«Դա ոչ թե օպտիմալացում է, այլ «Գոյ» թատրոնի վերջն է. գոյամարտը շարունակվելու է»
ԿԳՄՍ նախարարությունը շրջանառության մեջ է դրել կառավարության որոշման նախագիծ, որով «Գոյ» թատրոնը միացվելու է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոնի դերասաններ Սամվել Թոփալյանը և Արսեն Ազիզյանը նշեցին, որ «գոյամարտը» շարունակելու են, քանի դեռ ԿԳՄՍ նախարարությունը հետ չի կանգնել «Գոյ» թատրոնը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին միավորելու որոշումից:
«Մենք հանդիպել ենք ԿԳՄՍ փոխնախարարի հետ, մեզ իրազեկել են, որ կա այսպիսի որոշում: Բնականաբար, հարցեր են առաջացել, թե ինչպես է իրագործվելու այդ որոշումը, նա պատասխանել է՝ դա դեռ կքննարկենք: Սունդուկյան թատրոն-Գոյ թատրոն հարաբերությունները ստեղծագործական առումով պետք է քննարկվեին, բայց քննարկում չի եղել, և կայքում դրված է որոշման նախագիծը, որը մեզ համար անընդունելի է այն առումով, որ չկա ոչ մի մոտեցում ստեղծագործական անձնակազմի աշխատանքի վերաբերյալ: Ես, օրինակ՝ որպես դերասան, ինչ գործառույթ եմ ունենալու, ինչով եմ զբաղված լինելու: Թատրոնի տեսակի պահպանման մասին ոչինչ չկա: Բնականաբար, թատրոնի ստեղծագործական անձնակազմն այստեղ շատ վատ միտում է տեսնում: Եթե ինձ համար արվում է լավ բան, բնականաբար, առաջին քննարկումը պետք է ինձ հետ տեղի ունենա: Ի՞նչ մշակութային մարդիկ են ներգրավված եղել այդ որոշումը կայացնելու գործում:
Ամբողջ իրավաբանական, թղթաբանական հարցերը հասկացանք, բայց խնդիրը վերաբերում է թատրոնին: Պետության խնդիրն է, որ բացահայտի տանը նվագող Բախին և դարձնի դա պետական արժեք: Եթե մենք ֆինանսական առումով վատ ենք աշխատել, թերի ենք աշխատել, նաև որակում են տալիս մեր աշխատանքին գեղարվեստական առումով, ասելով, թե թատրոնը չի համապատասխանում իր փորձարարական անվանը, բայց ոչ մի ներկայացուցիչ՝ նախարարից մինչև ցածր օղակ, չեն եղել մեր թատրոնում: Սա նաև վիրավորական է և ոչ պրոֆեսիոնալ մեր հանդեպ»,- ասաց Արսեն Ազիզյանը:
Սամվել Թոփալյանի խոսքով՝ եթե քննարկում տեղի ունենար, ապա դրա արդյունքում գուցե հնարավոր լիներ ինչ-որ եզրահանգման գալ. «Այդ հանդիպման ժամանակ միայն տեղեկացվել է որոշման մասին և դրանով ավարտվել է: Շատ հաճախ ասում են՝ մենք համաձայնել ենք ինչ-որ բաների. մենք համաձայնել ենք, որ, այո, թատրոնն ունեցել է ֆինանսական խնդիրներ, բայց կան հարցեր, որոնց հետ իսկապես չենք համաձայնել, մենք հենց այդ օրը դեմ ենք եղել այդ ծրագրի իրականացմանը՝ ֆիքսելով, որ դա ոչ թե միացում է, օպտիմալացում է, այլ դա մեր թատրոնի վերջն է:
Չգիտեմ՝ ուրիշ թատրոններում ինչպես են ներքին հարաբերությունները, համենայնդեպս, մենք միաձայն հայտարարեցինք, որ մեզնից ոչ ոք չի իջնելու Սունդուկյան թատրոն, ոչ թե նրա համար, որ մենք վատ հարաբերություններ ունենք, այլ, որ մենք ունենք մեր սկզբունքները, մեր ապրելու, ստեղծելու, ստեղծագործելու կանոնները: Դա դրվել է Արմեն Մազմանյանի կողմից: 35 տարեկան է դառնում մեր թատրոնը, այն հիմնել են Արմեն Մազմանյանը, Արթուր Սահակյանը, Սամսոն Ստեփանյանը, ու այնտեղ հիմա նաև աշխատում է Արմեն Մազմանյանի թողած 4 սերունդը: Այդ միջավայրը փոխելու իմաստը չեմ հասկանում»:
Դերասանները նշեցին, որ գոյամարտը շարունակվելու է:
«Թատրոնն իր տեսակով պայքարի մի ձև է. «Գոյ» թատրոնը նաև բեմում ունի իր ստեղծագործական պայքարը, իր առանձնահատկությունները»,- ընդգծեց Արսեն Ազիզյանը:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում