Կրծքագեղձի քաղցկեղն 90 տոկոսով առաջանում է լիովին առողջ կանանց մոտ. Ռադիոլոգ
Կրծքագեղձի քաղցկեղը կանանց չարորակ ուռուցքների շարքում առաջին տեղն է զբաղեցնում: ԱՀԿ տվյալների համաձայն՝ տարեկան 10 միլիոն դեպք է արձանագրվում, և կանխատեսումների համաձայն՝ տարեցտարի աճում է ու կհասնի մինչև 15 միլիոնի:
«6 միլիոնից ավելի կին տարեկան մահանում է այս չարիքից: Ամեն 8-րդ կինը վտանգված է հիվանդանալ կրծքագեղձի քաղցկեղով: Հայաստանում այն ևս զբաղեցնում է առաջին տեղը՝ յուրաքանչյուր տարի արձանագրվում է կրծքագեղձի քաղցկեղի 1300 առաջնային հիվանդ»,- «Հայաստանում ուռուցքաբանության ոլորտի հիմնախնդիրների լուսաբանման արդիականությունը» սեմինար-քննարկման ժամանակ ասաց բժիշկ-ռադիոլոգ Սոնա Ջիլավյանը:
Նա ընդգծեց՝ կրծքագեղձի քաղցկեղը չի հանդիսանում որևէ ինֆեկցիոն կամ վիրուսային հիվանդության հետևանք և 50 տոկոս դեպքերում առաջանում է բացարձակ առողջ կանանց մոտ:
«Կան ռիսկի որոշ գործոններ, որոնք բարձրացնում են հիվանդացության հավանականությունը, ինչպիսիք են ճարպակալումը, վնասակար սովորություններից՝ ծխելը, խմելը: Հայտնի է, որ 40-ից բարձր տարիքի կանանց մոտ այն ավելի հաճախ է հանդիպում: Իսկ տղամարդկանց մոտ կրծքագեղձի քաղցկեղը հավանական է, որ առաջանա, սակայն այն կազմում է 1 տոկոս: Ռիսկի գործոններից են հանդիսանում նաև գենետիկ նախատրամադրվածությունը, հորմոնալ և ճառագայթային ծանրաբեռնվածությունները: Կրծքագեղձի վաղ փուլում հիմնական ախտանշաններ չեն լինում: Մամոգրաֆիան հանդիսանում է կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերման ոսկե ստանդարտ, հակացուցված է հղիության և կրծքով կերակրելու դեպքում: Մինչև 40 տարեկան կանանց մոտ կրծքագեղձն ավելի խիտ գեղձային հյուսվածք ունի և մամոգրաֆիկ հետազոտության համար մի փոքր դժվարություններ է առաջացնում, և իզուր չէ ընտրված տարիքային խումբը տվյալ հետազոտության համար»,- մանրամասնեց բժիշկ-ռադիոլոգը:
Սոնա Ջիլավյանն ընդգծեց՝ միֆ է այն տեսակետը, թե կրծքագեղձի քաղցկեղ չկա իրենց մոտ, քանի որ ընտանիքում չի եղել:
«10 տոկոս է կազմում կրծքագեղձի քաղցկեղի առաջացումն այն կանանց մոտ, ում ընտանիքում եղել է դեպք, մնացած բոլոր դեպքերում այն առաջանում է լիովին առողջ կանանց մոտ: Հաճախ նման հարց է հնչում, թե մամոգրաֆիկ հետազոտության ժամանակ առաջացած ճառագայթային դոզան վտանգավո՞ր է առողջության համար: Ուզում եմ նշել, որ այն երբեք չի կարող վնաս հասցնել առողջությանը, օգտագործվում է թույլատրելի դոզայով, և եթե կանայք հետազոտվեն պատշաճ կերպով լիցենզավորված հաստատություններում՝ նման խնդիր երբեք չի առաջանա: Կանանց նաև միշտ հետաքրքրում է 3D և 2D մամոգրաֆիայի տարբերությունը: 3D մամոգրաֆիան կրծքագեղձի շերտավոր հետազոտությունն է, որը թույլ է տալիս մանրակրկիտ հետազոտել կրծքագեղձը՝ մանր շերտերով, ինչը հնարավոր չէ 2D մամոգրաֆիայի դեպքում: Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղադրված մամոգրաֆն օժտված է այդ 3D հատկությամբ»,- ասաց բժիշկ-ռադիոլոգը: