Մի՞թե կառավարությունում խելքը գլխին մի մարդ չգտնվեց
Գաղտնիք չէ, որ իշխանության մեջ բոլոր հարցերը վճռում է անձամբ Նիկոլ Փաշինյանը՝ սկսած արտաքին քաղաքականությունից, վերջացրած տնտեսությամբ, սոցիալականով, կենցաղային, այդ թվում՝ մանր-մունր խնդիրներով։ Վճռում է այնքանով, որքանով հասկանում է։ Որպես կանոն՝ նա հիմնականում չի հասկանում։
Թեև Նիկոլ Փաշինյանն իրեն այնպես է ներկայացնում, կարծես ամեն ինչի «գիտակ է», բայց իրականում ամեն ինչի մասին շատ մակերեսային պատկերացումներ ունի և գրեթե պատկերացում չունի։ Ու այդ պատկերացումներով էլ կառավարում է երկիրը՝ արտաքին քաղաքականության, անվտանգության, պաշտպանության, սոցիալական, տնտեսական հարցերն է «լուծում»՝ իրականում մեծ վնասներ հասցնելով տվյալ ոլորտին։
Իշխանության մեջ մնացած բոլորը հլու-հնազանդ կատարողներ են։ Ոչ ոք չի համարձակվում հակառակվել Փաշինյանին. վախենում են կորցնել աթոռը, հետևաբար՝ քծնում են ու կատարում նրա հրահանգները։ Շառից-փորձանքից հեռու, ինչքան կարող են՝ վայելում են իրենց պաշտոնները։
Սա է պատճառը, որ Հայաստանն այսքան անմխիթար վիճակում է։ Ո՛չ խելքը գլխին արտաքին քաղաքականություն կա, ո՛չ անվտանգություն, ո՛չ տնտեսություն, նույնիսկ սոցիալական ոլորտի հետ առնչվող ցանկացած հարց չեն կարողանում լուծել։ Ամեն ինչ կաթվածահար են արել, համատարած ձախողումներ են։
Մինչև վերջերս փորձում էին տպավորություն ստեղծել, թե այնպիսի բիզնես միջավայր են ստեղծել, որ բոլորը գոհ ու երջանիկ են, տնտեսությունը ծաղկում է, բյուջեի եկամուտները գերակատարվում են, փողի պակաս չկա։ Ոչ ոք չի բողոքում՝ ո՛չ հարկային, ո՛չ մաքսային, ո՛չ տնտեսական քաղաքականությունից, որ հանկարծ չհայտնվի իշխանությունների թիրախում։
Հայտարարություններ են անում, թե իրենց վարած քաղաքականության արդյունքում տնտեսությունը բարձր տեմպերով աճում է, բյուջե մեծ գումարներ են մտնում, որ բիզնես միջավայրից, հարկային քաղաքականությունից, տնտեսական քաղաքականությունից դժգոհություններ չկան… Նման ելույթների, բարձրագոչ հայտարարությունների սուտը, սակայն, երկար չդիմացավ: Բիզնես ներկայացուցիչները սկսեցին բարձրաձայնել իրենց խնդիրների մասին:
Հանկարծ գործարար հանրությունից հրապարակային ազդակներ են գալիս, որ այդպես չէ, որ իրականում բիզնեսն ահաբեկված է, գործարարները փախչում են Հայաստանից, խուսափում են ներդրումներ անել, երկրից հանում են իրենց կապիտալը, տանում այլ երկրներ…
Պարզվում է, որ իրականում ո՛չ տնտեսությունն է ծաղկում, ո՛չ էլ բյուջեի եկամուտներն են հավաքվում։
Տնտեսական աճը փուչիկ է։
Իրական տնտեսության մեջ աճ չկա, անկում է։ Տնտեսությունից, արդյունաբերությունից, առևտրից, այլ ոլորտներից հանեք վերաարտահանումները ու կտեսնեք, որ աճ չկա, անկումային իրավիճակ է։
Քաղաքական իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանում իրականացել է մի քաղաքականություն, որը կործանել է տնտեսությունը։ Տնտեսությանը նայել են որպես կթու կով՝ փող հավաքելու միջոց։ Տնտեսական ու հարկային ամբողջ քաղաքականությունն ուղղված է եղել դրան։ Երբ բյուջեի փողերը քչություն են արել՝ հարկային քաղաքականությունն են խստացրել, հարկային բեռն են ավելացել։
Փաշինյանը և նրա կառավարության անդամները կարծում են՝ ինչքան հարկային բեռն ավելացնեն, այնքան հարկերը կավելանան։
Չեն հասկանում, որ, երբ չափից շատ ես սեղմում տնտեսությանը, բիզնեսին դնում հարկային մամլիչի տակ, չորանում է, եղածն էլ կտրվում է։ Հարկերը երկնքից չեն ընկնում՝ տնտեսություն պիտի աշխատի, որ հարկեր առաջանան։ Եթե տնտեսություն չի աշխատում, որտեղի՞ց պիտի հարկեր գոյանան։
Ինչքա՞ն կարելի է հույսը դնել վերաարտահանումների վրա։ Տնտեսությունը պետք է աշխատացնել, պայմաններ ստեղծել բիզնեսի ընդլայնման համար։ Բայց մեր դեպքում հակառակն է՝ բիզնեսը խեղդել են։
Հայտարարել են արտահանմանը միտված տնտեսական քաղաքականություն իրականացնելու մասին, այնինչ՝ այնպիսի պայմաններ են ստեղծել, որ տնտեսության արտահանելի հատվածը զրկվել է օդ ու ջրից, փակել են շնչառությունը, թուլացրել արտաքին շուկաներում մրցակցելու հնարավորությունները։ Դրա համար էլ երկիրն ու տնտեսությունն այս վիճակում են: Տնտեսական աճ կա, բայց տնտեսությունը չի աճում։
Արդեն հարկերն էլ չեն հավաքվում։
Հարկերը չեն հավաքվում, անընդհատ հարկային բեռն են ավելացնում, ճնշումն են մեծացնում, ինչ է թե՝ ավելի շատ հարկ գանձեն։ Չեն հասկանում, որ դա կարող է ընդամենը ժամանակավոր արդյունք տալ։
Այդպես արեցին, որ որոշ ոլորտներ գրեթե դադարեցին գործել։ Հիշենք ավտոմեքենաների ներմուծում-արտահանումը, որտեղից մեծ գումարներ էին գալիս բյուջե։ Իրենց կարճ խելքով՝ համարեցին, որ դա էլ քիչ է, պետք է ավելի շատ վճարեն։ Խելքից դուրս այնպիսի հարկային կարգավորումներ մտցրեցին, որ բիզնեսն ընդհանրապես մեռավ։ Ոչ միայն ակնկալիքները չարդարացան, այլև նախկին մուտքերն էլ դադարեցին։
Այսօր նաև այդ պատճառով է, որ բյուջեն խնդիրների առաջ է կանգնեցրել երկրի տնտեսությունը։ Կարծում էին, թե հարկային բեռն ավելացնելով՝ ավելին շատ հարկեր են գանձելու, բայց եղածն էլ չորացրեցին, ու այդ բիզնեսն այսօր մեռած վիճակում է, քաղաքացին կամ փակում է իր բիզնեսը, կամ արտագաղթում, կապիտալը դուրս հանում երկրից։
Նույնիսկ նախկին իշխանությունների կողմից նախաձեռնված ծրագրերի և աշխարհաքաղաքական իրավիճակով ընձեռված արտակարգ հնարավորությունները չկարողացան այս իշխանություններն օգտագործել՝ տնտեսությունն այս վիճակից հանելու համար։
Մի պահ ինչպիսի հսկայական բիզնես հոսքեր կային Հայաստան՝ ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված։ Բայց ի՞նչ արեցին։ Ինչպես հետո պիտի խոստովաներ էկոնոմիկայի նախկին նախարարը, մենք մեր ձեռքով Վրաստանին նվիրեցինք Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը։
«Դեռևս 2022թ. մարտին աշխարհի լավագույն խորհրդատվական ընկերություններից մեկը Կենտրոնական բանկի պատվերով կառավարությանը ներկայացրեց 32 կետանոց ճանապարհային քարտեզ, որի իրականացումը ոչ միայն կպահպաներ ձեռք բերված հաջողությունները, այլև կստեղծեր բարենպաստ միջավայր, որ Հայաստան գային նորարարություններ ստեղծող ձեռնարկատերերը` իրենց հետ բերելով կապիտալ, աշխատատեղեր և բազմաթիվ տաղանդավոր ու բարձրակարգ մասնագետների։ Այն մարդիկ, ում հանձնարարվել էր այդ ճանապարհային քարտեզն իրագործել, որևէ կետ այդ ծրագրից չիրագործեցին»,- վերջերս ֆեյսբուքյան իր էջում խոստովանել էր էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը։
Սա ընդամենը մեկ օրինակ է, որը ցույց է տալիս կառավարության իրականացրած տնտեսական քաղաքականության լրջությունը, եթե, իհարկե, նման քաղաքականություն ընդհանրապես իրականացվում է։ Այդ քաղաքականության արդյունքում ՏՏ-ն նվիրեցին Վրաստանին, ավտոմեքենաների բիզնեսը՝ Ղրղըզստանին։
Եղած հնարավորությունները փոշիացրել են, հիմա էլ ընկել են փոքր ու մեծ բիզնեսի հետևից, պատժամիջոցներն են խստացնում ու քրեականացնում, գործարարներին սպառնում են բանտերով ու քրեական գործերով։ Եթե հիմա տնտեսության վիճակը վատ է, ապա նման քայլերով ավելի է վատանալու։
Մի՞թե այս կառավարությունում մի խելքը գլխին մարդ չի գտնվի, որ ասի՝ այդպես չի՛ կարելի։ Բյուջեն, անշուշտ, կարևոր է, բայց ոչ ավելի կարևոր, քան տնտեսությունը։ Առանց տնտեսության, եղածն էլ չի լինելու։
Տնտեսության անկման պայմաններում անմտություն է հարկային բեռ ավելացնելն ու հարկային ճնշումը մեծացնելը։ Ընդհակառակը՝ նման իրավիճակներում բիզնեսին, քաղաքացուն պետք է աշխատելու հնարավորություններ տալ, հարկային բեռը թուլացնել, որպեսզի կարողանա հաղթահարել ստեղծված վիճակը։ Դա էլ դեռ հարց է, կկարողանա՞, թե՞ ոչ։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ