Հա բա ի՞նչ էր, Իշխանասարն էլ էր իրենցը, Սև լճի 40%-ն էլ, հիմա եկել, իրենց սահմանում կանգնել են, ի՞նչն է տարօրինակ. անգեղակոթցիներ
Սիսիան խոշորացված համայնքում այսօր Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ են: Թեկնածուները ներկայացնում են «Քաղաքացիական պայմանագիր», «Քաղաքացու որոշում» կուսակցությունները և Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ):
Լրագրողները, դիտորդները, քաղաքացիները, քաղաքական ուժերն արդեն իսկ ահազանգել են բազմաթիվ ընտրախախտումների մասին՝ ընտրական հանձնաժողովի ղեկավարի հստակ ուղղորդում իշխանությունների՝ ՔՊ-ական թեկնածուի օգտին, քաղաքացիների փոխարեն կատարվում է քվեարկություն հենց քվեախցիկում, վարչական լծակների չարաշահում, և այլն:
Սիսիանի Անգեղակոթ համայնքում ընտրությունների ընթացքը լարված է թե ընտրատեղամասում, և թե դրանից դուրս: Կան կուտակումներ: Մարդիկ կային, ովքեր ընտրել էին առավոտյան, բայց ժամեր անց դեռ ընտրատեղամասին հարող տարածքում էին:
Ընտրատեղամասի մոտ գտնվող տաղավարում գյուղի տարեց մարդիկ NewDay.am-ի հետ զրույցում նշեցին, որ իրենց համայնքում վերջին 5 տարում ահագին բաներ են փոխվել, ի տարբերություն նախորդ 30 տարիների:
«Ճանապարհը լրիվ ասֆալտած է… Սա 5 տարվա արդյունքն է, Նիկոլի իշխանության գալուց հետո»,- ասաց մի անգեղակոթցի:
Լրագրողի դիտարկմանը, թե թշնամին էլ իրենց հարևանությամբ գտնվող Իշխանասարում է, անգեղակոթցին նկատեց՝ թշնամին իր սահմանում է, իսկ մյուս տարեց անգեղակոթցին էլ, դիմելով երիտասարդ կին լրագրողին, նկատեց՝ բա ինչի՞ չեք գալիս սահմանը պահում:
«Հա, մենք ինչքան հնարավորություն ունենք, պահում ենք: Հեն ա, մի հատ երեխա ունենք, պոստերում ա: Էդ որ խոսում են, թող գան, կանգնեն պոստերը, մենք էլ իրենց հետ գնանք, պահենք»,- ասաց անգեղակոթցին:
Իսկ հիմա՝ ամենազավեշտալին:
Սամվել անունով անգեղակոթցին էլ հավելեց՝ կարո՞ղ ա 2016թ. անվտանգ էինք:
«2015թ. արդեն Սերժի ստորագրածով, Կազանում, մնում էր արդեն աֆիցիալնի գային Իշխանասար: Կազանում ստորագրեց, որ Ղարաբաղի 7 շրջանը պիտի տան, համաձայնության եկան, 2020թ. ի կատար ածվեց: Բնականաբար, թուրքն էլ պիտի գար իրենց սահմանում կանգներ: Ի՞նչ կա էդտեղ տարօրինակ… Հա բա ի՞նչ էր, Իշխանասարն էլ էր իրենցը, Սև լճի 40%-ն իրանցն էր, 60-ը՝ մերը, էլի… Սենց էլ կանգնել են էլի»,- ասաց Սամվել անունով անգեղակոթցի բնակիչը:
Թե անգեղակոթցի Սամվելն ի՞նչ գիտի առհասարակ բանակցային փաստաթղթերի կամ Կազանում բանակցված փաստաթղթի մասին՝ դա մի հարց: Փաստորեն, ըստ անգեղակոթցի Սամվելի տրամաբանության՝ Ալիևը շատ է սպասել, Սերժի ձեռքից տարածքներ չի վերցրել, որ Նիկոլը գա իշխանության և իր ձեռքից վերցնի Իշխանասարն ու Սև լիճը…
Ինչպես ասում են՝ Փաշինյանի և ՔՊ-ականների «ուղեղների» լվացումների հետևանքները… Ընդ որում, անգեղակոթցիները չեն էլ գիտակցում, թե ՔՊ-ականների տարածած այդ թեզերը որքանով են բխում ադրբեջանցիների սրտից, և ինչպես է Ալիևն այդ թեզերն օգտագործելու հենց իրենց դեմ:
Հիմա փաստերը ներկայացնենք անգեղակոթցի սամվելների համար:
Հիշեցնենք, երբ Ադրբեջանը 2021թ. մայիսի 12-ին ներխուժեց Սև լիճ, այն ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ էր տեղադրել՝ տեղեկացնելով, որ մայիսի 15-ին այցելել է Սյունիքի մարզ։
«Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի, ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանի և Նարեկ Ղահրամանյանի հետ այսօր գնացել էինք Սև լիճ»,- լուսանկարին կից գրել է Ավինյանը՝ այդպիսով ցույց տալով, թե իբր լիճը մեր վերահսկողության ներքո է: Հետագայում, իհարկե, սուտը, կեղծիքը բացահայտվեց, բայց դա այս իշխանություններին չի հետաքրքրում: Կարևորը՝ այդ ժամանակի համար սպասված էֆեկտը ստացան:
Ավինյանի ստից շուրջ երկու շաբաթ անց՝ մայիսի 28-ին, խորհրդարանական ընտորություններից առաջ Աջափնյակում իր կուսակիցների հետ նախընտրական հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ պետք է խուսափել պատերազմից, որն Ադրբեջանն է պարտադրում:
«Սև լճի վերաբերյալ շատ խոսակցություններ եղան, ԽՍՀՄ քարտեզներ հրապարակվեցին, բոլորս տեսանք, որ սահմանի վերևի հատվածն անցնում է ջրի մեջով՝ 20-30%: Հիմա մենք նայե՞նք, ուսումնասիրե՞նք, եթե իրոք այդպես է, ասենք՝ հա, թե՞ ասենք՝ Սև լճի այդ 30 %-ի համար պատերազմ ենք սկսելու։ Ո՛չ, այդպես չի լինում ուղղակի, մենք չենք գնալու իրավիճակի սրման ճանապարհով, այս հարցը լուծելու ենք խաղաղ ճանապարհով: Երեկ սրա բանաձևն առաջարկել եմ»,- ասել էր Փաշինյանը:
Ըստ ամենայնի Անգեղակոթում իրենց առաջնորդի ապազգային թեզերն ընդունվում են ի գիտություն: Այլ կերպ Սյունիքում գտնվող Անգեղակոթ համայնքի բնակիչների վարքագիծը բացատրել հնարավոր չէ:
Մանրամասները՝ տեսանյութում: