Բառ չունեմ նկարագրելու այն անձանց, ովքեր խելոք կանգնել ու լսում էին Աննա Հակոբյանին. Աստղ Գալեյան
«Մեր երկրի սահմաններն օրեցօր փոքրանում են, որը շատ ցավալի է մեզ համար, որովհետև Հայրենիքի համար ամենաթանկը մենք վճարեցինք, ու դեռ վճարում են շատ ծնողներ՝ իրենց որդիների կյանքի գնով»,- հերոս Էրիկ Եղիազարյանի հիշատակին անվանակոչված մարզահրապարակի բացման արարողության ժամանակ 168.am-ի հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը:
Նրա խոսքով՝ սահմանում կատարվող դեպքերի մասին, բնական է՝ կառավարությունն այնպիսի հայտարարություն պետք է անի, որ իրեն ձեռնտու լինի:
«Բայց բոլորս էլ գիտենք, թե ինչ է կատարվում սահմանում: Այո, թշնամին ամրացել է մեր երկրի սահմաններում: Իսկ Աննա Հակոբյանի հայտարարության մասով ասեմ, որ այն, ինչ արեցին, իրոք, կռվող տղաները, նրանց գործը հավասարեցրեց զրոյի:
Եթե դասալքության այդքան հստակ թիվ կա՝ 11.000, ես համոզված եմ, որ իրենք 100 տոկոս գիտեն 44-օրյա պատերազմի զոհերի թիվը՝ անուն առ անուն: Պահանջում ենք, որ հրապարակեն: Կուզեի իմանալ, թե գերեվարված, անհետ կորած, վիրավոր քանի տղաներ ունենք: Ինքը նաև ասաց, թե ծնողը պետք է վաստակի, որ գնանք իր մոտ. այդ վաստակը ո՞նց է, ծախվելո՞վ: Դա ի՞նչ է նշանակում: Մենք այնքան վաստակ ունենք, այնքան բան ունենք արած այս երկրի համար, որ նման արտահայտություն անելը շատ ամոթ է:
Եվ այն մարդիկ, ովքեր կանգնած էին այնտեղ ու խելոք լսում էին այդ նախադասությունները, բառ չունեմ նկարագրելու: Ես չգիտեմ, սա իրականությո՞ւն է, թե՞ երազ:
Ո՞նց կարելի է ծնողին նման բան ասել: Ծնողները երեխա են տվել Հայրենիքին և արդեն վաստակել են այդ պատիվը: Մենք չենք ասում՝ մեզ հյուր արի, մենք չենք էլ ուզում: Թույլ էլ չենք տա քեզ՝ հյուր գալ մեր տղաների շիրիմներին, բայց նման արտահայտություն անելն ուղղակի ամոթ է»: