«Տուժածներ չկան. այնպես չէ, որ միայն այսօր են կրակել, երբ տեսնում են՝ բնակիչները դաշտում աշխատում են՝ կրակում են». Ճարտարի գյուղապետ
Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ այսօր թշնամին հերթական սադրանքին է դիմել Մարտունու շրջանի Ճարտար գյուղի ուղղությամբ։
«ժամը 09:30-ի սահմաններում, Ճարտար քաղաքի բնակիչներ Հ. Հարությունյանը, Ա. Ղահրամանյանը, Մ.Ջիվանյանը, Գ.Ղուկասյանը, Կ.Դավթյանը, Ա.Ադամյանը և Դ.Դավթյանը, Ճարտար քաղաքի վարչական տարածքում գտնվող «Կլազին ձոր» կոչվող տեղամասում գտնվող խաղողայգիներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հայտնվել են ադրբեջանական զինուժի կողմից արձակված կրակի թիրախում:
Խաղողայգիներին հարակից ադրբեջանական մարտական դիրքերից քաղաքացիական անձանց ուղղությամբ հրաձգային տարբեր զինատեսակներով անկանոն կրակ է բացվել, ինչի հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները»,- նշված է Արցախի ՆԳՆ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
168.am-ի հետ զրույցում Ճարտարի գյուղապետ Վլադիկ Հովհաննիսյանն ասաց, որ թշնամու կրակոցներից չպետք է զարմանալ, քանի որ դրանք գրեթե ամենօրյա բնույթ են կրում։
«Փառք Աստծո, տուժածներ չկան, բայց այնպես չէ, որ միայն այսօր են կրակել, երբ տեսնում են՝ բնակիչները դաշտում աշխատում են՝ սկսում են կրակել։ Դե, նրանց նպատակը գիտենք՝ այնպես են անում, որ որևէ հող չմշակվի, բայց իրենց նպատակին չեն հասնի, մարդիկ շարունակում են իրենց հողերը մշակել։ Այսինքն՝ ով ինչ անում է, կրակոցներից հետո նորից շարունակում է»,- նշեց Ճարտարի գյուղապետը։
Վլադիկ Հովհաննիսյանի խոսքով՝ 44-օրյա պատերազմից հետո գյուղից որոշակի տարածքներ թշնամին օկուպացրել է, դրանք հիմնականում բերիի հողերն են՝ 60-70 տոկոսը։
«Մենք այս պահին Ճարտարում չմշակվող հող չունենք, միշտ էլ այդպես է եղել՝ անմշակ հող չենք ունեցել, հիմա առավել ևս, այսպես ասեմ՝ ճարտարցին այն լավ ժամանակներում էլ է իր հողը մշակել։
Հիմա շրջափակման պայմաններում դեռևս կարողանում ենք խնդիրները լուծել, հիմնականում սննդի հարցն է, փորձում ենք կարգավորել։ Ժողովուրդը դիմանում է, ի՞նչ անի, պետք է պայքարի, դիմանա»,- հավելեց մեր զրուցակիցը։
Նրա բնորոշմամբ՝ 90-ականներին, երբ Արցախը նույն կերպով շրջափակված էր, մարդկանց հոգեբանական վիճակն ուրիշ էր՝ հաղթողի էր։
«Այն ժամանակ մարդկանց ոգին այլ էր, մենք հաղթում էինք, ամեն օր տարածքներ էինք ազատագրում, ու մարդկանց ոգին բարձր էր, այժմ ընկճվածությունը մի քիչ շատ է, բայց արցախցին կդիմանա, փորձ ունի։ Այն ժամանակ ամենադժվարին պայմաններում նույնիսկ մենք ամեն վայրկյան հաջողություն էինք գրանցում։
Հիմա ես հույս ունեմ, որ լյոխ լավ պիտի լինի, եթե իմանանք՝ չի կարգավորվի, էլ ինչո՞ւ ենք ապրում, լավ պիտի լինի»,- եզրափակեց Ճարտարի գյուղապետը։
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետությունն արդեն 101 օր է՝ գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ։ Դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու համար, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։ Միայն Կարմիր խաչի միջնորդությամբ կարողացել են այս ընթացքում հիվանդների տեղափոխել Երևան՝ բուժման համար, ցավոք, եղել են նաև մահացության դեպքեր։