Բաժիններ՝

Օրենքի պահանջը կպահվի, պեստիցիդները կներմուծվեն, եթե որոշեն թունաքիմիկատներն ինչ-որ տեղ ոչնչացնել՝ դրա հնարավորությունը մեր պետությունը չունի. ՍԱՏՄ

Պարարտանյութեր, թունաքիմիկատներ ներկրող մի շարք կազմակերպություններ մարտի 13-ին բողոքի ակցիա էին կազմակերպել ՍԱՏՄ շենքի դիմաց: Նրանք պահանջում էին չեղարկել որոշակի ագրոքիմիկատների և պեստիցիդների ներկրման արգելքը, որն ուժի մեջ է մտել անցած նոյեմբերից։

Ներկրող կազմակերպությունների ներկայացուցիչը լրագրողների հետ զրույցում news.am-ի փոխանցմամբ՝ նշել էր. «Ես ներկայացնում եմ թունաքիմիկատ ներկրողներին, որոնք տասնյակից ավելի են: Ագրոքիմիկատներ և պեստիցիդներ ներկրողները հայտնվել են ցայտնոտային վիճակում, երբ իրենց արտադրանքը մի ժամանակ թույլատրվում էր ներմուծել, իսկ ներկայում՝ ոչ: Որևէ նորմատիվ իրավական ակտ չփոփոխելով՝ չի թույլատրվում ներկրել: Պատճառաբանվում է, որ 2022թ.-ի նոյեմբերի 28-ին ՍԱՏՄ նախագահը որոշում է կայացրել, որով թունաքիմիկատների և պեստիցիդների հետ կապված սյունակներ են ավելացրել՝ արտադրող երկիր և կազմակերպություն, սակայն որևէ հիմնավորում չկա արտադրող երկրի մասով: Արտադրող երկիր հասկացությունը որևէ իրավական ակտում նշված չէ, և այդ առումով այդ որոշումը հակասում է Սահմանադրությանը և հակասում է Բուսասանիտարիայի մասին օրենքին: Օրենքը սահմանում է ոչ թե արտադրող, այլ գրանցող երկիր: Ընկերությունների համար սա անկանխատեսելի է եղել, որևէ քննարկում չի եղել նախքան ընդունումը: Հետո են տեղեկացրել»,- ասել է նա:

Եվ, քանի որ թունաքիմիկատները մնացել են մաքսատներում, դա, ըստ ոլորտի ներկայացուցիչների, ժամկետն անցնելու դեպքում վտանգավոր է, քանի որ միլիոններ պետք է ծախսվեն՝ երկրից դուրս հանելու համար, սակայն եթե մնա՝ խնդիր է լինելու:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից փորձեցինք պարզել, թե քննարկում կլինի՞ թունաքիմիկատ ներկրողների հետ, և ամեն դեպքում կմաքսազերծվի՞ ապրանքը, տեսչական մարմնի Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից պատասխանեցին, որ օրենքի պահանջից շեղվել չեն կարող, եթե կապահովեն բոլոր կետերը, խնդիր չի լինի։

Կարդացեք նաև

Հարցին՝ արդյո՞ք վտանգավոր չէ այդքան թունաքիմիկատը, պատասխանեցին. «Վտանգավոր է, բայց լուծումը միայն օրենքի պահանջը կատարելն է։ Չենք թունավորվի, ուղղակի կլինեն ժամկետանց թունաքիմիկատներ, որոնք այդպես պետք է մնան: Եթե որոշեն թունաքիմիկատներն ինչ-որ տեղ ոչնչացնել՝ դրա հնարավորությունը մեր պետությունը չունի, և այո, դա խնդիր է լինելու, որի լուծումը չունենք: Միայն կարող ենք ասել մեկ բան՝ օրենքի պահանջը կպահվի, պեստիցիդները կներմուծվեն»:

Հավելենք, որ մարտի 13-ին ՍԱՏՄ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով. «Թույլտվությունը չի տրամադրվել, որովհետև վերոնշյալ պեստիցիդները չեն համապատասխանում Հայաստանում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկի տվյալներին (հրապարակված է Տեսչական մարմնի պաշտոնական կայքում՝ snund.am): Մասնավորապես, ՀՀ օրենսդրության համաձայն, երկրի տարածք թույլատրվում է ներմուծել միայն այն կազմակերպությունների կողմից արտադրված պեստիցիդները, որոնք սահմանված կարգով գրանցվել են Հայաստանում։ Տնտեսավարողները փորձել են ներկրել չգրանցված կազմակերպությունների կողմից արտադրված պեստիցիդներ: Այսինքն՝ գրանցման է ներկայացվել X կազմակերպության արտադրանք, որը սահմանված կարգով գրանցվել է, սակայն փորձում են ներկրել Y կազմակերպության կողմից արտադրված արտադրանք:

Համաձայն «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող, Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և շրջանառվող պեստիցիդները և ագրոքիմիկատները պարտադիր ենթակա են պետական գրանցման:

Նույն օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման մասին եզրակացություն տալու համար պահանջվում են հետևյալ փաստաթղթերը. պեստիցիդների կամ ագրոքիմիկատների առևտրային անվանումը, ազդող նյութը կամ նյութերը, համագործիչ և օժանդակ նյութերը, յուրաքանչյուր նյութի տոկոսային հարաբերությունը, պատրաստուկային ձևը, արտադրող ֆիրման և այլն։

«Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արգելվում է ներմուծել, արտադրել, իրացնել և օգտագործել Հայաստանի Հանրապետությունում չգրանցված պեստիցիդներ և ագրոքիմիկատներ:

Տեսչական մարմինն իր գործունեությունն ու վերահսկողական գործառույթները կազմակերպում է բացառապես իրավական ակտերով սահմանված պահանջների շրջանակներում»:

Տեսանյութեր

Լրահոս