվ հարցեր, ներառյալ՝ էթնիկ փոքրամասնությունների իրավունքներն ու անվտանգությունը:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը հատուկ ուշադրություն հրավիրեց «էթնիկ փոքրամասնություններ» ձևակերպման վրա, որի վերաբերյալ նյութը մի քանի անգամ այն հրապարակած լրատվամիջոցը տեղադրել և հեռացրել է։
«Լրատվամիջոցում արտահոսքը եղել է՝ հղում անելով ԱՄՆ երկու պաշտոնյայի խոսքին, հետևաբար, դա նշանակում է, որ Արցախի բնակչությունը դիտարկվել է որպես էթնիկ փոքրամասնություն, ոչ թե բնիկ ժողովուրդ։
Հասկանալի է, որ Բայրամովի հետ քննարկվել է այդ հարցը, և Ադրբեջանը բարձրաձայնել է ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելու խնդիրը, դրա համար է խոսվում փոքրամասնության մասին։
Սա Հայաստանի համար շատ լուրջ մարտահրավեր է։ Այդ ձևակերպումը ոչ միայն Արցախից հրաժարվելու մասին է, այլև՝ Հայաստանում ադրբեջանցիներին բնակեցնելու։ Անկախ նրանից, որ «Ամերիկայի ձայնը» հեռացրել է իր նյութը, միևնույն է՝ Պետքարտուղարությունից հերքում չի եղել»,- ասաց քաղաքագետը։
Հրանտ Մելիք-Շահնազարյանի մեկնաբանությամբ՝ Ադրբեջանը Հայաստանի հետ չի բանակցում խաղաղության մասին, իսկ Հայաստանի իշխանությունը, որը մեկ շաբաթ է հատկացնելու Ադրբեջանի հետ, այսպես ասած, բանակցություններին, իրականում ոչ թե բանակցում է, այլ կատարում թուրք-ադրբեջանական պահանջները։
«Ադրբեջանի պահանջների փաթեթավորման գործընթաց է հիմա ընթանում։ Ինչ վերաբերում է մեկ այլ շեշտադրման՝ Ադրբեջան-Հայաստան միասնական անվտանգային համակարգի ստեղծմանը, ապա, կարծում եմ, դա Արևմուտքի թելադրածն է։ Որևէ մանրամասնություն չկա պաշտոնական հաղորդագրության մեջ։ Պետք է ուշադրություն հրավիրել այս հանգամանքի վրա և փորձել հասկանալ, թե այդ ի՞նչ միասնական համակարգ են ձևավորում, թե տարածաշրջանում այդ ի՞նչ պետք է լինի, որ Հայաստանը և Ադրբեջանը միասնական անվտանգային համակարգի մաս դառնան, ստեղծում են, որ ի՞նչ անեն»,- ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։