«Ադրբեջանցիները կեղծ բնապահպանների ակցիայիով խորամանկ քայլի գնացին, և վերջում բերեցին, հասցրին այս կետին». Վահան Բաբայան

«Այն տեսլականը կամ կարծիքը, որ ունենք և բարձրաձայնել ենք, ցավոք, այսօր տեղ չի գտնում հասարակության լայն շրջանակների մոտ: Եթե աջակցեին մեր տեսակետներին, ապա չեմ կարծում, որ այս խնդիրները նման ձև կմնային: Ամեն օր հաշվելով, թե քանի՞ օր է փակ լինելու Լաչինի միջանցքը, եկանք հասանք այն իրավիճակին, որ արդեն այնտեղ անցագրային կետ դրվեց: Հիմա նորից շարունակում ենք հաշվել»,- ասուլիսի ժամանակ ասաց «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը:

Նա նշեց, որ պարզ է դառնում, որ Հայաստանը ձեռքերը լվացել է Արցախից:

«Կառավարության նիստում Փաշինյանն ասաց, որ կոչ է անում, որ Բաքուն ու Ստեփանակերտը նստեն, բանակցեն: Այսինքն, խնդիրը Բաքվի և Ստեփանակերտի մեջ դնելով՝ պարզ է, չէ՞, որ Բաքուն Ստեփանակերտի հետ որպես հավասար կողմի չի պատրաստվում նստել: Պատմությունը ցույց է տալիս, որ նստում են բանակցության այն ուժերի հետ, որոնք իրենցից բան են ներկայացնում: Այսօր Արայիկ Հարությունյանի գլխավորած կառույցը որևէ բան իրենից չի ներկայացնում: Այնտեղ կա ռուս խաղաղապահների զորախումբ, որն աշխարհագրորեն փաստացի պատասխանատու է այդ տարածքի և տարածաշրջանի համար:

Այսինքն, բանակցելու հարց լինի՝ բանակցում են ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարների հետ: Ստեփանակերտի հետ բանակցել Ալիևը կցանկանար այն դեպքում, երբ այդ միավորն իրենից բան ներկայացներ: Ցավոք, այնտեղ կան մարդիկ, ովքեր պատանդի կարգավիճակում են. փակվել է ճանապարհը, հումանիտար աղետ է: Եթե չլինի ռուսական խաղաղապահ զորախումբը, այնտեղ որևէ գրամ սնունդ կամ դեղորայք չի մտնելու: Ցավոք, մենք անկարող ենք այդ հարցերը լուծել:

Կարդացեք նաև

Այդքանն էլ հերիք չէ՝ նստած հաշվում ենք, թե՝ անցավ այսքան օր, որ փակ է միջանցքը: Այսպես հաշվելով էլ գնալու ենք»,- նշեց Վահան Բաբայանը՝ ընդգծելով, որ չի կարծում՝ այսքանով ամեն ինչ ավարտվում է, քանի որ, ըստ նրա, կա մի կետ, որից հետո շրջադարձային ինչ-որ մի բան տեղի է ունենալու, և կկարողանա հայ ժողովրդի այն հատվածը, որը միշտ իր վրա կրել է մեր ժողովրդի ապագան, պատմություն կերտելու հնարավորություն, իր միջից կունենա խիզախություն՝ ձևավորել այնպիսի մթնոլորտ, որ Արցախը կարողանա շարունակել պայքարն իր ինքնորոշման և ազատ ապրելու հնարավորությունով:

«Պատերազմական էսկալյացիայի վտանգը միշտ կա: Տեսաք, թե կեղծ բնապահպանների ակցիայով ինչքան խորամանկ քայլի գնացին, և վերջում բերեցին, հասցրին այս կետին: Ի վերջո, եթե ուզում ենք ունենալ կայուն և խաղաղ պետություն, պետք է կարողանանք ուժեղանալ, մոբիլիզացնել մեր բոլոր ուժերը՝ տնտեսություն, անվտանգություն և այլն: Իսկ դա կարող ենք միայն այն դեպքում, երբ չլինի այս իշխանությունը: 2020թ. աղետալի պատերազմից հետո որևէ բան չկարողացան անել՝ իրավիճակը փրկելու, ընդհակառակը, տեսնում ենք, որ ենթարկվեցինք ագրեսիայի. դելիմիտացիայի, դեմարկացիայի սողացող տարբերակով Ադրբեջանը շարունակում է սահման գծել իրենց ցանկությամբ: Ոնց ուզում, որտեղ ուզում՝ գնում-կանգնում են»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս