Տարածքներ հանձնողի մանիպուլյացիաները և զոհերը

Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են։ Ընտրապայքարին մասնակցում է երեք քաղաքական ուժ` Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

Անվտանգային լրջագույն խնդիրներ ունեցող մարզում, համայնքում, որտեղ տների պատուհանից կարելի է տեսնել թուրքի ճանապարհը, Նիկոլ Փաշինյանին և ՔՊ նրա թիմին հաջողվել է կեղծիքներով մարդկանց որոշակի հատվածի մանիպուլացնել, մոլորեցնել, «ուղեղները լվանալ», թե իշխանափոխությունից և պատերազմից հետո նրանց վարած արտաքին քաղաքականության, գրավոր և բանավոր պայմանավորվածությունների արդյունքում Սյունիքի մարզում առաջացած անվտանգային խնդիրները, ադրբեջանական առաջխաղացումները նախկին իշխանությունների մեղքով է դարձյալ: Եվ ոմանք, առանց հասկանալու, ինչպես ասում են՝ թութակի պես կրկնում են նրանց թեզերը, որ, վերջնարդյունքում, հենց Ադրբեջանին ձեռնտու թեզերն են, և օգտագործում են մեր պետության ու ժողովրդի դեմ:

Մասնավորապես, Անգեղակոթում բնակիչներից ոմանք կարծում են, թե Իշխանասարը թշնամին իր վերահսկողության տակ է վերցրել «2015թ.-ին՝ արդեն Սերժի ստորագրածով, Կազանում»:

Բերենք ընդամենը մի քանի փաստ, որոնք ապացուցում են, որ այն, ինչ եղել է, դրա մեղավորը միայն Նիկոլ Փաշինյանն է: Իսկ 2021-2022 թվականներին պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանի զինուժը ՀՀ ինքնիշխան տարածքից օկուպացրել է ավելի քան 150 քկմ-ն:

Կարդացեք նաև

Փաստ առաջին

2021 թվականի մայիսին Ադրբեջանը մի քանի ուղղություններով ներխուժեց ՀՀ ինքնիշխան տարածք, այդ թվում՝ Սյունիքի մարզի հատվածում: 2021թ. մայիսի 12-ին Նիկոլ Փաշինյանը ԱԽ նիստում հայտարարել էր.

«Այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերն այդ տեղանքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր, ըստ էության, փորձ են անում պարփակել Սև լիճը»:

2022 թվականին Hetq.am-ը մանրամասն ուսումնասիրություն էր ներկայացրել, որ թշնամին Սև լճի հատվածում վերահսկում է ռազմավարական բարձունքներ և 13 քկմ տարածք:

«Մայիսի 12-ին ադրբեջանցիներն ապօրինաբար առաջացել ու զբաղեցրել են երկու լճերին հարակից բարձունքները ՀՀ սուվերեն տարածքում՝ հսկողություն սահմանելով ոչ միայն դրանց և ավելի ցածրադիր տարածքների հանդեպ, այլև տեսադաշտ բացելով դեպի Գորիս: Ըստ խորհրդային քարտեզների՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանն անցնում է Սև լճի վրայով: Լճի հայելու մակերեսը, համաձայն «Google»-ի քարտեզի, 1,7 քկմ է (170 հեկտար), որից Ադրբեջանի տարածքում է գտնվում 0,3 քկմ-ն (30 հա), այսինքն՝ ընդամենը 18 տոկոսը, այնինչ այսօր ամբողջ լիճը հայտնվել է թշնամու վերահսկողության ու դիտարկման տակ»,- գրել էր «Հետքը» և հավելել.

«Ադրբեջանցիները Սև լճի մոտ զբաղեցրել են ռազմավարական նշանակության երկու լեռ. 3451 մ բարձրություն ունեցող Փոքր Իշխանասար լեռնագագաթը՝ արևմուտքից (ներքևի լուսանկարում ամենից ձախ գտնվող կապույտ կետն է) և Գլուխ Ձագեձորի գագաթը (3233 մ)՝ հարավից (ներքևի լուսանկարում ամենից աջ գտնվող կապույտ կետն է)»: Այսինքն, իշխանությունների և իշխանամերձ շրջանակների այդ օրերին արված պնդումները, որ լճի հանդեպ հայկական ուժերն ունեն վերահսկողություն, իրականությունը չէին համապատասխանում:

Փաստ երկրորդ

2021 թվականի մայիսի վերջին Արաբկիր վարչական շրջանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրների հետ հանդիպմանը, Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Սյունիքում տիրող իրավիճակին և Սև լճին՝ նշել էր.

«ԽՍՀՄ քարտեզներ հրապարակվեցին, բոլորս տեսանք, որ սահմանի վերևի մի հատվածն անցնում է ջրի միջով՝ 20-30 տոկոս: Հիմա մենք նայենք, ուսումնասիրենք՝ եթե, իրոք, այդպես է, ասենք՝ հա՞, թե՞ ասենք՝ Սև լճի այդ 30 տոկոսի համար պատերազմ ենք սկսելու։ Ո՛չ, այդպես չի լինում ուղղակի, մենք չենք գնալու իրավիճակի սրման ճանապարհով, այս հարցը լուծելու ենք խաղաղ ճանապարհով»:

Մինչդեռ արդեն այդ ժամանակ փաստացի Սև լճի տարածքն ամբողջությամբ գտնվում էր ադրբեջանական վերահսկողության տակ, սա փաստում էին և՛ ադրբեջանական լրատվամիջոցները, և՛ հայկական:

Փաշինյանը ընդամենը ուղեղի վերջնական լվացումներն էր անում՝ հող նախապատրաստելով նոր տարածքային զիջումների համար:

Մասնավորապես, «Զանգեզուր» TV-ն մոտ 2 շաբաթ առաջ հեռարձակված ռեպորտաժում նշել էր, որ թյուր է կարծիքը, թե Սև լիճը վերահսկում է հայկական կողմը, իրականում մի փոքր հատված է ընդամենը թողել Ադրբեջանը՝ 10 տոկոս, այն էլ, այսպես ասած, ձևի համար։ Այսինքն, խնդիրը, բնավ 30 տոկոսը չէ, ինչպես պնդում էր Նիկոլ Փաշինյանը:

Փաստ երրորդ

2021թ. մայիսի 16-ին, երբ արդեն ադրբեջանական զինծառայողները 4 օր էր՝ ինչ ներխուժել էին ՀՀ ինքնիշխան տարածք, այդ թվում՝ Սև լճի, ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակեց դեռևս 1929թ. հաստատված քարտեզները, որոնց համաձայն՝ Սև լճի հիմնական մասը, ինչպես նաև լճից հարավ և հարավ-արևելք ընկած բլուրները, որոնք զավթել է Ադրբեջանը, Խորհրդային Հայաստանի սահմաններում են։ Այսինքն, Սև լիճը, բացի հյուսիսային փոքր հատվածից, ամբողջությամբ Հայաստանի տարածքում է։

Մինչդեռ ադրբեջանական կողմը, կեղծ քարտեզները ձեռքին, շարունակում էր պնդել, որ դուրս չեն գալու այդ տարածքներից, ակտիվորեն դիրքերի բարելավում և ինժեներական և ամրաշինական աշխատանքներ էր իրականացնում, իսկ հայկական կողմը ունենալով իր ձեռքին ԽՍՀՄ ԳՇ քարտեզը, ոչ միայն դա չօգտագործեց ընդդեմ Ադրբեջանի սանձարձակումների, այլև համակերպվեց թելադրված այդ խայտառակ իրողության հետ: Ավելին, Նիկոլ Փաշինյանն առաջարկեց զորքերի հետքաշում Սոթքից մինչև Խոզնավար, ՌԴ կամ միջազգային ուժերի տեղակայում և սահմանազատման գործընթացի մեկնարկ:

Փաստ չորրորդ

Ի դեպ, ըստ տարբեր տեղեկությունների, 2021թ. օգոստոսին պաշտպանության նախարար նշանակված Արշակ Կարապետյանն ամիսներ հետո՝ նոյեմբերին, ազատվեց պաշտոնից նաև հենց Սև լճի լուրջ իրադրության համատեքստում:

Նոյեմբերի 7-ին պաշտպանության արդեն նախկին նախարարն այցելել էր Սյունիքի մարզ, մասնավորապես` Սև լճի տարածք: Նոյեմբերի 10-ին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել այն մասին, թե իբր ՀՀ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև, և, որ մի խումբ հայ զինծառայողներ հայտնվել են շրջափակման մեջ։

Ավելի ուշ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե 60 հայ զինծառայող հայտնվել է շրջափակման մեջ, և միայն ռուսական կողմի միջնորդությամբ են նրանք ազատ արձակվել։

ՀՀ ՊՆ-ն սա որակել էր ապատեղեկատվություն և պնդել՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ իրադրությունը Սև լճի տարածքում գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։

168.am-ին հայտնի էր դարձել, որ Սև լճի տարածքում հայկական կողմը, ադրբեջանական դիրքի հարևանությամբ, նոր դիրք է դրել: Սա հաստատեցին ավելի ուշ նաև ադրբեջանական տելեգրամյան ալիքները:

«Արշակ Կարապետյանը «դոստուպ» է ստացել Սև լճի մոտ հասնելու՝ այն բանից հետո, երբ հայկական կողմը նոր դիրքեր է դրել այդտեղ»,- գրել էին ադրբեջանական օգտատերերը:

Նոյեմբերի 14-ին ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել: ՊՆ-ն միաժամանակ շեշտել էր, որ սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները, թե սահմանային այդ հատվածում հայկական տարածք ադրբեջանական ԶՈՒ զրահատեխնիկա է մտել՝ չի համապատասխանում իրականությանը։

Ավելի ուշ հրավիրված Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ՊՆ-ին «մեղադրել» էր ստախոսության մեջ և հայտարարել, որ ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետևանքով ՀՀ ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ ադրբեջանական զինտեխնիկան և զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանի՝ Արշակ Կարապետյանից ազատվելու որոշման պատճառը դիրքեր տալ-չտալու շուրջ եղած տարաձայնություններն են եղել:

Փաստ հինգերորդ

Նոյեմբերի 26-ին ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը մանրամասն ներկայացրել էր ՀՀ ինքնիշխան տարածքում իրենց տարածքային հաջողություններն ու առաջխաղացումները:

Մասնավորապես, նշվում էր, որ իրենց ուժերի անարյուն տեղաբաշխումը հանգեցրել է տեսադիտարկման և ուղիղ կրակի ազդեցության հատվածի ընդլայնման՝ հայկական Վերիշեն գյուղի և Գորիս քաղաքի հարավ-արևելյան ուղղությամբ, ինչպես նաև՝ Շաքիի ու Իշխանասարի ուղղությամբ: Այսինքն, նրանք զբաղեցնում են Քիլիսալի լեռը:

Նշենք, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական ռազմական գործողություններն ընթացել են Քիլիսալի լեռան շրջակայքում:

 Փաստ վեցերորդ

2022թ. սեպտեմբերի 13-14 մարտերի ժամանակ Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվել էր 5 ուղղղություններով: Սրա արդյունքում, ըստ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի, դիրքային կորուստներ ունեցել ենք Ներքին Հանդի, Ջերմուկի, Իշխանասարի, Կուտականի ուղղությամբ:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ սեպտեմբերյան մարտերի ժամանակ հայկական կողմը կորցրել է մոտ 50 դիրք:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում տարբեր ժամանակահատվածներում ադրբեջանական զորքերը, հատկապես Սյունիքի սահմանային հատվածներում, առաջխաղացումներ են ապահովել, մասնավորապես՝ Ջերմուկի, Իշխանասարի, Սև լիճ-Խոզնավար հատվածի, Արավուսի, Ճակատենի, Ներքին Հանդի, Նռնաձորի ուղղություններում կարևոր ռազմավարական կետեր են գրավել, որոնք բոլորն էլ ՀՀ սուվերեն տարածքի մաս են։ 

Հիշատակված բոլոր փաստերը կարելի է շարունակել, բայց թերևս այսքանն էլ բավական է մտածող մարդու համար՝ հասկանալու, որ Սյունիքի մարզում անվտանգային խնդիրների միակ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, ով, թերևս, հասկանում է, որ Սյունիքը գեոպոլիտիկ նշանակություն ունի, և փորձում է մտնել տարբեր գործարքների մեջ:

Իսկ անգեղակոթցիների հիշատակած Կազանի չստորագրված փաստաթղթում ոչ մի բառ չկար Իշխանասարի, Սև լճի մասին, այն մասին, որ թուրքի ճանապարհն իրենց պատուհաններից տեսնելու են: Բայց եթե շարունակեն հավատալ Նիկոլ Փաշինյանի մանիպուլյացիաներին, ով անձամբ հրամայել էր Սյունիքից հետ քաշել հայկական զորքը, թշնամուն հանձնել ռազմավարական նշանակության ճանապարհները, ապա վաղը թուրքի գլուխը ներս է մտնելու իրենց պատուհաններից:

Տեսանյութեր

Լրահոս