Մինչև Երևա՞ն, մինչև կառավարական դաչանե՞ր, ո՞րն է այն կետը, որտեղ Փաշինյանը պատրաստ է զորքը հետ քաշել. ադրբեջանագետ

«Կամ Փաշինյանը չի կարդացել այդ փաստաթուղթը, կամ ստում է»,-168.am-ի հետ զրույցում ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանն այսպես արձագանքեց ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այն հայտարարությանը, թե Մադրիդյան սկզբունքներով ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս:

Ադրբեջանագետը հիշեցրեց՝ Մադրիդյան սկզբունքներով Արցախը պետք է ստանար միջանկյալ կարգավիճակ, որից հետո հանրաքվեով հստակեցվելու էր վերջնական կարգավիճակի հարցը:

«Խորհուրդ կտամ՝ կա՛մ թող դնի-կարդա, կա՛մ թող մեկին խնդրի, որ իր համար կարդան, ու նա 5 տարում առաջին անգամ վերջնականապես ծանոթանա այդ փաստաթղթի հետ, և կա՛մ թարգի ստելը»,- Փաշինյանին ուղղելով խորհուրդը՝ ասաց Ադիբեկյանը:

Անդրադառնալով Տեղ գյուղում ադրբեջանական վերջին ագրեսիային՝ նա հիշեցրեց, թե երբ շրջանառում էին «Արցախը տանք՝ հանգիստ ապրենք» թեզը, գիտակից մարդիկ ահազանգում էին Սյունիքի հանդեպ ադրբեջանական նկրտումների մասին:

Կարդացեք նաև

«Այժմ Ադրբեջանն իրականացնում է Սյունիքի զավթման, անեքսիայի ծրագիրը, և դրանում ուրիշ մեղավոր, բացի Փաշինյանից ու նրա ղեկավարած իշխանությունից, չկա. «Հին, նոր, արտաքին, ներքին թշնամի, հինգերորդ շարասյուն» բացատրությունները չեն գործում, որովհետև գոյություն ունի վարչակարգ, որը, 5 տարի է՝ Հայաստանը տանում է դեպի պարտություն և ոչնչացում, կազմաքանդում է բանակը՝ բանակից դուրս մղելով «խելքը գլխին» ղեկավարներին, ոմանց նաև՝ բանտարկում: Վերջինի հետևանքն այն է, որ ադրբեջանցիներն արդեն 2 տարի է՝ մտել են ՀՀ սուվերեն տարածք և չեն պատրաստվում այդ տարածքներից դուրս գալ, որովհետև նրանք զբաղեցրել են բոլոր բարձունքները, որտեղից ահաբեկելու են ՀՀ բնակչությանը»,- մանրամասնեց ադրբեջանագետը:

Տեղ համայնքում արձանագրված արյունալի միջադեպի վերաբերյալ ԵՄ դիտորդների արձագանքի, ԵՄ տարածած հաղորդագրության ու «հայելային հետքաշման» մասին արձանագրումներին առնչվող  մեր հարցերին ի պատասխան՝ Արմինե Ադիբեկյանը նախ իր անվստահությունը հայտնեց ԵՄ դիտորդական առաքելության հանդեպ:

«Այդ դիտորդների իմաստը չեմ հասկանում. հասկանում եմ, որ այդ դիտորդները շպիոնական կազմակերպություն են, որոնք, իրենց իսկ խոստովանմամբ, այն, ինչ տեսնում են մեր սահմաններում, զեկուցում են Ադրբեջանին: Այսինքն՝ Ադրբեջանը քաջատեղյակ է՝ ինչ է կատարվում Հայաստանի կողմից սահմաններում, և, իհարկե, նրանք տեղյակ են մեր բոլոր խոցելի կետերից, որոնք Փաշինյանը հարկ չի համարել ամրապնդել:

Այդ դիտորդներից, բացի վնասից, մենք ոչինչ չենք ստացել ու չենք էլ ստանա, որովհետև դիտորդը լուծում է իր խնդիրը. այստեղ չի պաշտպանում Հայաստանը:

Ինչ վերաբերում է Փաշինյանի նշած «հայելային հետքաշմանը», ես ուզում եմ հասկանալ՝ մինչև ո՞ւր է քաշելու, եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանն արդեն մտել է մեր տարածք. մինչև Երևա՞ն, մինչև կառավարական դաչանե՞ր… ո՞րն է այդ կետը, որտեղ Փաշինյանը պատրաստ է զորքը հետ քաշել»,- ամփոփեց Արմինե Ադիբեկյանը:

Տեսանյութեր

Լրահոս