Երկու թիրախ են դրել, երկուսն էլ ձախողել են

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը տնտեսության ոլորտում երկու հիմնական թիրախներ է դրել՝ վերափոխել տնտեսության կառուցվածքը, որպեսզի հնարավոր լինի տնտեսական աճը ապահովել ոչ թե սպառման, այլ ներդրումների միջոցով և հասնել աշխատանքի արտադրողականության ու ընկերությունների արդյունավետության բարձրացմանը։ Երկու թիրախներն էլ ձախողել են։

Ո՛չ տնտեսության կառուցվածքներ է բարելավել, և ո՛չ էլ արտադրողականությունն է բարձրացել։

Տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը խոսում է տնտեսության կառուցվածքը բարելավելու մասին։ Սակայն բարելավելու փոխարեն՝ ունենում ենք վատացում։

Տնտեսության իրական հատվածի մասնակցությունը տնտեսական աճի ապահովման գործում գնալով փոքրանում է։ Փոխարենը՝ ընդլայնվում է այնպիսի ճյուղերի տեսակարար կշիռը, որոնց ազդեցությունը տնտեսական զարգացումների վրա սովորաբար նշանակալի չէ։

Կարդացեք նաև

Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Հայաստանի տնտեսության աճի կառուցվածքում առաջնային դերակատարություն ունեն առևտուրն ու ծառայությունները։ Անցած տարի առևտրի և ծառայությունների դերը տնտեսական աճի մեջ ավելի մեծացավ։

Թվում էր, թե արտաքին միջավայրից ի հայտ եկած նոր հնարավորություններն ու ռեսուրսները պետք է նպաստավոր ազդեցություն ունենային տնտեսության ու տնտեսական աճի վրա։ Բայց էլի հակառակը եղավ։

Տնտեսական աճի ավելի քան 74 տոկոսը բաժին ընկավ առևտրին ու ծառայություններին։ Այնինչ՝ մեկ տարի առաջ այս երկու ոլորտների կշիռն աճի մեջ թեև էլի բարձր էր, բայց կազմել էր 63,7 տոկոս։ Ընդամենը մեկ տարում այն ավելացավ գրեթե 10 տոկոսային կետով՝ գերազանցելով նախկինում եղած բոլոր ռեկորդները, իհարկե, բացասական առումով։

Տնտեսության կառուցվածքը բարելավելու համար մեզ հարկավոր է, որպեսզի բարձրանա տնտեսության իրական հատվածի մասնակցությունը տնտեսական աճի գործում։ Սակայն բարձրանալու փոխարեն՝ նվազում է։

Տնտեսության երկու առանցքային հատվածներից մեկում, խոսքը գյուղատնտեսության մասին է, նույնիսկ նահանջ ունեցանք։ Գյուղատնտեսության մասնաբաժինը նախորդ տարի 11,1 տոկոս էր, դարձավ 10,4 տոկոս։ Եվ սա պատահական չէր, եթե հաշվի առնենք, որ գյուղատնտեսության մեջ կրկին անկում գրանցվեց։ Ընդհանուր տնտեսական աճը կազմեց 12,6 տոկոս, իսկ գյուղատնտեսությունն էլի նվազեց։ Հինգ տարի է՝ անընդմեջ նվազում է։

2018 թվականի իշխանափոխությունից հետո Հայաստանում ոչ մի տարի գյուղատնտեսության մեջ աճի չի եղել։ Արտադրության ծավալներն անընդհատ կրճատվում են, ինչն էլ հանգեցրել է տնտեսության կառուցվածքում գյուղատնտեսության դերի փոքրացմանը, իսկ առևտրի ու ծառայությունների դերի ավելացմանը։ Անցած տարի արձանագրված 12,6 տոկոս աճից 9,3 տոկոսային կետը եղել է առևտրի ու ծառայությունների բաժինը։

Միայն առևտրի կշիռը տնտեսության մեջ ավելի մեծ է, քան ամբողջ գյուղատնտեսությանը։ Վերջին տվյալներով, այն հասել է 11,8 տոկոսի։ Մեկ տարի առաջ 11,2 տոկոս էր։

Հիշեցնենք՝ գյուղատնտեսության մասնաբաժինը 11,1-ից անցած տարի դարձել է 10,4 տոկոս։ Գյուղատնտեսության կշիռը կրճատվել է, իսկ առևտրինը՝ ավելացել։

Առևտրի մասնաբաժինն անցել է նաև մշակող արդյունաբերությունից։ Մեկ տարի առաջ հակառակն էր՝ մշակող արդյունաբերությունը գերազանցում էր առևտրին։ Հիմա արդեն առևտուրն է գերազանցում մշակող արդյունաբերությանը։ Այն դեպքում, երբ տնտեսության կառուցվածքը բարելավելու համար առաջնային նշանակություն ունի արդյունաբերությունը և հատկապես՝ մշակող արդյունաբերությունը։

Մշակող արդյունաբերության մասնաբաժինը տնտեսության կառուցվածքում, վերջին տվյալներով, կազմել է 11,7 տոկոս՝ 0,1 տոկոսային կետով քիչ, քան առևտրինը։
Առևտրի ու ծառայությունների ազդեցությունը մեր տնտեսության մեջ ընդլայնվում է։ Այնինչ՝ հիմնարար ճյուղերինը սեղմվում է։ Արդյունաբերությունը, նաև էներգետիկան, անցած տարի արձանագրված 12,6 տոկոս տնտեսական աճին նպաստել են՝ ընդամենը 1,28, իսկ շինարարությունը՝ 1,23 տոկոսային կետով։

Այս ցուցանիշները խոսում են Հայաստանի տնտեսության՝ ինչպես կառուցվածքի, այնպես էլ՝ տնտեսական աճի որակի մասին։ Մեր տնտեսության կառուցվածքը մտահոգիչ է։
Այս տարվա սկզբին միտումներն ավելի են վատացել։ Տարեսկզբի տնտեսական ակտիվության առաջին արդյունքները վկայում են, որ տնտեսության կառուցվածքն էլի շարժվում է վատագույն սցենարով՝ առևտրի ու ծառայությունների մասնաբաժինը մեծանում է, իրական հատվածինը՝ կրճատվում։

Այսքանից հետո Փաշինյանը և նրա կառավարության անդամները շարունակում են խոսել թիրախների մասին։ Կարծում են, թե դրանով իրավիճակը կարող է փոխվել։ Արդյունք է պետք, իսկ արդյունք չկա։

Արդյունք չկան նաև տնտեսության արտադրողականության բարելավման առումով։
Մեր տնտեսության արտադրողականության մակարդակը ողբալի վիճակում է, անգամներով ավելի ցածր է՝ ոչ միայն զարգացած, այլև՝ զարգացող երկրների ցուցանիշից։

Հայաստանում 1 աշխատող 1 ժամում ՀՆԱ-ում ընդամենը 7 դոլարի ներդրում է անում, ինչը 7-8 անգամ ավելի ցածր է, քան Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ երկրների միջին ցուցանիշն է։

Արտադրողականության աստիճանով Հայաստանը հետ է մնում նաև ԵԱՏՄ անդամ երկրների մեծ մասից։

Սա է պատճառը, որ մեր տնտեսության մրցունակությունը ցածր է՝ ինչպես դրսում, այնպես էլ՝ ներսում։ Այն, որ ներկա իշխանությունները հպարտանում են, թե արտաքին առևտրի հսկայական աճեր ունենք, իրենք էլ լավ գիտեն, որ դրանք ո՛չ մեր տնտեսության արտադրողականության, և ո՛չ էլ մրցունակության բարձրացման հետ են կապված։ Դրանք հայտնի գործոնների արդյունք են։ Թեև այդ գործոնները լավ հնարավորություններ են ստեղծել՝ ինչպես տնտեսության կառուցվածքը բարելավելու, այնպես էլ՝ աշխատանքի արտադրողականությունը վերազինման ու տեխնոլոգիական ներդրման միջոցով բարձրացնելու համար, դա էլ չի արվում։ Հույսը դրել են հեշտ ճանապարհով ՀՆԱ աճեր ստանալու վրա, որից, սակայն, ո՛չ տնտեսության կառուցվածքն է շահում, և ո՛չ էլ աշխատանքի էֆեկտիվությունն է բարձրանում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս