Սպասվող ընտրություններին ՔՊ-ի հետ կոալիցիան անհնար է. «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Սամսոն Գրիգորյան

Երբեք չէի պատկերացնի, որ Արցախը կհայտնվի նման բախտորոշ վիճակում, իսկ Հայաստանն էլ կլինի այսպես թուլացած: Եթե մի քանի տարի առաջ երազում էինք Արցախը Հայաստանի կազմում տեսնելու մասին, ապա հիմա երազում ենք Արցախը հայկական պահելու և այնպես անելու մասին, որ Արցախը երկրորդ Նախիջևան չդառնա, և, որ Արցախում ապրեն հայեր։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Հայաստանում և Արցախում տիրող վիճակի ու հնարավոր վտանգները կանխելու համար առաջնահերթ անելիքների մասին, նման տեսակետ հայտնեց «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Սամսոն Գրիգորյանը։

Հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս պետք է բռնել այն մարդու ձեռքը, որը Արցախը դարձնում է երկրորդ Նախիջևան, Գրիգորյանը պատասխանեց.

«Քաղաքական ճնշման բոլոր գործիքներով պետք է առկախել այդ գործընթացը, մինչև տվյալ իշխանությունը հեռացվի, և գա արցախամետ և հայաստանամետ իշխանություն։ Այլ ելք չկա։ «Ապրելու երկիր» կուսակցությունն իշխանության գալու միակ ուղին համարում է սահմանադրական ճանապարհը՝ ընտրությունները. որևէ հեղաշրջման, հեղափոխության միտում չունենք»,- ասաց Գրիգորյանը։

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ «Ապրելու երկիր» կուսակցությունն իր մանիֆեստում Արցախի վերաբերյալ շեշտել է.

«Հայաստանը պետք է հանդիսանա Արցախի ինքնորոշման և արցախցու՝ իր հողում ապրելու իրավունքի ամբողջական իրացման երաշխավորը, որի համար հակամարտության բանակցային կարգավորումը պետք է շարունակվի որպես արտաքին քաղաքականության գլխավոր ուղղություն»։

Դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունն ուղղակիորեն հակադրվում է «Ապրելու երկիր» կուսակցության մանիֆեստային վերը նշված դրույթին, հետևապես, որպես կուսակցական, ի՞նչ է ինքն առաջարկում, Սամսոն Գրիգորյանն արձագանքեց.

«Հենց Արցախից պետք է կարողանանք անել այնպես, որ ժամանակը ձգենք, մինչև «Ապրելու երկիր» կուսակցությունն ունենա լծակներ, որ կարողանա իրականություն դարձնել այն, ինչը գրել է իր մանիֆեստում, ինչը մեզ համար կարմիր գիծ է։ Առաջնայինը տվյալ դեպքում դառնում է Արցախը, իհարկե, շատ կարևոր է նաև Հայաստանը»։

Հարցին՝ որոշումներ կայացնելու լծակներ ստանալու համար արդյո՞ք «Ապրելու երկիր» կուսակցությունը Երևան քաղաքի ավագանու առաջիկա ընտրություններին կդիտարկի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ կոալիցիա կազմելու հարցը, Գրիգորյանը պատասխանեց.

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ երբեք չենք գնա կոալիցիայի՝ անգամ իշխանությունը վերցնելու նպատակով»։

Հարցին՝ եթե «Ապրելու երկիր» կուսակցությունում կայացվի «Քաղաքացիական պայմանագրի» հետ կոալիցիա կազմելու մասին որոշում՝ հանուն իշխանության, այդժամ որտե՞ղ կլինի ինքը, Գրիգորյանը պատասխանեց.

«Եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է շարունակելու կառավարել Երևան քաղաքում, ապա ես այդ թիմում («Ապրելու երկիր» կուսակցություն.- Ա.Ս.) չեմ լինի միանշանակ։ Խոսելով կուսակցության համահիմնադիրներ Մանե Թանդիլյանի և Մեսրոպ Առաքելյանի հետ՝ այն համոզմունքն ունեմ, որ նման կոալիցիան անհնար է»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս