Ո՞ւր է Հայաստանի բարեկեցությունը. «Առաջ կպոռանք, ետ-ետ կերթանք»

Wishful thinking, կամ՝ ցանկալին իրականության տեղ դնելու հակում. այս հասկացությունն իր տիպական դրսևորումն է գտել մեր իրականության մեջ՝ գործող իշխանությունների ձեռամբ:

«Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակվող զեկույցներում Հայաստանի վերաբերյալ գնահատականներն ու մեր երկրի դիրքի հետագա բարելավմանը վերաբերող հարցեր»,- վարչապետի կաբինետի տարածած այս հաղորդագրությունը բավական է բնութագրելու համար wishful thinking-ը, քանի որ միջազգային կառույցների վերջին զեկույցներն ամենևին էլ չեն վկայում բարելավման մասին:

Heritage Foundation-ի կողմից «Տնտեսական ազատության ինդեքս 2022»-ում Հայաստանն այս տարի դարձյալ հետընթաց էր արձանագրել՝ տնտեսական ազատության ինդեքսով 2001 թվականից ի վեր գրանցելով ամենացածր ցուցանիշը:

Հայաստանը մեկ այլ տնտեսական ցուցանիշով ևս հետընթաց է արձանագրել. 2022 թվականին World Intellectual Property Organization-ի կողմից հրապարակված Global Innovation Index-ի համաձայն, որը համարվում է տնտեսությունների նորարարության չափման աղբյուրներից մեկը, Հայաստանը գտնվում է 80-րդ հորիզոնականում (տե՛ս այստեղ):

Կարդացեք նաև

Տարեսկզբին էլ հրապարակվել էր «Transparency International» կազմակերպության կոռուպցիայի ընկալման ցուցիչը՝ 2022 թվականի զեկույցը, և համաձայն այդ զեկույցի՝ Հայաստանի Հանրապետությունն այս վարկանիշում նահանջ է գրանցել:

Amnesty International-ը հրապարակել էր 2022/23 զեկույցը՝ Աշխարհում մարդու իրավունքների վիճակի մասին:

Միջազգային կառույցը մասնավորապես արձանագրել է՝ «իրավապահները հակակառավարական ցույցերի ժամանակ չափից ավելի ուժ են կիրառել, խոսքի ազատությունը սահմանափակվել է, քանի որ հարյուրավոր մարդիկ ենթարկվել են քրեական հետապնդման, լրագրողների գործունեությունը խոչընդոտվել է ցույցերը լուսաբանելիս», և այլն: Ի դեպ, այս զեկույցում տեղ է գտել նաև 2021 թվականի հունիսի 3-ի բողոքի ցույցի ժամանակ ոստիկանների կողմից լուսաձայնային նռնակների կիրառման փաստը:

Նմանատիպ արձանագրումներով զեկույց է հրապարակել նաև ԱՄՆ Պետդեպարտամենտը, ու չնայած դրան՝ Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հրավիրվեց Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովին, որն անցկացվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ:

Օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանը հերթական նահանջն է արձանագրել նաև բրիտանական Legatum Prosperity Index-ում՝ նախորդ տարվա 59-րդ հորիզոնականի փոխարեն՝ այս տարի զբաղեցնելով 61-րդ հորիզոնականը:

Ամեն տարի ինստիտուտը ներկայացնում է բարգավաճման ինդեքս, որը 167 երկրների շրջանում չափում է բարեկեցությունը: Ցուցանիշները հաշվում են 12 հիմնական ուղղություններով՝

  • անվտանգություն և պաշտպանվածություն,
  • անձնական ազատություն,
  • ներդրումային միջավայր,
  • գործարար միջավայր,
  • կենսապայմաններ,
  • առողջապահություն,
  • շուկայի հասանելիություն և ենթակառուցվածքներ
  • տնտեսական զարգացման մակարդակ
  • կրթության մակարդակ
  • շրջակա միջավայրի զարգացման չափանիշներ

Ամփոփագրում նշվում է՝ Հայաստանն ամենալավ ցուցանիշն ունի ձեռնարկատիրական պայմանների և կրթության ոլորտներում, բայց ամենաթույլն է սոցիալական կապիտալի առումով:

Այս ամենի մասին՝ առավել մանրամասն, քանի որ հիմնական՝ 12 ուղղությունների մաս կազմող ենթաուղղություններն առավել պատկերավոր են ներկայացնում երկրում բարեկեցության մակարդակը, այդ թվում՝ մակարդակի վատթարացումը վերջին 10 տարիների կտրվածքով:

Այսպիսով.

  • Հայաստանը պատերազմ և քաղաքացիական հակամարտություն կատեգորիայում 167 երկրների շարքում զբաղեցրել է 132-րդ տեղը,
  • միջանձնային վստահությամբ՝ 152-րդ տեղում է,
  • քաղաքացիական և սոցիալական մասնակցությամբ՝ 149-րդը,
  • ներդրումային միջավայր ինդիկատորի՝ պայմանագրի կատարման ցուցիչով՝ 119-րդը,
  • տնտեսական զարգացման մակարդակի՝ աշխատուժի ներգրավման ցուցիչով՝ 127-րդը,
  • նախակրթության մակարդակի սանդղակում՝ 128-րդը,
  • առողջապահության՝ օդի աղտոտվածության ազդեցության աստիճանով՝ 142-րդը,
  • շուկայի հասանելիություն և ենթակառուցվածքներ սանդղակի՝ տրանսպորտ ցուցիչով՝ Հայաստանը 167 երկրների շարքում 109-րդն է,
  • տնտեսական զարգացման՝ ֆիսկալ կայունության ցուցիչով՝ 106-րդը,
  • կառավարության գրաքննությունից մամուլի ազատության աստիճանով՝ 109-րդը,
  • կարծիքի արտահայտման ազատության ցուցիչով՝ 94-րդը,
  • ոստիկանության նկատմամբ վստահության մակարդակով ՝ 120-րդը,
  • ֆինանսական հաստատությունների և բանկերի նկատմամբ վստահությամբ՝ 139-րդը,
  • դատական ​​համակարգի և դատարանների նկատմամբ վստահության մակարդակով՝ 150-րդը,
  • կառավարության հանդեպ վստահության մակարդակով՝ 146-րդ տեղը,
  • բանակի հանդեպ վստահության մակարդակով՝ 117-րդն է:

 Վերջին մի քանի ցուցիչներն ինստիտուցիոնալ վստահության սանդղակից էին, որոնք զգալի նահանջ են ունեցել 2013 թվականի համեմատ (հաշվարկներում Լեգատումն օգտվել է տարբեր աղբյուրներից, այդ թվում՝ Գելափի ցուցիչներից):

2013 թվականին ինստիտուցիոնալ վստահության մակարդակով Հայաստանը համաշխարհային վարկանիշում զբաղեցնում էր 126-րդ տեղը, ապա 2023 թվականին՝ 129-րդն է:

Պատճառները

2013 թվականին բանկերի ու ֆինանսական հաստատությունների հանդեպ վստահության մակարդակով Հայաստանը 115-րդ տեղում էր, 2023-ին՝ 139-րդ,

2013 թվականին գործազրկության մակարդակով 152-րդ տեղում էր, 2023 թ.-ին՝ 159-րդ,

2013 թվականին դատական ​​համակարգի և դատարանների նկատմամբ վստահության մակարդակով 138-րդ տեղում էր, 2023-ին՝ 150-րդ,

2013 թվականին կառավարության վստահության մակարդակով 133-րդն էր, 2023-ին՝ 146-րդը,

2013 թվականին բանակի հանդեպ վստահության մակարդակով 23-րդ տեղում գտնվող Հայաստանը 2023 թվականին 117-րդ տեղն է զբաղեցնում:

Այս ամենը հաշվի առնելով՝ անհասկանալի է՝ ինչ առաջընթացի և ժողովրդավարական վերափոխումների մասին են խոսում գործող իշխանությունները և իշխանությունների թիվ մեկ խոսափողը՝ Նիկոլ Փաշինյանը:

Ի դեպ, Հայաստանը 61-րդ տեղն էր զբաղեցրել նաև 2019 թվականին, ինչը Նիկոլ Փաշինյանին դրդել էր նախկինների հետ հերթական համեմատությունն անել՝ արձանագրելով «հզոր առաջընթաց», բայց մոռանալով նշել, օրինակ, որ հենց 2019 թվականին զեկույցը կազմելիս տեղի է ունեցել մեթոդաբանության փոփոխություն. այսինքն՝ Փաշինյանը նոր մեթոդաբանությամբ գրանցված ցուցանիշը համադրել էր հնի հետ (իսկ 2019-ին, օրինակ, հաշվի են առնվել 12 ցուցանիշներ՝ նախորդ տարիների 9-ի համեմատ):

Տեսանյութեր

Լրահոս