Խեղկատակության գինը․ Քաղաքացիական պայմանագրից՝ քաղաքացիական պատերազմ

Իշխանության խուլիգանական վարքագիծը, բացի պաշտոնյաների անձնային որակների՝ դաստիարակության, բարեկրթության, քաղաքավարության և այլ տարրական հատկանիշների բացակայությունից, ունի նաև այլ՝ ավելի խորքային պատճառներ։

Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովը վերածել է ազգային ժամանցավայրի, որտեղ սեփական խմբակցության պատգամավորները, ինչպես ինքն է ասում, «բլոկբաստերներ» են բեմադրում՝ ի ցույց հասարակության և աշխարհի։ Հայհոյանքը, զրպարտությունը, վիավորանքը դարձել են սովորական երևույթներ։ Քաղաքական բանավեճի որակ կոչվածն իջել է Նիկոլ Փաշինյանի՝ ռուսերենի իմացության մակարդակին, այսինքն՝ որպես այդպիսին, բացակայում է, իշխանության ներկայացուցիչների լկտիացման տեմպերն աճում են Նիկոլ Փաշինյանի՝ Ալիևի առաջ նվաստանալու տեմպերին հակադարձ համեմատական կարգով։

Սեփական թիմակիցներին դրդելով խորհրդարանական գործունեությունը վերածել թաղային լեզվակռվի՝ Նիկոլ Փաշինյանը լուծում է միանգամից մի քանի խնդիրներ։ Նախ նա այդպիսով իր թիմի անդամների մեծ մասին դարձնում է էլ ավելի կառավարելի, քանի որ խուլիգանական վարքագծի ցանկացած դրվագ ցանկացած պահի կարող է դառնալ քրեաիրավական քննության առարկա, լավագույն դեպքում՝ հեղինակին զրկելով  պատգամավորական մանդատից։

Բայց այս գործընթացով լուծվում է նաև շատ ավելի կարևոր ու խորքային խնդիր հասարակությունը վերջնականապես հիասթափվում ու նողկում է քաղաքականությունից ընդհանրապես, որովհետև մարդիկ քաղաքականությունը սկսում են նույնացնել լկտիության, ամբարտավանության, ցինիզմի, հայհոյախոսության, բանսարկության հետ։  

Կարդացեք նաև

Դա իսկական նվեր է Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության համար, որի գոյությունն ուղիղ կախվածության մեջ է Հայաստանում քաղաքական համակարգի կայացումից։ Ամենատարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով այսօր Հայաստանում քաղաքական համակարգը գտնվում է աղճատված, ցաքուցրիվ, ոչ մրցունակ վիճակում։ Դա հենց այն է, ինչ պետք է Նիկոլ Փաշինյանին, որովհետև ցանկացած պոպուլիստի թիվ մեկ թշնամին կայացած քաղաքական համակարգն է։ 

Իսկ ի՞նչ է պետք, որպեսզի քաղաքական ուժերը՝ առանձին-առանձին, և քաղաքական համակարգը՝ ամբողջության մեջ, որևէ դեպքում մրցունակ չդառնան։ Ի թիվս բազմաթիվ այլ գործոնների, դրա համար անհրաժեշտ է, որպեսզի հասարակությունը դադարի քաղաքականությունը համարել խնդիրների լուծման, այդ թվում՝ նաև իշխանափոխության միջոց։ Դրան էլ լավագույնս կարող է նպաստել քաղաքացիների շրջանում քաղաքականության հետևողական վարկաբեկումն ու հեղինակազրկումը, ինչով էլ զբաղվում է Նիկոլ Փաշինյանը սեփական խեղկատակների միջոցով։

Կարճաժամկետ հատվածում քաղաքականության ապալեգիտիմացումը կարող է լուծել իշխանության պահպանման խնդիրը։ Բայց հեռանկարային առումով դա ոչ միայն անարդյունավետ է, այլև չափազանց վտանգավոր և առաջին հերթին՝ նույն իշխանության համար։ Երբ քաղաքացիները հիասթափվում են քաղաքականությունից, բայց երկրում խնդիրները ոչ միայն չեն լուծվում, այլև ավելանում են ամեն օրվա հետ, մեծանում է այդ խնդիրներն ու դրանք ծնող իշխանության հարցերը լուծելու այլ՝ արդեն ոչ քաղաքական միջոցների դիմելու գայթակղությունը։

Այլ կերպ ասած, հեղինակազրկելով քաղաքականությունը, Նիկոլ Փաշինյանը ճանապարհ է հարթում քաղաքացիական պատերազմի համար՝ երևի հույսով, որ այդ ողբերգական պահին ինքը հասցրած կլինի ճողոպրել, և հետևանքների համար պատասխանատվություն կկրեն այսօր քաղաքականությունն այլասերող սեփական խեղկատակները։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս