«Պետք է գնալ կտրուկ քայլերի՝ հիմնված մեր արժանապատվության վրա. Փարիզը, Վաշինգտոնը, Մոսկվան, նաև Երևանը պետք է հասկանան՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում». Դավիթ Բաբայան
Ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվություն տարածելով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում, որտեղ իրականացնում են հսկիչ անցակետեր տեղադրելու աշխատանքներ։
Ադրբեջանի այս գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության չորս՝ Լիսագոր, Եղցահող, Մեծ Շեն և Հին Շեն գյուղերը գտնվում են տոտալ շրջափակման մեջ, նրանք կապ չունեն ո՛չ Հայաստանի, ո՛չ Արցախի հետ։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը գնահատելով Ադրբեջանի այս սադրիչ գործողությունների հետևանքները, ասաց՝ ստեղծված իրավճակում Արցախն այսօր մոտ է նրան, որ հետդարձի ճանապարհ չի մնում, պահը բաց է թողնվել։
«Ի՞նչ պետք է անել. Ադրբեջանին զսպել, խոսել և այլն, անիմաստ է, Ադրբեջանն իրականացնում է իր քաղաքականությունը և, դժբախտաբար, իրականացնում է արդյունավետ ձևով, որովհետև ունեն ուժեղ պետություն։ Այդ երկրի քաղաքականությունն ու նպատակն այն է, որ ոչնչացնի Արցախը, և գնում է այդ ճանապարհով։
Մեր անելիքն այն է, որ նախևառաջ պետք է գնալ իսկապես կտրուկ, սկզբունքային քայլերի, որոնք պետք է հիմնված լինեն մեր արժանապատվության վրա։ Պետք է ազնիվ ձևով բոլորի հետ խոսենք, մենք տեսնում ենք, որ աշխարհը պապանձված է, թքած ունի, այնուամենայնիվ կարծում եմ՝ գուցե ֆորմալ ձևով նամակներ ուղարկվի տարբեր կառույցների, սակայն պիտի հասկանանք, որ մոտենում ենք խաչմերուկին, որ մեզ համար անընդունելի է ցանկացած վիճակում Ադրբեջանի կազմում լինելը, դա բոլորիս համար լինելու է ողբերգություն, դա լինելու է ազգային խայտառակություն, հայ ազգը դադարելու է գոյություն ունենալ»,- նշեց Դավիթ Բաբայանը։
Ըստ նրա, այժմ հասել են խաչմերուկին ոչ միայն աշխարհաքաղաքական տեսանկյունից, այլև հայկականության լինելիության, քանի որ ի վերջո պիտի հարց տան, թե ի՞նչ է հայ ազգը, ազգ գոյություն ունի՞, թե՞ չունի, ժողովո՞ւրդ է, թե՞ ամբոխ։
«Պետք է կտրուկ ու խիստ ձևով դրվի հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առջև, եթե Արցախի ճակատագիրը վատը լինի, պատասխանատվությունը կրելու են նաև բոլոր այդ երկրները, որոնք հանդիսանում են երաշխավոր։ Ռուսաստանը՝ որպես երաշխավոր Արցախի անվտանգության և Բերձորի միջանցքի, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան՝ որպես ժողովրդավարության բաստիոններ, Մինսկի խմբի անդամ երկրները։ Վերջապես բոլորը պիտի հասկանան, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում՝ Փարիզը, Վաշինգտոնը, Մոսկվան, նաև Երևանը, սա մեզ համար անընդունելի է։ Բոլորն էլ պետք է հասկանան, որ մենք վճռական ենք, չենք խաղում»,- շեշտեց Դավիթ Բաբայանը։
Հարցին՝ ո՞վ պետք է դիմի վճռական քայլերի, Արցախը շրջափակման մեջ է, Ադրբեջանը նույնիսկ Արցախի հետ հումանիտար հարցերի շուրջ չի գնում երկխոսության, Հայաստանը պե՞տք է դիմի վճռական քայլերի, Դավիթ Բաբայանը պատասխանեց.
«Արցախն ինքը պետք է այդ հարցը որոշի՝ ողջ հայության հետ միասին, դիմելու ենք նաև հայությանը, ի վերջո, պետք է ցույց տա՝ ազգը կա՞, թե՞ չկա։
Առաջին հերթին մենք պետք է դիմենք վճռական քայլի, կրկնում եմ՝ հայության հետ միասին։ Կրկնում եմ՝ ամեն ինչի պետք է պատրաստ լինենք, միայն մեկ բանի պիտի պատրաստ չլինենք՝ լինել Ադրբեջանի կազմում։
Մենք չպետք է որևէ մեկից նեղանանք, առաջին հերթին մեզ պետք է ուղղենք բոլոր հարցերը, տղամարդու նման պիտի մեր պայքարն առաջ տանենք։
Առանց Արցախ, տարածաշրջանում ուրիշ իրավիճակ է լինելու, մահացու վտանգներ են լինելու մի շարք երկրների համար, բայց դա իրենց գործն է։ Մենք մեր ժողովրդին չպետք է վտանգենք, և այն դարձնենք մորթի առարկա, եթե չեն ուզում իրենց իսկ շահերը պաշտպանել, մենք չենք պաշտպանելու որևէ մեկի շահերն այդ դեպքում»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Այսօր արդեն 134-րդ օրն է՝ ինչ Արցախը գտնվում է տոտալ շրջափակման մեջ։