«Երկու հակասական բան կա՝ այդ 12 կիլոմետրը Հայաստանի կառուցած ճանապարհն է՝ Ադրբեջանի սահմանները քարտեզների վրա պարզ երևում են». Ռուբեն Գալիչյան

Կառավարության վերջին նիստում՝ ապրիլի 6-ին, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր Տեղ համայնքում տիրող իրավիճակին, ասել էր, որ «ինչպես նախկինում ասել էի՝ ՀՀ-ն Լաչինի միջանցքին կապող նոր՝ Կոռնիձոր-Տեղ ավտոճանապարհի շահագործման հանձնման բերումով տեղի է ունենալու դեպի Լաչինի միջանցք երթուղու փոփոխություն, ինչի արդյունքում Հայաստան-Ադրբեջան սահմանի մոտ 12 կիլոմետրանոց հատվածի պահպանությունը պիտի ստանձնեն ՀՀ սահմանապահ զորքերը: Պատճառն այն է, որ մինչ այդ սահմանի նշված հատվածի անմիջական պահպանություն չէր իրականացվում ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի կողմից: Նախորդ տարի ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Լաչինի միջանցքի ժամանակավոր երթուղին ապահովելու համար:

Եվ ահա սահմանի անմիջական պահպանության ստանձնման ժամանակ, ինչպես հայտնի է՝ որոշակի խնդիրներ են առաջացել, ինչի մասին տեղեկացրել էր ԱԱԾ-ն՝ ընդգծելով, որ 2 կողմերի տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ:

Որոշ տեղերում, ըստ հայկական կողմի՝ մեր գնահատականի, ադրբեջանական կողմը դիրքավորվել էր և ինժեներական աշխատանքներ էր իրականացրել սահմանից 100-300 մետր առաջ՝ Հայաստանի տարածքում:

Դրանից հետո պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ 2 կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը: Այս ընթացքում սահմանապահների տեղակայման կետերի ճշգրտման ուղղությամբ աշխատանքներ են տարվել և իրավիճակը որոշակիորեն բարելավվել է:

Կարդացեք նաև

Մասնավորապես 12 կիլոմետրից 7 կիլոմետրում տեղակայման կետերը հստակեցված են, 5 կիլոմետրի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են»,- կառավարության անդամներին ներկայացրել էր խնդիրը Փաշինյանը:

168.am-ի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, քարտեզագետ Ռուբեն Գալիչյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը՝ նկատեց.

«Կարծում եմ՝ այստեղ երկու հակասական բան կա։ Առաջինը՝ այդ 12 կիլոմետրը որ կա, Հայաստանի կառուցած ճանապարհն է, այսինքն՝ Հայաստանի ներքին տարածքով է անցնում։ Ադրբեջանի սահմանները քարտեզների վրա պարզ երևում են, դրանից հեռու են, դեպի հարավ են գտնվում։ Իսկ այն տարածքները, որ իբր թե ադրբեջանցիները քարտեզները սխալ են կարդացել ու ներս են խուժել՝ գտնվում են Տեղ գյուղի հյուսիսում։ Կան խորհրդային Շտաբի քարտեզները, որոնք 1991 թվականի սահմանների մասին են, դրանք կան, թղթի վրա գծված են, հետևաբար՝ դրանք ճշտելու կարիք չունեն։

Եթե մեկը կարողանում է ու GPS-ով գնում որևէ տեղ կանգնում է, պետք է իմանա, որ սահմանը այս կետից է անցնում»,- նշեց Ռուբեն Գալիչյանը։

Հարցին՝ ՀՀ կառավարությունը որևէ կերպ կապ հաստատե՞լ է իր հետ, զուտ խորհրդատվության համար, Ռուբեն Գալիչյանը բացասական պատասխան տվեց:

Ըստ քարտեզագետի, այն, որ ադրբեջանցիները Տեղ համայնքի 5 կետերում մինչև 300 մետր առաջ են եկել՝ նույնն է, ինչ կատարվել է Ջերմուկում, Սև լճում ու ՀՀ այլ տարածքներում։

«Այս անգամ ասում են, թե ադրբեջանցիները սխալ ձևով են քարտեզները նայել, ժողովրդին այսպես են ներկայացնում, ինչը նրանց մոլորեցնում է։ Բայց մեկ է, նույն բանն է՝ Ադրբեջանը ներխուժել է ՀՀ ինքնավար տարածք»,- շեշտեց նա։

Հարցին՝ այս պահին ադրբեջանական կողմն ի՞նչ քարտեզով է տեղակայվում Տեղ համայնքի տարածքում, Ռուբեն Գալիչյանը պատախանեց, որ դրանք զինվորական քարտեզներ են։

«Քարտեզներ ունի նաև մեր ՊՆ-ն ու տարբեր շտաբներ, բայց խնդիրն այն է, որ Ադրբեջանը առաջ է եկել ու ասում է՝ սա է մեր սահմանը, նրանց պետք է ցույց տալ իրենց իսկական սահմանը ու հետ ուղարկել։ Ադրբեջանը պարզապես ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք, առանց իրական քարտեզները հաշվի առնելու»,- եզրափակեց Ռուբեն Գալիչյանը։

Տեսանյութեր

Լրահոս