«Տղաների շնորհավորանքին, ցավոք, էլ չենք արժանանա. Մխիթարից ստացած մի ծաղիկն անգամ ինձ համար մի աշխարհ էր». հերոսածին մայրեր
2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների նախաձեռնությամբ այսօր Երևանում՝ Նկարիչների միությունում, կազմակերպվել է հերոս տղաների նկարների ցուցահանդես: Ցուցադրվում էին զոհված զինծառայողներին պատկերող գեղանկարները: Դրանք ներկայացրել էին ծնողները:
Ծնողների խոսքով՝ օրը պատահական չեն ընտրել, ապրիլի 7-ը Մայրության և գեղեցկության օրն է: Այսօր իրենց որդիներից պետք է ծաղիկներ ու նվերներ ստանային, բայց քանի որ տղաներն անմահացել են, հիմա իրենք են պարտավոր ամեն «տոն» օրերին տղաների ներկայությունն ապահովել իրենց շուրջ.
«Տղաների շնորհավորանքին, ցավոք, էլ չենք արժանանա, չնայած ամեն ինչ անելու ենք, որ ամեն հիշարժան օր առաջինը հենց իրենք լինեն թեմայի մեջ: Մեր տղաները միշտ պայծառ ձևով մեզ շնորհավորել են, մենք դրանով ապրելու ենք մինչև կյանքներիս վերջ:
Ուզում եմ շնորհավորել բոլոր մայրերին ու քույրերին, տատիկներին, առավել ևս՝ հերոսածին ծնողներին, ցանկանալով ուժ և տոկունություն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը:
Պատերազմում նահատակված հերոս Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը, մեզ հետ զրույցում հիշեց որդու շնորհավորանքը.
«Առավոտ շուտ, քնաթաթախ ննջարանից դուրս էր գալիս, շնորհավորում էր… Անգամ, եթե զուտ սիմվոլիկ մի հատ ծաղիկ էլ ստանում էի Մխիթարից, դա արդեն ինձ համար մի աշխարհ էր: Վերջին ծաղիկները ստացել եմ 2019 թվականի մարտի 8-ին, երբ Մխիթարն արդեն ծառայության մեջ էր… դա վերջինն էր: Հիմա «տոն» օրերին մենք ենք գնում ծաղիկներով իրենց մոտ»:
Հերոսներին նվիրված գեղանկարների ցուցադրությունը նախատեսված էր մինչև օրվա ավարտը: Իսկ ժամը 17:00-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ անմահ հերոսների մայրերին նվիրված միջոցառում: