Բաժիններ՝

Վարձակալության հանձնվող բնակարանների մոտ 95 տոկոսը ստվերում է. անշարժ գույքի գործակալ 

Վարձով բնակարանների գները շարունակում են բարձր մնալ: Մեկ սենյականոց բնակարանների գինը ծայրամասերում, 18-30 քմ-ի դեպքում, սկսվում է 130.000 դրամից, իսկ Կենտրոնում՝ 150.000 դրամից: Երկու սենյականոց բնակարանների գինը՝ չվերանորոգվածի դեպքում, ծայրամասում սկսվում է 160.000 դրամից,  վերանորոգվածներինը՝ 180.000 դրամից: Կենտրոնում 2 սենյականոց բնակարանների գները 250.000-300.000 դրամից են սկսվում:

Անշարժ գույքի գործակալները պարզաբանում են՝ կյանքը  թանկացել է, այդ թվում՝ նաև բնակարանները, և եկամտաբեր է դարձել անշարժ գույքը վարձակալության հանձնելը: Ավելին, նրանց փոխանցմամբ,  երբ աշխարհի այս կամ այն կետում խառը իրադարձություններ են լինում, մարդիկ Հայաստանում ամեն դեպքում մեկ անշարժ գույք են ուզում ունենալ:

Սակայն, մինչ օրս վարձակալության հանձնվող բնակարանների մոտ 95 տոկոսը ստվերում է, ու  հարկային դաշտ բերելու համար մեխանիզմ է պետք մշակել:

«Օրենքը կա. եթե անշարժ գույքը վարձակալության ես հանձնում, ապա պարտավոր ես գրանցել, որպեսզի վարձակալության պայմանագիրը պետական գրանցում ստանա, կադաստրով վարձակալության վկայական ունենա, և հարկերը վճարեն, բայց ոչ մեկը չի անում:  Պետք է քննարկումներ կազմակերպեն, օրինակ, այդ շուկային մասնակից  անշարժ գույքի գործակալների հետ, ովքեր հիմնականում կազմակերպում են այդ գործարքները: Ինչ-որ լիազորություններ տան, փաստաթղթաշրջանառությունը մի քիչ թեթևացնեն: Օնլայն հնարավոր լինի գրանցել, որ միանգամից դա երևա ՊԵԿ-ում, Կադաստրի կոմիտեում: Ուղղակի դնել՝ հին օրենքը նորով փոխել, իրավիճակ չի փոխվում: Իրականում տարեկան կտրվածքով 50-60 միլիոն դոլարի հարկային պարտավորություն պետք է արվի, որը չի արվում, բյուջե չի գնում գումարը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց անշարժ գույքի գործակալ Անդրանիկ Հարությունովը:

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝  մեխանիզմ է անհրաժեշտ ինչ-որ ժամանակ, որ աշխատի սա:

«Բնակարան վարձով տվողի հոգեբանությունը պետք է ունենան, թե ո՞նց անի, որ այդ մարդը գա, ասի՝ ուզում եմ օրենքով անել: Ի՞նչ առավելություն կունենա այդ մարդը»,- նշեց անշարժ գույքի գործակալը:

Ինչ վերաբերում է բնակարանների գների նվազմանը, ապա, նրա խոսքով, երբ ռուսները եկան, այդ ժամանակ գները կտրուկ բարձրացան՝ մարդկանց աննախադեպ հոսքի պատճառով: Շուկայում նման բան չէր եղել:

«Եկան, հետո գնացին, բայց շուկան սովորեց այս գներին, հետո էլ կյանքը թանկացավ»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս