«Էլ ինչպե՞ս ասենք, որ սրանք երկիրը հիմնովին քանդելու ծրագիր ունեն». հունիսի 6-ին հայտնի կդառնա «Գոյ» թատրոնի հետագա ճակատագիրը

Հունիսի 6-ին դատարանը կհրապարակի Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն-թատրոնի վերաբերյալ վճիռը։

Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Արթուր Սահակյանը։

Նրա փոխանցմամբ՝ մայիսի 16-ին այս գործով տեղի է ունեցել վերջին դատական նիստը, որտեղ ԿԳՄՍՆ ներկայացուցիչը, որի անունը չի հիշում, դատարանում հայտարարել է, թե թատրոնի անձնակազմն իրավունք չունի որևէ բանից բողոքելու, քանի որ այլևս գոյություն չունի, որպես այդպիսին։

«Եթե մենք այսօր այդ թատրոնում չենք, ապա ԿԳՄՍՆ-ի ապօրինի որոշման արդյունքում է։ Ինքս այդ ժամանակ դուրս եկա դահլիճից, որպեսզի այդ պաշտոնյայի խոսքը չլսեմ, իսկ երբ խոսքի իրավունքը տվեցին թատրոնի անձնակազմին, ես հստակ հայտարարեցի, որ իշխանության ապօրինության հետևանքով թատրոնի անձնակազմը 1 տարի է՝ չի աշխատում, մարդկանց դարձրել են գործազուրկ: Թատրոնից այլ մարդիկ ևս իրենց խոսքը հստակ ասացին։

Կարդացեք նաև

Մենք գնացել ենք ճշմարտության ու արդարադատության հետևից, եթե այն կա, ուրեմն մենք պետք է դատը շահենք։ Եթե մենք այստեղ այդ արդարադատությունը չգտնենք, թեկուզ ինքս միայնակ, թեպետ վստահ եմ, բոլորն ինձ հետ կլինեն, կգնամ մինչև Եվրոպական դատարան։
Ախր ինչպե՞ս կարող են մտնել մարդու տուն ու այդ տունը քանդեն, հիմա մեր թատրոնի դահլիճը քանդել են, նստատեղերը քանդել հանել են»,- շեշտեց Արթուր Սահակյանը։

Նրա բնորոշմամբ՝ «Գոյ» թատրոնի դահլիճի ու նստատեղերի քանդումը ևս մեկ հանցագործություն է։ Չգիտեն, թե թատրոնի մեծ դեկորները որտեղ են, քանի որ այդ դեկորները թատրոնի սեփականությունն է եղել, դրանք դերասաններն են տարել թատրոն։

«Ինքս վաղուց եմ ասել, որ այս իշխանությունները եկել են ամեն ինչ քանդելու, փչացնելու, ոչնչացնելու։ Ասել եմ, որ կլինի այն, ինչ թույլ կտան, որ իրենց հետ անեն, այսինքն՝ ժողովուրդն ինչ հանդուրժեց, դա էլ անելու են։ Մեր թատրոնով, Պատանի հանդիսատեսի թատրոնով չեն սահմանափակվելու, շատ բաների են հասնելու ու քանդելու։ Էլ ինչպե՞ս ասենք, որ սրանք այս երկիրը հիմնովին քանդելու ծրագիր ունեն»,- ընդգծեց Արթուր Սահակյանը և հավելեց, որ դատարանի որոշումից է կախված՝ հաջորդ քայլով գնալո՞ւ են Վերաքննիչ դատարան, թե՞ ոչ։

Հիշեցնենք, որ 2023 թվականի գարնանը Կառավարությունը որոշեց Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն-թատրոնը միավորել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։ Սակայն այս որոշմանը դեմ արտահայտվեց «Գոյ» թատրոնի անձնակազմը և որոշեց դատական կարգով պաշտպանել իր շահերը։ Նրանց պայքարը մինչև օրս շարունակվում է։

Տեսանյութեր

Լրահոս