«Փաշինյանի նշած «Արևմտյան Ադրբեջանի» մեջ մտնող տարածքներն իրականությանը չեն համապատասխանում». Ռուբեն Գալիչյան

Նիկոլ Փաշինյանի համար Արևմտյան Հայաստանը ոչ թե Թուրքիայի ներկայիս տարածքում է գտնվում, որտեղ 1915 թվականին երիտթուրքերը ցեղասպանեցին 1,5  մլն հայերի, այլ «Արմավիրն է, Թալինն է, Մարալիկն է»։ Իսկ, օրինակ, Ադրբեջանի կողմից շրջանառության մեջ դրված կեղծ «Արևմտյան Ադրբեջանը», ըստ Նիկոլ Փաշինյանի, «Ղազախն է, Թովուզն է, Աղստաֆան է, Գեդաբեյն է, Դաշքեսանն է, Քելբաջարն է, Լաչինն է, Կուբաթլուն է, Զանգելանն է»: Այս ամենի մասին Նիկոլ Փաշինյանն օրերս գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում։

168.am ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, քարտեզագետ Ռուբեն Գալիչյանից հետաքրքրվեց, թե նրա կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը ո՞ր թվականների քարտեզով է հայ ժողովրդին ցույց տալիս, որ, օրինակ, «Արևմտյան Հայաստանը Թալինն է, Արմավիրը կամ Մարալիկը»։

Ռուբեն Գալիչյանի խոսքով՝ այստեղ մեծ անհամապատասխանություններ կան։

«Նիկոլ Փաշինյանը խոսում է ներկայիս Հայաստանի քարտեզի մասին, որը նա ներկայացրել է մարդկանց։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է Արևմտյան Հայաստանին, ապա այն այսօրվա Հայաստանի կազմի մեջ չի մտնում։ Նիկոլ Փաշինյանը ոչ թե պետք է ասեր՝ Արևմտյան Հայաստան, այլ Հայաստանի արևմուտք, սրանք բոլորովին տարբեր բաներ են, որովհետև նշված այդ շրջանները գտնվում են այսօրվա Հայաստանի արևմտյան հատվածում»,- նշեց Ռուբեն Գալիչյանը։

Նրա խոսքով՝ երբ Ադրբեջանը խոսում է «Արևմտյան Ադրբեջան» կեղծիքի մասին, նա նկատի ունի ամբողջ ՀՀ ներկայիս տարածքը, հետևաբար՝ որքան էլ Նիկոլ Փաշինյանը ցույց տա դրանք՝ ինչ-որ անուններ հրապարակելով, միևնույն է՝ դա Ադրբեջանի քաղաքականության մեջ ոչինչ չի փոխելու։

«Նիկոլ Փաշինյանի նշած «Արևմտյան Ադրբեջանի» մեջ մտնող տարածքներն իրականությանը չեն համապատասխանում։ Ավելին՝ Ալիևն այսօրվա ՀՀ ամբողջ տարածքը համարում է Արևմտյան Ադրբեջան», սա պետք է հասկանալ։ Ուրեմն՝ 2007 թվականին Ադրբեջանում գիրք է հրապարակվել «Արևմտյան Ադրբեջանի հուշարձանները» խորագրով։ Գրքի կազմի ներսում ՀՀ քարտեզն է, որի վրա գրված է «Արևմտյան Ադրբեջան»՝ օղուզ-թուրքերի հայրենիքը։ Նրանք չեն էլ թաքցնում սա, դրա մասին բարձրաձայնում են։ Այս ամենն իրականության ու պատմության հետ բոլորովին կապ չունի։

Գիտե՞ք` ամբողջ խնդիրը որն է՝ մի երկիր, որը հիմնադրվել է 1918 թվականին, այսօր աշխարհին դիմում է՝ պահանջելով իր «պատմական» հողերը։ 1918 թվականից առաջ Ադրբեջանը պատմություն չունի, ունի պարսկական Ատրպատական նահանգը, որին նրանք այսօր կոչում են «Հարավային Ադրբեջան»։ Սա կրկին նրանց հորինածն է, ինչպես Հայաստանի, այնպես էլ Իրանի դեպքում ցանկանում են տիրանալ Իրանի հյուսիս-արևմտյան նահանգին, որը հարևան իրանցիներն անվանում են Ադրբեջան»,- նշեց Ռուբեն Գալիչյանը։

Նա հիշեցրեց՝ 2024 թվականին երկու հատոր է հրապարակել, առաջինը՝ «Արևմտյան Ադրբեջան կեղծ եզրույթը», երկրորդ հատորը վերաբերում է Ադրբեջանի 2024 թվականին հրապարակված հանրային կեղծ քարտեզին, որտեղ ներկայացրել է նրա առնչությամբ ամբողջ ճշմարտությունը։

«Այս հատորները հրատարակել է Գիտությունների ազգային ակադեմիան, այնտեղ ներկայացված է ադրբեջանական ամբողջ կեղծ թեզերը, կարող են ուսումնասիրել»,- ընդգծեց քարտեզագետը։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերին, երբ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը խորհրդարանում ներկայացնում էր 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը, պատգամավորների կողմից հարց էր հնչել նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վերաբերյալ, որին ի պատասխան՝ Արարատ Միրզոյանն ասել էր, որ Հայոց ցեղասպանության հարցն իրենց արտաքին քաղաքականության առաջնահերթություններից չէ։ Իսկ ավելի վաղ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, ով ղեկավարում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը, ասել էր, որ «Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր կառուցել, առարկայական դարձնել ցեղասպանության ենթարկված անձանց ամբողջ ցանկը»։

Տեսանյութեր

Լրահոս