Խաբել ենք ինքներս մեզ. Փաշինյանը՝ Արցախի ինքնորոշման իրավունքի մասին

Այսօր ԱԺ արտահերթ նիստում Նիկոլ Փաշինյանը ներկայացնելով 2022 թվականի Կառավարության կատարողականը, հայտարարեց, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները բավականին բարդ են, քանի որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն էյֆորիայի մեջ է և մտածում է վերցնել հնարավորինս շատ բան, իսկ եթե հնարավոր է՝ վերցնել ամեն ինչ։

«Ըստ էության, Ադրբեջանն ուղղակի կամ անուղղակի դառնում է կամ դարձել է էներգետիկ և լոգիստիկ խաչմերուկ: Նրա կարևորությունը թե՛ Ռուսաստանի, թե՛ արևմտյան որոշ երկրների համար մեծացել է։ Բայց այս իրավիճակը և՛ ռիսկեր ունի, և՛ հնարավորություններ։ Ռիսկերը տեսնում ենք գրեթե ամեն օր, իսկ հնարավորությունը, թերևս, այն է, որ Հարավային Կովկասն ինքնին խաչմերուկ է, և դրանում կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի դերը։ Այս համատեքստում տարածաշրջանի կայունությունը և խաղաղությունը կարող է դառնալ կոնսենսուս Արևմուտքի և Ռուսաստանի միջև, որովհետև եթե մեր տարածաշրջանը նորից պայթի, ապա առնվազն էներգետիկ առումով դա կարող է պրոբլեմ դառնալ թե Ռուսաստանի, թե Արևմուտքի համար։ Բայց, իհարկե, խաղաղությունը կախված է նաև մեզնից և մեր դիրքորոշումներից, և իմ անկեղծ մղումն է՝ անել ամեն հնարավորը՝ Ադրբեջանի հետ հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքելու համար»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Այնուհետև այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը հարց տվեց, թե արդյո՞ք հնարավոր է նման զարգացում, և ինքն էլ պատասխանեց հարցին՝ նշելով, որ հնարավոր է, բայց դրա համար անհրաժեշտ է առերեսվել մի շարք խնդիրների հետ, որոնք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համատեքստում ավելի մանրամասն պարզաբանման կարիք ունեն։

Ըստ նրա, Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրն իրատեսական կդառնա, եթե երկու երկրները հստակ, առանց երկիմաստության և որոգայթների միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչեն և պարտավորվեն միմյանց տարածքային պահանջներ չներկայացնել։

Կարդացեք նաև

«Իրականում Ադրբեջանի նախագահի հետ այս մասին պայմանավորվել ենք 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում և հոկտեմբերի 31-ին Սոչիում, ինչն արձանագրվել է համապատասխան հրապարակային հայտարարություններով։ Այդուհանդերձ, թե Երևանից, թե Բաքվից հնչում են հայտարարություններ, որոնցով դիմացի կողմը մեղադրվում է պայմանավորվածությունները չպահելու մեջ։ Հիմա ուզում եմ հայտարարել, որ Հայաստանը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և ակնկալում ենք, որ նույնը կանի Ադրբեջանը՝ Հայկական ԽՍՀ ամբողջ տարածքը ճանաչելով՝ որպես Հայաստանի Հանրապետություն»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ հայկական կողմն է առաջարկել, որպեսզի խաղաղության պայմանագրին կցվի Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ-ների՝ ԽՍՀՄ կողմից պատրաստված քարտեզները՝ որպես հաստատված քարտեզներ, և հենց այստեղ էլ նրա բնորոշմամբ՝ հասնում են ամենաբարդ խնդրին՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին։

«Կա մեկ նրբություն, որն ըստ էության վերջին 16 տարվա ընթացքում խիստ հրատապ է եղել, սակայն դրան այդպես էլ մենք երբեք անդրադարձ չենք կատարել։ Խնդիրն այն է, որ մենք միշտ անդրադարձել ենք Լեռնային Ղարաբաղի ապագային, բայց կարևոր էր և կարևոր է հակամարտության գոյության ողջ ընթացքում որևէ պահի Լեռնային Ղարաբաղի իրավիճակի հարցին նույնպես անդրադառնալ։ Իրականում վերջին հինգ տարվա ընթացքում, ես մի քանի անգամ եմ փորձել անել, բայց, ցավոք, ամեն անգամ թեման վերաճում է ընդդիմություն-իշխանություն բանավեճի, ինչը նույնպես նորմալ է։ Բայց իրականում կա գործնական խնդիր, հարցի պատասխանը օբյեկտիվորեն գտնելու անհրաժեշտություն, ես կփորձեմ դա անել։ Լեռնային Ղարաբաղի ողջ հակամարտության ընթացքում տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքը դրվել են կողք կողքի։ Սրանով իրականում արձանագրվել են իրողություններ, որոնք մենք չենք խոստովանել, բայց անկախ մեր խոստովանությունից՝ դրանք գոյություն ունեն։ Այս առումով ինքնորոշման իրավունք՝ նշանակում է, որ դու ինքնորոշման իրավունքի շահառուի պայմանականորեն ա) կարգավիճակը վերանայելու հարց ես դնում։ Դա տեսականորեն նշանակում է՝ ա) կարգավիճակը վերանայել՝ դարձնել կարգավիճակ, կամ վերանայել և չփոխել, կամ վերանայել ու դարձնել ա+1 կամ ա-1 կարգավիճակ։ Այսինքն՝ պայմանականորեն եմ ասում, որ լրացուցիչ քաղաքական կրքեր չբորբոքեմ, այլ կենտրոնանաք հարցի բովանդակության վրա։ Եթե ինքնորոշման հարց ես բարձրացնում, նշանակում է՝ ինչ-որ բանի մաս ես, եթե ինչ-որ բանի մաս չես, ուրեմն՝ արդեն կամ ինքնորոշվել ես, կամ ինքնորոշման կարիքը չունես։ Հիմա մենք ինքներս սեփական ձեռքերով ձեզ հայտնի ժամանակ, բանակցային, քաղաքական, աշխարհաքաղաքական այս իրողությունը ստեղծել ենք, ոչ միայն ստեղծել ենք, այլև ցեմենտել ենք, սակայն ասել ենք, որ Լեռնային Ղարաբաղի համար ցանկանում ենք բ) կարգավիճակ, բայց այդպես էլ երբեք հրապարակային չենք ընդունել ա) կարգավիճակը և սրանով խաբել ենք ինքներս մեզ։ Մինչև այս ակնհայտ փաստի և իրողության հետ չառերեսվենք, երբեք խաղաղություն չենք ունենա, երբեք»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս