«ԵՄ դիտորդները պարեկություն են իրականացրել Տեղ և Կոռնիձոր գյուղերի տարածքում, սակայն միջադեպի հատվածում չեն եղել». Եվրոպական հանձնաժողով

ՀՀ-ում տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդներն ապրիլի 11-ին Տեղ համայնքում ադրբեջանական սահմանային ռազմական սադրանքների մասին տեղեկացել են ՀՀ իշխանություններից: Այս մասին «168 Ժամ»-ի հետ զրույցում տեղեկացրեց Եվրոպական հանձնաժողովի Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության մամուլի պատասխանատու Պալոմա Հոլ Կաբալերոն:

Նախ տեղեկացնենք, որ Տեղ համայնքում ադրբեջանական սադրանքի ֆոնին 168.amժամեր առաջ Եվրահանձնաժողովի մամուլի գրասենյակ էր ուղարկել հետևյալ հարցերը.

«1. Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները կրակ են բացել հայկական Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող հայկական ԶՈւ զինծառայողների ուղղությամբ։ Նույն ուղղությամբ ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները կիրառել են ականանետեր։ Ադրբեջանական սադրանքի արդյունքում հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ Ինչպե՞ս է ԵՄ-ն գնահատում ադրբեջանական սահմանային ռազմական սադրանքը՝ հաշվի առնելով նաև այն փաստը, որ ԵՄ-ն դիտորդներ ունի Հայաստանում։

2. Տեղեկություն կա, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Եվրոպական միության (ԵՄ) դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին համոզել է գնալ հայկական դիրքեր Տեղ համայնքի ուղղությամբ։ ԵՄ առաքելությունը հրաժարվել է համայնք այցելել նույնիսկ հայ զինվորականների ուղեկցությամբ։ Երեկ ԵՄ դիտորդներն այցելե՞լ են Տեղ համայնք։ Եթե ​​ոչ, ապա ինչո՞ւ։

3. Ի՞նչ է պատրաստվում անել ԵՄ-ն այս միջադեպի առնչությամբ»։

Մինչ մեր հարցերին պատասխանելը ԵՄ-ն միջադեպի առնչությամբ պաշտոնական հաղորդագրություն տարածեց՝ նշելով.

«- ԵՄ-ն ափսոսանք է հայտնում զինված բախումների կապակցությամբ, որոնց հետևանքով երեկ հայ-ադրբեջանական սահմանին՝ Տեղ գյուղի շրջանում, զոհվել կամ վիրավորվել են մի քանի հայ և ադրբեջանցի զինվորներ,

– Այս միջադեպը ևս մեկ անգամ ընդգծում է, որ սահմանի սահմանազատման բացակայության պայմաններում պետք է պահպանել 1991 թվականի գիծը, կողմերի ուժերը պետք է այդ գծից անվտանգ հեռավորության վրա տեղակայվեն՝ նման միջադեպերի կրկնությունը կանխելու համար։

– Հարկավոր է հետևել նախկին պարտավորություններին, այդ թվում՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հետ կապված պարտավորություններին, որոնք ընդունվել են 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում՝ 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի համաձայն։

– ԵՄ-ն նաև կոչ է անում ակտիվացնել սահմանի սահմանազատման շուրջ բանակցությունները և պատրաստ է աջակցել այդ գործընթացին։

– ԵՄ-ն կրկին զսպվածության և բոլոր վեճերը խաղաղ միջոցներով կարգավորելու կոչ է անում։ ԵՄ-ն շարունակում է աջակցել այդ ջանքերին, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով, ինչպես նաև Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությամբ»:

Մի փոքր ուշ Եվրոպական հանձնաժողովի Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության մամուլի պատասխանատու Պալոմա Հոլ Կաբալերոն մասամբ պատասխանեց «168 Ժամ»-ի հարցերին՝ նախ հղում անելով արդեն իսկ տարածված ԵՄ հաղորդագրությանը:

Ինչ վերաբերում է հարցին, որը վերաբերում էր ՀՀ-ում ԵՄ առաքելությանը, ապա Պալոմա Հոլ Կաբալերոն ասաց. «Հայաստանում ԵՄ առաքելությունը (EUMA) իր մանդատի շրջանակներում ապրիլի 11-ի առավոտյան հերթական պարեկությունն է իրականացրել Տեղ և Կոռնիձոր գյուղերի տարածքում: Սակայն նրանք չեն եղել այն հատվածում, որտեղ միջադեպն է տեղի ունեցել: Ուշ կեսօրին առաքելությանը Հայաստանի իշխանություններն են հայտնել կրակոցների մասին»:

Մեր պնդող հարցը, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են արդյոք տեղեկություններն այն մասին, որ ԵՄ առաքելությունը հրաժարվել է այցելել Տեղ համայնք նույնիսկ հայ զինվորական ուղեկցությամբ, դեռ մնացել է անպատասխան: Թեև հետաքրքրական է հատկապես այն փաստը, որ խոսնակը բավականին արագ արձագանքեց 168.am-ի հարցմանը, սակայն պարզաբանող վերջին հարցը մնաց անպատասխան: Այնուամենայնիվ 168.am-ն այս հարցի պատասխանը ևս ստանալուն պես կհրապարակի:
Հիշեցնենք՝ միջադեպից հետո առավելապես ադրբեջանական աղբյուրներում տեղեկություններ տարածվեցին, թե ՀՀ իշխանությունները կես օր են ծախսել՝ համոզելով Եվրամիության (ԵՄ) դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին այցելել Տեղ համայնքի հայկական դիրքեր, սակայն ապարդյուն, քանի որ ԵՄ առաքելությունը հրաժարվել է այցելել Տեղ համայնք նույնիսկ հայ զինվորականների ուղեկցությամբ։

Ապրիլի 11-ին Տեղ համայնքում տեղի ունեցած ցավալի բախումներին զուգահեռ՝ ուշագրավ մանրամասներ ի հայտ եկան ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության հետ կապված: Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հաստատեց եվրոպական հեղինակավոր «Politico» պարբերականի հոդվածում տեղ գտած տեղեկատվությունն այն մասին, որ առաքելությունը տեղեկատվություն է տրամադրում ադրբեջանական կողմին խնդիրներից խուսափելու նպատակով:

Կլաարն ասաց, որ իրենք մշտապես Ադրբեջանի հետ աշխատել են թափանցիկ, այդ թվում՝ ԵՄ անցյալ տարվա կարճաժամկետ առաքելության շրջանակում: «Ներկայումս այս առաքելության հետ մենք ապահովում ենք տեղեկատվություն առաքելության պարեկության գրաֆիկի վերաբերյալ, ինչը լիովին բնական է, և մենք ոչինչ չունենք թաքցնելու: Ուստի մենք տրամադրում ենք մեր առաքելության պարեկության գրաֆիկը Ադրբեջանի գործընկերներին, և դա անում ենք ամենշաբաթյա ռեժիմով»,- ասաց Տոյվո Կլաարը՝ դա համարելով լիովին բնականոն երևույթ:

Հաշվի առնելով Կլաարի խոստովանությունը՝ պետք է ամենևին էլ պատահական չհամարել այն հանգամանքը, որ ԵՄ դիտորդներն ականատես չեն եղել միջադեպին, քանի որ ադրբեջանական կողմը, նախապես ունենալով ԵՄ քաղաքացիական առաքելության պարեկության գրաֆիկը, բնականաբար, ռազմական սադրանք չի կազմակերպի այն վայրում, որտեղ այդ պահին դիտորդական աշխատանք են իրականացնում եվրոպացիները: Այս գործելակերպն առավելություններ է տալիս նաև եվրոպական կողմին՝ դիտորդներն այսկերպ մշտապես հեռու են այն հատվածներից, որտեղ ռազմական սադրանքներ են, այսինքն՝ անվտանգ են, դիտորդները նաև երբեք անձամբ ադրբեջանական սադրանքների ականատեսը չեն դառնում, ուստի նույնիսկ միջադեպին անդրադառնալիս հղում են անում ոչ թե իրենց տեսածին, արձանագրածին, այլ կողմերին, այս դեպքում՝ ՀՀ իշխանություններին: Սա թույլ է տալիս հնարավորինս խուսափել հասցեական հայտարարություններից և պատասխանատվությունից: Կարելի է ենթադրել, որ ՀՀ-ում տեղակայված ԵՄ առաքելության գործունեության պայմաններում ադրբեջանական կողմն ապրիլի 11-ին Տեղ համայնքում իրականացրած սադրանքի օրինակով կարողանալու է այսուհետ ևս հեշտությամբ գծագրել նման լուրջ սահմանային սադրանքներ, հնարավորինս խուսափելով ականատեսներից, պատասխանատվությունից և միջազգային աղմուկից:

Տեսանյութեր

Լրահոս