«Մեկ հաջողված հետմղման օպերացիան կարող է մեղմել Ադրբեջանի սադրանքների շղթան». Խրամչիխինը՝ ադրբեջանական սադրանքների ու խաղաղապահների չեզոքության խախտման մասին

Օրերս Ռուսաստանի Դաշնությունը 44-օրյա պատերազմից հետո, ըստ էության, առաջին անգամ արձանագրեց, որ Ադրբեջանը խախտել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ռազմական սադրանքներն Արցախի դեմ վերջին ժամանակաշրջանում ավելի հաճախակի՝ գրեթե ամենօրյա ու համակարգային բնույթ են ստացել: Ուշագրավն այն է, որ նման իրավիճակներում, որոնք պատերազմից հետո քիչ չեն եղել, չեզոքություն պահպանող ռուսական կողմը սկսում է խախտել չեզոքությունը՝ հստակ արձանագրելով մեղավոր կողմին:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մարտի 25-ին հայտնեց, որ նույն օրն Ադրբեջանի զինված ուժի ստորաբաժանումը, ի խախտումն Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 1-ին կետի, հատել է կողմերի շփման գիծը Շուշիի շրջանում, «զբաղեցրել է 2094,0 նիշով բարձունքը (Սարըբաբա լեռից 2,9 կմ հյուսիս-արևելք) և սկսել դիրքի ինժեներային կահավորում»:

«Ռուսաստանցի խաղաղապահների հրամանատարությունը ձեռնարկում է ճգնաժամային իրավիճակի էսկալացիայի և հակամարտ կողմերի՝ փոխադարձ սադրանքների կանխմանն ուղղված միջոցներ»,- ասված էր Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության վերաբերյալ ՌԴ ռազմական գերատեսչության ամենօրյա տեղեկագրում:

«Ադրբեջանական կողմին է հասցվել պետությունների ղեկավարների եռակողմ համաձայնությունների դրույթների պահպանման, ինժեներական աշխատանքների դադարեցման և ազգային զինված ուժերի՝ նախնական դիրքեր հետքաշման պահանջը»,- հաղորդել էր ՌԴ պաշտպանության նախարարությունը: Սրան զուգահեռ՝ արձանագրելի է, որ մինչ այս պահը ռուսական կողմի հետքաշման պահանջը կատարված չէ:

Կարդացեք նաև

Արցախի տեղեկատվական շտաբն իր հերթին՝ հաղորդել էր, որ Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից մեկին ադրբեջանական զինված ուժերի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն: Նրանք միևնույն ժամանակ բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ՝ ապահովելու համար նրանց վերադարձը ելման դիրք:

Այսօր ևս, ըստ ՊԲ-ի, ժամը 9։00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ։ «Նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ գործողությունների շնորհիվ ադրբեջանական ստորաբաժանման առաջխաղացման փորձը կասեցվել է։ Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,- ասված էր ՊԲ այսօրվա հաղորդագրությունում:

Ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը 168.am-ի հետ զրույցում, գնահատելով իրավիճակը, ասաց, որ վերջին մի քանի շաբաթների իրադարձությունները և միջադեպերը թե՛ հայ-ադրբեջանական սահմանին, և թե՛ ղարաբաղյան շփման գծում, այդ թվում՝ ռուսական գործոնի շրջանառությամբ, ցույց էին տալիս, որ Ադրբեջանը նպատակադրված կերպով փորձում է հասնել իր նպատակներին, քանի որ բանակցային գործընթացը երկարաձգվում է: Ըստ նրա, այսպես Ադրբեջանը զուգահեռաբար մի քանի խնդիր է լուծում՝ և փորձում է որոշ, ըստ իրեն, ռազմավարական հատվածներ գրավել, և ճնշում բանեցնել ՀՀ-ի, Ղարաբաղի ու նաև Ռուսաստանի նկատմամբ՝ նպատակ ունենալով օր առաջ դուրս բերել խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղից:

«Ռուսական կողմը, ինչպես մշտապես պնդում եմ, բավականին ծանր իրադրությունում է հայտնվել, քանի որ դիվանագիտական հայտարարություններն Ադրբեջանի նկատմամբ որևէ էֆեկտ չունեն, իսկ ռազմական սադրանքները կանխարգելելու ամրագրված պարտավորություններ ռուս խաղաղապահները չունեն, և պայմանագրին չհամապատասխանող ցանկացած քայլ կդնի ռուս խաղաղապահների՝ Ղարաբաղից վաղաժամ դուրսբերման հարցը: Ուստի խաղաղապահներին, ՌԴ ՊՆ-ին մնում է բանակցելու մեխանիզմը, որն արդյունավետ չէ: Միևնույն ժամանակ ՌԴ ՊՆ-ի փոխված հռետորաբանությունը՝ վերջին երկու հասցեական հայտարարությունները, նշանակում է, որ ռուսական կողմը հասկանում է ստեղծված իրավիճակի բոլոր վտանգները և փորձում է ՌԴ-ի քաղաքականությանը ոչ բնորոշ քայլեր անել՝ խախտել չեզոքությունը: Ինչպես տեսնում ենք, Ադրբեջանի նկատմամբ արդյունավետ չեն հորդորները, իսկ զսպման շատ ավելի կոշտ մեխանիզմներ չկան: Ռուսաստանին ձեռնտու չէ որևէ չհաշվարկված քայլ Ղարաբաղում, որը կարող է անակնկալների հանգեցնել և հավելյալ լուրջ խնդիր դառնալ՝ Ուկրաինային զուգահեռ, հաշվի առնելով նաև բոլոր ուղղություններով Ռուսաստանի ուղղությամբ սադրանքները: Ռուսաստանում, կարծում եմ, հասկանում են, որ հասցեական հայտարարությունները ևս ազդեցություն չեն ունենալու»,- նման կարծիք հայտնեց ռուս ռազմական վերլուծաբանը:

Մեկ այլ խնդիր, որից խոսեց Խրամչիխինը, այն է, որ բացի ձևակերպված և բոլոր կողմերի հետ համաձայնեցված պարտավորություններից, խաղաղապահների կոնտինգենտը սահմանափակ է.

«2000-ը մեծ թիվ չէ Ղարաբաղի համար, և, բնականաբար, չի ծածկում շփման ողջ գիծը, հետևաբար՝ այդ ներկայությունը բավարար չէ բոլոր ուղղություններով սադրանքները կանխարգելելու համար: Հենց այդ պատճառով էլ դրանք տեղի են ունենում այնպիսի ուղղություններում, որտեղ, ըստ ամենայնի, չկան խաղաղապահներ, և միայն միջադեպից հետո են նրանք հայտնվում: Սա, իհարկե, խնդիր է, որը լավ հաշվարկված է Ադրբեջանի կողմից: Ուստի այդ ռեսուրսով ու չհստակեցված մանդատով խաղաղապահներին մնում է այդ թեժ կետերում կանգնել և թույլ չտալ առաջխաղացում, քանի դեռ այլ լուծումներ չեն գտնվել»,- ասաց Խրամչիխինը:

Վերջինիս համոզմամբ՝ մեկ հաջողված հետմղման օպերացիան կարող է մեղմել սադրանքների շղթան և զսպել իրավիճակից օգտվող կողմին, այս դեպքում՝ Ադրբեջանին:

Խոսելով օրերս հայ-ադրբեջանական սահմանին երկու ռուս զինծառայողների՝ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից թիրախավորման և վիրավորման դեպքից, Խրամչիխինն ասաց, որ այս հարցով կարծես զբաղվում է ՌԴ ՊՆ-ն, որը, սովորաբար, չի աշխատում հրապարակային դաշտում: Վստահաբար, ըստ նրա, կա կապ կողմերի միջև, այդ թվում՝ այս միջադեպի հարցով:

«Սակայն ընդհանուր առմամբ ՌԴ-ն ներկայումս առաջնորդվում է իր համար հավելյալ խնդիրներ չստեղծելու և Ադրբեջանի հետ համագործակցելու սկզբունքով, որը ոչ միշտ է արդյունավետ: Բայց Ռուսաստանի համար այս իրավիճակում հնարավորությունները շատ մեծ չեն, դիվանագիտական խաղի հնարավորությունները ևս նեղացել են»,- ասաց նա:

 

Տեսանյութեր

Լրահոս