«ԼՂ-ն հայության կառափնարանի վերածելու Ադրբեջանի ջանքերը պետք է կասեցվի, սրա միակ ճանապարհը միջազգային լայն մանդատ կրող ներկայացուցիչների ներկայությունն է ԼՂ-ում». Փաշինյան

«Ադրբեջանը շարունակաբար սրում է իրադրությունը տարածաշրջանում, այս անգամ ապօրինի կերպով հսկիչ-անցագրային կետ տեղադրելով Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքում»,- Կառավարության այսօրվա նիստում, նախքան օրակարգի հարցերը քննարկելը, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ եթե մինչև հիմա Լաչինի միջանցքը փակ էր կեղծ բնապահպանական ակցիայի պատրվակով, հիմա արդեն պաշտոնապես է փակել Ադրբեջանը:

«Սա ոչ միայն տարածաշրջանում լարվածությունը մեծացնելուն, այլև Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամը խորացնելուն ուղղված սադրիչ քայլ է: Միջազգային հանրությունն այս անգամ հստակ գնահատական է տվել ադրբեջանական հսկիչ-անցագրային կետի տեղադրմանը Լաչինի միջանցքում, բայց կարևոր է նաև արձանագրել այս և սրան նախորդած մի շարք գործողությունների իրական և խորքային նպատակը: Այդ նպատակը Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտումներ և ցեղասպանություն իրականացնելն է, և հենց սա պետք է լինի մեր բոլորիս՝ միջազգային հանրության ուշադրության առարկան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Լաչինի միջանցքում հսկիչ-անցագրային կետ տեղադրելը ցուցիչ է, թե, որքանով է Ադրբեջանն իրեն պարտավորված զգում կատարել իր միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները.

Կարդացեք նաև

«Լաչինի միջանցքում հսկիչ-անցագրային կետի տեղադրումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի կոպտագույն խախտում է: Առիթ ունեցել եմ ասելու, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից ի վեր Ադրբեջանը խախտել է եռակողմ հայտարարության ըստ էության բոլոր կետերը: Այս ամենի արձանագրումը, սակայն, պետք է բերի կոնկրետ եզրակացությունների»:

Փաշինյանը ներկայացրեց իրադրության ընդհանուր կարգավորման վերաբերյալ իր պատկերացումները.

«ՌԴ խաղաղապահ զորախումբը պետք է վերահսկողության տակ պահի Լաչինի միջանցքը և այսպիսով ապահովի միջանցքի բնականոն գործունեությունը: Այսինքն՝ բացի Ռուսաստանի Դաշնությունից, որևէ մեկը Լաչինի միջանցքում վերահսկողություն չպետք է իրականացնի, Ադրբեջանն էլ չպետք է խոչընդոտի միջանցքով ազատ երթևեկությունը: Սա ճշգրիտ այն է, ինչ նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ:

Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է դառնա Ստեփանակերտի և Բաքվի միջև բանակցությունների առարկա միջազգային ֆորմատի շրջանակներում»:

Փաշինյանն անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր «խաղաղության» պայմանագրի կնքմանը՝ նշելով, որ այն պետք է ունենա իրագործման երաշխիքների և վեճերի լուծման մեխանիզմների հասկանալի և գործուն համակարգ.

«Հստակ պետք է արձանագրված լինեն սահմանների դելիմիտացիայի պարամետրերը և որևէ էսկալացիա բացառելու հստակ մեխանիզմներ պետք է ներդրվեն:

Մեզնից և միջազգային հանրությունից պահանջվում է կոնկրետ և անկեղծ ջանքեր իրադրության հետագա լարում թույլ չտալու և համապարփակ կարգավորման հասնելու համար:
Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է այս ուղղությամբ բոլոր հնարավոր ջանքերի գործադրումը, բայց այդ ջանքերին զուգահեռ՝ ամեն օրվա հետ ավելի ու ավելի է անհրաժեշտ դառնում Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում ավելի լայն միջազգային ներկայությունը:

Ադրբեջանի ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղը վերածելու հայության նոր կառափնարանի, պետք է կասեցվի, և սրա միակ հուսալի ճանապարհը միջազգային լայն մանդատ կրող ներկայացուցիչների ներկայությունն է Լեռնային Ղարաբաղում: Որպես առաջին քայլ՝ անհրաժեշտ է Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք հրատապ առաքելության գործուղումը»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս