
«Հայկական կողմը հենց դրանով կարող է ցույց տալ, որ Ադրբեջանն է ներխուժել ՀՀ տարածքից ներս». Ռուբեն Գալիչյան

Ադրբեջանը շարունակում է տարբեր հարթակներում բողոքել Հայաստանից, թե իբր իրեն ականապատման «ոչ ճշգրիտ քարտեզներ է» տվել։ Սրա հետ կապված՝ Բաքուն հերթական վայնասունն է բարձրացրել՝ կոչ անելով «պատասխանատվության ենթարկել Երևանին՝ «ականազերծմանը խոչընդոտելու համար»։
Բաքուն նաև կրկին պնդել է, թե Հայաստանի տրամադրած ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը կազմել է 25 տոկոս՝ պահանջելով Երևանից «ճշգրիտ քարտեզներ»։
Երևանն ավելի վաղ արձագանքել է, որ Հայաստանն ինչ քարտեզ ու տեղեկություն ունեցել է, արդեն փոխանցել է Բաքվին։
ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, քարտեզագետ Ռուբեն Գալիչյանի խոսքով՝ Հայաստանի տրամադրած քարտեզները չէին կարող ճշգրիտ չլինեին, պարզապես Ադրբեջանը հերթական անգամ կեղծ տեղեկատվություն է տարածում։
«Հայաստանն ականապատում իրականացրել է Արցախում, երբ Արցախն իր վերահսկողության տակ էր, դրանց քարտեզը փոխանցել է Ադրբեջանին, չէր կարող կեղծ քարտեզներ փոխանցել, այդքան հեշտ չէ քարտեզներ կեղծել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Ռուբեն Գալիչյանը։
Ըստ նրա, իհարկե, այս ամենի մասին մանրամասն կարող է խոսել Պաշտպանության նախարարությունը, բայց մասնագիտորեն կարող է ասել, որ քարտեզները չեն կարող ճշգրիտ չլինել։
«Եթե Ադրբեջանը մտել է ՀՀ տարածք ու այդ տարածքների ականապատման քարտեզներն է պահանջում, ուրեմն՝ հայկական կողմը հենց դրանով կարող է ցույց տալ, որ Ադրբեջանն է ներխուժել ՀՀ տարածքից ներս։
Ինձ թող ցույց տան, որ 2020 թվականից հետո Հայաստանն ադրբեջանական որևէ տարածք է գրավել ու ականապատել, չկա, չեն կարող ցույց տալ։
Կրկնում եմ՝ Ադրբեջանն իր այս հայտարարությունով պատրվակներ է ուզում ստեղծել, ինչպես, օրինակ, խոսում է ՀՀ սահմանադրության մասին, որտեղ նրա տարածքների մասին որևէ նշում չկա։ Պարզ է՝ Ադրբեջանը չի ցանկանում «խաղաղության պայմանագիրը» ստորագրել, դրա համար էլ պատրվակներ է փնտրում։ Այլ պատճառ չի կարող լինել»,- ընդգծեց Ռուբեն Գալիչյանը։
Հիշեցնենք, որ 2023 թվականին Հաայստանն Ադրբեջանին փոխանցել էր ականապատման քարտեզներ, որի դիմաց Ադրբեջանը հայրենիք վերադարձրեց 32 գերիների։ Դրանից մեկ տարի անց Հայաստանը կրկին քարտեզներ փոխանցեց Ադրբեջանին, որից հետո Բաքուն հայտարարեց, թե դրանք «ճշգրիտ» չեն, որից հետո Երևանն էլ արձագանքեց՝ որ Հայաստանն ինչ քարտեզ ու տեղեկություն ունեցել է, արդեն փոխանցել է Բաքվին։