«Սկզբունքային» նախարարն ու սահմանի բացման հեռանկարները
Մինչ մեր տարածաշրջանում և Հայաստանի շուրջ Ադրբեջանի ու Թուրքիայի միասնական ջանքերով լարվածությունը չի թուլանում, իսկ խաղաղության դարաշրջանի հեռանկարները չեն երևում, Հայաստանի իշխանությունները հետևողականորեն պատրաստվում են Թուրքիայի հետ ցամաքային սահմանի բացմանը։ Սպասվում է, որ արդեն այս տարվա կեսերին սահմանը կբացվի երրորդ երկրների քաղաքացիների համար։
Թուրքիային սահմանակից Մարգարա գյուղում Պետեկամուտների կոմիտեն արդեն հասցրել է նվիրատվության կարգով հողատարածք և շենք-շինություններ ստանալ, որոնք սահմանի բացման դեպքում պետք է ծառայեն երկու երկրների միջև մաքսային գործընթացների կազմակերպմանը։
Թեև այս փուլում դեռ չի խոսվում ցամաքային սահմանի լիարժեք բացման և այդ ճանապարհով ազատ առևտրի իրականացման մասին, այնուհանդերձ իշխանությունները նախապատրաստվում են նաև դրան։ Էկոնոմիկայի նախարարը վերջին շրջանում ակտիվորեն փորձում է հիմնավորել սահմանի բացման նպատակահարմարությունը։ Այնինչ՝ կար ժամանակ, որ կողմ էր Թուրքիայի նկատմամբ էմբարգոյի կիրառմանը և հայկական արտադրողներին թուրքական ապրանքների էքսպանսիայից պաշտպանելու գաղափարին։ Բայց դա այն ժամանակ, երբ պատերազմից հետո կառավարությունը որոշել էր տուրք տալ հասարակության տրամադրություններին ու արգելանք կիրառել թուրքական ներմուծումների նկատմամբ։
Հետո կառավարությունը մտափոխվեց և վերացրեց էմբարգոն։ Այդ ժամանակ արդեն Վահան Քերոբյանը սկսեց պաշտպանել էմբարգոյի վերացման գաղափարը, քանի որ այդպես էր ուզում կառավարությունը՝ «Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ սահմաններ բացվելուն, դա ես չեմ երազում, այսպես ասած, դա արտաքին դիվանագիտության հետ կապված հարց է, իմ ֆոկուսն այսօր մեր երկրի տնտեսությունը զարգացնելն է»։
Հիմա կառավարությունը պատրաստվում է Թուրքիայի հետ սահմանի բացմանը։
Թեև տնտեսագետների շրջանում առկա բազմաթիվ մտահոգություններին, Վահան Քերոբյանն այժմ էլ հետևողականորեն հիմնավորում է հայ-թուրքական սահմանի բացման նպատակահարմարությունը։ Ասում է, թե Թուրքիայի հետ ցամաքային սահմանի բացումը Հայաստանի տնտեսության համար ոչ թե վտանգ է, այլ հնարավորություն։
«Թուրքիայի հետ սահմանը ներմուծման առումով վաղուց արդեն բաց է։ Թուրքական արտադրողները Հայաստանում իրենց ապրանքը իրացնելու որևէ խնդիր չունեն, և դա անում են վաղուց։ Այլ բան է, որ հայկական ընկերությունները թուրքական շուկայի հասանելիություն դեռևս չունեն, և մենք վստահ ենք, որ սահմանի բացումը ավելի շատ հնարավորություն է, քան վտանգ»,- սահմանի բացումը հիմնավորում է Վահան Քերոբյանը։
Այդ հնարավորությունից օգտվելու համար, նրա կարծիքով, հայկական ապրանք արտադրողները պետք է կարողանան բարձրացնել իրենց արտադրողականությունն ու աշխատանքի արդյունավետությունը։
«Լինել անգրագետ, կներեք կոպիտ արտահայտությանս համար, լինել ցածր արտադրողականությամբ և հուսալ, որ կառավարությունը պետք է արհեստական պատնեշներով պաշտպանի իրենց, չի կարելի։ Դա անբնական է, և, եթե այդպես ենք անում, ապա վնասում ենք սպառողների շահերը»,- արդարանում է էկոնոմիկայի նախարարը։
Տնտեսությունից քիչ թե շատ հասկացող որևէ մեկը երբեք չի կարող ասել, որ փակ սահմանները լավ են տնտեսության համար։ Ամբողջ խնդիրն այն է, թե Հայաստանի տնտեսությունն այսօր որքանո՞վ է պատրաստ սահմանների բացմանը։
Էկոնոմիկայի նախարարը հայրենական արտադրության արտադրողականությունից ու աշխատանքի արդյունավետությունից է խոսում, իսկ ի՞նչ են արել մինչև հիմա էկոնոմիկայի նախարարությունն ու կառավարությունը տեղական արտադրանքի արտադրողականությունը բարձրացնելու համար։ Մեր տնտեսության արտադրողականությունն այսօր նույնքան ցածր է, որքան տարիներ առաջ։
Մրցունակության առումով վիճակը նույնիսկ ավելի վատ է։
Ցածր արտադրողականությունից բացի, այսօր Հայաստանի տնտեսությունը բախվում է նաև ֆինանսական շուկայից եկող ուժեղ ճնշման, ինչի հետևանքով արտաքին շուկաներում թուլանում է հայկական ապրանքների մրցունակությունը։ Մինչ դրամը ուժեղանում է՝ հարվածելով տեղական արտադրողին, թուրքական լիրան թուլանում է՝ արտաքին շուկաներում ավելացնելով այդ երկրի ապրանքների մրցունակությունը։
Այսպիսի քաղաքականությունը ոչ մի լավ բան չի խոստանում Հայաստանի տնտեսությանը՝ հայ-թուրքական ցամաքային սահմանի բացման և ազատ առևտրի իրականացման պարագայում, ինչքան էլ էկոնոմիկայի նախարարը փորձի հիմնավորումներ ներկայացնել՝ իշխանությունների քաղաքական նպատակահարմարություններից ելնելով։
Հայաստանի տնտեսությունը պատրաստ չէ Թուրքիայի հետ սահմանի բացմանը։ Սահմանի բացումից հետո ներքին տնտեսության վնասներն անհամեմատ ավելին կլինեն, քան այսօր կան փակ սահմանի պայմաններում։ Փակ սահմանը զսպող գործոն է ներքին շուկայում թուրքական ապրանքների մրցունակության համար։ Այն կվերանա սահմանները բացվելուց հետո։
Հայաստանի տնտեսությունն ու հայկական ապրանքները, ի տարբերություն թուրքականի, մրցունակ չեն թուրքական շուկայում։ Այն, որ անցած տարի Հայաստանից Թուրքիա արտահանումը կտրուկ ավելացավ, հիմք չէ խոսելու թուրքական շուկայում հայկական ապրանքների իրացման հեռանկարների մասին։ Հայտնի է, որ աճը գերազանցապես ոսկու, այն էլ՝ ոչ թե պատրաստի արտադրանքի, այլ՝ հումքի արտահանման հաշվին էր։
Անցած տարի Հայաստանից Թուրքիա արտահանումը կազմեց 61,2 մլն դոլար, որից շուրջ 60 միլիոնը ոսկու հումքն էր։
Ոսկու հիմնական արտահանումներն արվեցին հունիս-հուլիս ամիսներին, որից հետո ծավալները կրկին սառեցվեցին։
Այս տարվա սկզբին էլ Հայաստանից Թուրքիա արտահանումները եղել են սառեցված վիճակում։
Հունվարին արտահանումը կազմել է ընդամենը 44,8 հազար դոլար։ Այդպես է, որովհետև կրկին դադարել է ոսկու հումքի արտահանումը Թուրքիա։
Այսպիսի ծավալներով էլ իշխանությունները պատրաստվում են Թուրքիայի հետ սահման բացել, մտնել թուրքական շուկա ու մրցակցել թուրքական ապրանքների հետ։
Սահմանի բացումը միայն կընդլայնի թուրքական ապրանքների հոսքը հայաստանյան շուկա ու կմեծացնի ճնշումը տեղական արտադրության վրա։ Հատկապես այնպիսի տնտեսական ու ֆինանսական քաղաքականության պայմաններում, որն իրականացնում են այս իշխանությունները։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ