Ադրբեջանցիներն արդեն անարգել մտնում են Սյունիքի գյուղեր. Սիսիանում «ապագա կա»
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Ըստ նրա խոսքի` իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են:
168.am-ի տեղեկություններով, սակայն, ադրբեջանցիները ոչ թե երկուսն են եղել, այլ 3-ը:
«Այդ ադրբեջանցիները մի քանի օր առաջ եղել են Սիսիանի Բնունիս գյուղում, փորձել են մտնել գյուղացիներից մեկի տուն: Տանտերերը 44-օրյա պատերազմից հետո են տեղափոխվել Բնունիս ու այնտեղ ապրում: Տանտերը նկատել է, դուռը քաշել-պահել, փախել են»,- ասաց Սիսիանի մեր աղբյուրը:
Սիսիանից մեզ փոխանցեցին նաև, որ դեպքի վերաբերյալ ազգաբնակչությանը չի զգուշացվել, չեն ասել, որ ժողովուրդն ուշադիր լինի, և գոնե գիշերը տան դռները կողպեն մարդիկ:
«ՊՆ-ի ասած մեկ ադրբեջանցուն բռնել են Սիսիանի Աշոտավան գյուղում: Բնունիսից մինչև Աշոտավան դաշտամիջյան ճանապարհներով 5-6 կմ է: Երեկ գիշեր եկել են այդ գյուղ, զինված են եղել, բայց զենքերը թողել են այլ վայրում, նոր նրանցից մեկը մտել է չբնակեցված ինչ-որ տուն, շորերը փոխել ու դուրս է եկել»,- ասաց մեր աղբյուրը:
Ըստ նրա՝ գյուղի երիտասարդներն են վնասազերծել ադրբեջանցուն, քանի որ նրա վարքագիծը տարօրինակ է թվացել իրենց:
«Հիմա ՊՆ, Ոստիկանություն, Ռազմական ոստիկանություն ընկած էդ երկուսին են փնտրում»,- եզրափակեց Սիսիանի մեր աղբյուրը:
Փաստորեն Ադրբեջանի Զինված ուժերի զինծառայողներն արդեն անարգել հայկական գյուղեր են մտնում, մինչդեռ Սիսիանում բոլորովին վերջերս՝ մարտի 26-ի Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ, հավատացին Նիկոլ Փաշինյանին ու «Քաղաքացիական պայմանագրին» ու նրանց առաջարկած ապագային: Սիսիան խոշորացված համայնքի նոր համայնքապետը հենց ՔՊ-ական է: