Իմ տնից թուրքի ճանապարհը երևում է, վախի մեջ ապրող մարդիկ ենք. Սիսիանի բնակիչ

Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են։ Ընտրապայքարին մասնակցում է երեք քաղաքական ուժ` Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը և «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որի թեկնածու Արմեն Հակոբջանյանը Սիսիանի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է։

Ընտրատեղամաս եկած Սիսիան համայնքի բնակիչը 168.am-ի հետ զրույցում առաջնային խնդիրների շարքում նշել է քաղաքային տրանսպորտի վիճակը, որպեսզի երթուղին ընդլայնվի և բոլորին հասանելի լինի:

«Այսօր գիծը, տարածքը շատ կարճ է, քիչ մարդ է օգտվում: Կարևոր հարց է նաև հիվանդանոցի խնդիրը, դա կլուծվի, որ նոր շենք ունենանք: Բայց եղածից էլ գոհ ենք»,- հավելել է նա:

Ինչ վերաբերում է անվտանգային խնդիրներին, 168.am-ի զրուցակիցն ասել է, որ սկսել են վախով ապրել սեպտեմբերյան առաջխաղաղացումներից հետո, երբ թուրքը բարձունք գրավեց:

«Իմ տնից թուրքի ճանապարհը երևում է, մինչ այս այսքան վախով չենք ապրել: Մեր վախերը շատացան 2020 թվականից հետո, երբ ունեցանք բազմաթիվ երիտասարդների կորուստ: Դա մեզ վրա սև գիծ թողեց, անձամբ ես շատ մեծ կորուստներ եմ ունեցել»,- շարունակել է սիսիանցի բնակչուհին:

Երեկ թշնամին Արցախի հատվածում հատել է շփման գիծը, և Ադրբեջանի առաջխաղացման հետևանքով Ստեփանակերտը Շուշիի 4 գյուղերին կապող Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհն անվտանգության նկատառումներով փակ է:

Ի՞նչ ելք է տեսնում այս իրավիճակից շարքային սիսիանցին՝ հարցին մեր զրուցակիցը նպատասխանել է, որ ինքն այդ հարցին չի կարող պատասխանել, չի ցանկանում փոքր լինելով մեծ խնդրին խառնվել:

«Երկրի ղեկավարն անում է ամեն ինչ, նրան դեմ են տվել դատարկ կաթսա, ուզում են ուտել ամենահամեղ պատառը: Բայց կաթսան պետք է լվացվի, լցվի»,- շեշտել է նա:

Հակադարձմանը, որ քիչ առաջ ասում էիք, որ նախկինում վախով չեն ապրել, իսկ հիմա այլ բան եք ասում, սիսիանցին արձագանքել է, թե պատերազմական վիճակ չեն ապրել, հետո հավելել. «Չնայած այդքան կորուստներին, Նիկոլ Փաշինյանին վստահում եմ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս