Ի՞նչ կապ ունեն 2008թ. Մարտի 1-ն ու Դատավորի օրը, կամ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն իր գլխավերևում չի կախում Կարեն Անդրեասյանի մեծադիր նկարը
Մարտի 17-ին տեղի ունեցավ Դատավորների հերթական ընդհանուր ժողովը: Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր անդամ էին ընտրում: Ընտրվեց Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր Արման Թովմասյանը՝ 144 ձայնով։
Բայց դա այդ Ժողովի միակ ուշագրավ իրադարձությունը չէր: Ընդհանուր ժողովից առաջ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանը հանդես է եկել բացման խոսքով:
ԲԴԽ ֆեյսբուքյան էջում այդ ելույթի ոչ ամբողջական տարբերակը, իհարկե, տեղադրված է, բայց ընդհատված՝ ամենահետաքրքիր տեղում: Դրան դեռ կանդրադառնանք:
Նախ, Կարեն Անդրեասյանն իր ձեռքբերումը համարեց այն, որ առաջին անգամ է, որ Դատավորների ընդհանուր ժողովին այդքան շատ դատավորներ են ներկա: Հետո ասաց՝ ուղիղ 10 տարի առաջ հենց այս օրերին ես հանդիպում էի ոչ թե դատավորների հետ, այլ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակի՝ իրենց աշխատակիցների հետ, և ասում, որ ժամանակն է հարված հասցնել անիրավ դատավորներին.
«2013թ.՝ ուղիղ 10 տարի առաջ այս օրը, տեղի է ունեցել հետևյալը: Այն ժամանակ 230 դատավորներից այսօր 114-ն արդեն դուրս է եկել, այսինքն՝ գերակշիռ մեծամասնությունը փոխվել է: Տեղի է ունեցել համակարգի ինքնամաքրում»,- ինչ-որ անհոդաբաշխ մտքեր է հայտնել ԲԴԽ նախագահը՝ այդպես էլ տեսանելի չդարձնելով, թե 114 դատավորի՝ համակարգից դուրս գալն ի՞նչ կապ ուներ 2013թ. մարտի 17-ի հետ:
Ինչևէ, Կարեն Անդրեասյանն այլ թվեր էլ է հրապարակել:
«Այսօր, փաստորեն, Հայաստանում կա 280 դատավոր: Դրանցից 144-ին նշանակել են հեղափոխությունից՝ 2018թ.-ից հետո… Մենք ունենք երիտասարդ, նոր, առողջ, ուժեղ դատավորներ՝ մեր փորձված, լավ, ազնիվ դատավորների կողքին, հետևաբար՝ մենք մեր մաքրումը, մեր զտումը, մեր աշխատանքի բարելավումը կանենք ինքներս, ինչպես դա թույլ է տալիս Սահմանադրությունը, մեր աշխատանքը լավացնելով և մենք մեր պայքարը տանելով»,- դեմքի ակնհայտ երջանիկ արտահայտությամբ ասել է ԲԴԽ նախագահը:
Դե, բնականաբար, նա չի ասել, որ իրենց նոր նշանակված դատավորների մի մասն այսօր անգործ է, որովհետև գործող իշխանությունները ստեղծել էին «կալանք տվող» դատարան, հետո կարճ ժամանակում «գցել ոտքերին» ու որոշել հետողորմեա անել:
Կարեն Անդրեասյանը, իհարկե, չի խոսել այն մասին, որ իր ասած զտումը որոշ դեպքերում տեղի է ունենում իր, բառի բուն իմաստով, գործընկեր ու հովանավորյալ Մեսրոպ Մակյանի խոսքերով ասած՝ կոնսենսուսով, միաձայն դատավորների լիազորություններ դադարեցնելու եղանակով:
Չի ասել նաև, որ դատավոր «դարձնելու» կարգն այնքան են պարզեցրել և պարզեցնում, որ համակարգ է սողոսկում ով ասես:
Բայց դա իրեն հետաքրքիր չէր. կարևորը, որ 2018թ.-ից հետո դատավոր դարձածները հիմնականում անտրտունջ ու հլու-հնազանդ կատարում են այն, ինչ իրենց ասվում է: Ընդհանուր գովաբանական ու ձևական դատավորների հաստիքների պակասից ու իրենց սիրած կոռուպցիայից խոսելուց հետո Կարեն Անդրեասյանն անցել է իր ասելիքի բուն իմաստին:
Բայց մինչ այդ նաև նշել է, որ կարևոր ձեռքբերում է խոսնակների ցանցի ստեղծումը, և, որ երբ հանրությանը հետաքրքրում է, խոսնակների միջոցով կարող են իմանալ՝ ինչո՞ւ տվյալ անձը կալանավորվեց կամ չկալանավորվեց:
Կարեն Անդրեասյանն այստեղ մանր «շուստրիություն» է անում, որովհետև ինքը լավ գիտի, որ, օրինակ՝ մինչդատական վարույթի ժամանակ քննությունը գաղտնի է, և խոսնակները չեն կարող ծանոթանալ գործի նյութերին, որ դեռ մի բան էլ հանրությանը տեղեկացնեն: Կարեն Անդրեասյանը լավ գիտի, որ, բարեբախտաբար, համակարգում մնացել են այնպիսի սկզբունքային դատավորներ, ովքեր թույլ չեն տա, որ որևէ խոսնակ ծանոթանա այդ գործի նյութերին, որ մի հատ էլ ասի՝ ինչու է կալանավորվել կամ չի կալանավորվել տվյալ անձը:
Բոլորն են հասկանում, որ այդ ցանցի ստեղծման իրական նպատակը դա չէ, այլ դատավորներին լռեցնելը, որ ամեն ինչ այդ ցանցով անեն ու իրենց հարմար առիթով ոչ ցանկալի դատավորներին անցկացնեն կարգապահական վարույթի միջով ու պատժեն նրանց:
Ի դեպ, այս մասին Կարեն Անդրեասյանն ասել է թե՛ հայտնի Դիլիջանյան հանդիպման ժամանակ, և թե՛ վերջին Ջերմուկի հանդիպման ժամանակ, երբ աչքից հեռու հանդիպում էր դատարանների նախագահների հետ:
Պնդում ենք՝ Ջերմուկյան հանդիպման ժամանակ Կարեն Անդրեասյանը բառացիորեն ասել է դատավորներին, որ այսուհետ ոչ ոք չի խոսելու, և ով խոսեց՝ հետևանք է ունենալու:
Հատկանշական է, որ հատկապես առաջին շարքում նստած ԲԴԽ կազմն ու Վճռաբաբեկ դատարանի դատավորները շատ ուշադիր էին հետևում իրենց նախագահին: Զգացվում էր, որ Մեսրոպ Մակյանը ճիշտ է, ու ԲԴԽ-ում կատարյալ կոնսենսուս կա:
Կարեն Անդրեասյանը սկսել է նրանից, որ պարզվում է՝ հայ ազգային, պետական կամ կրոնական տոնացույցում գոյություն չունի դատավորի կամ դատական ծառայողի օր:
«Գոյություն ունի ուսուցչի, բժշկի, քննչական, դատախազության օր: Բոլոր մասնագիտությունների օրը գրեթե գոյություն ունի, դատավորի օրը գոյություն չունի: Ես առաջարկում եմ առաջիկա ամիսներին, մինչև մեր ապրիլյան օրենսդրական փաթեթը մտնի շրջանառության մեջ, իրար հետ մտորենք: Ձեր բոլոր առաջարկությունները խնդրում եմ ուղղորդել ԲԴԽ անդամ Երանուհի Թումանյանցին, ով համակարգում է օրենսդրական ամբողջ աշխատանքը, ձեր առաջարկները ո՞ր օրը լինի դատավորի, կամ դատական ծառայողի, կամ ՀՀ արդար անկախ դատարանի օր»,- ասել է նա:
Ու հենց այստեղ հնչել են բուռն ծափահարություններ… Իհարկե, հրապարակված տեսանյութի մեջ:
Բայց բանն այն է, որ Կարեն Անդրեասյանի խոսքն այդտեղ չի ավարտվել: Հաջորդիվ, 168.am-ի տեղեկություններով, նա խոսել է 2008թ. Մարտի 1-ի մասին:
Իհարկե, միայն վառ երևակայություն ունեցող մարդը կարող էր դատավորի օր սահմանելու մասին իր առաջարկը բերել-կապել 2008թ. Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների հետ ու քաղաքական դիվիդենտներ շահել, մի բան, որ ԲԴԽ նախագահին արգելված է օրենքով, բայց, վստահաբար, Կարեն Անդրեասյանը դրա պակասը չունի:
Իր խոսքի շարունակության մեջ ԲԴԽ նախագահն ասել է, որ ինքը կառաջարկեր, որպեսզի դատավորի օր սահմանվեր Մարտի 1-ը, որը գարնան առաջին օրն է, շատ խորհրդանշական օր, բայց որը, ցավոք, իրենցից խլել են՝ հայտնի դեպքերի հետ կապված:
Չբավարարվելով արդեն խնդրահարույց այս ձևակերպմամբ՝ Կարեն Անդրեասյանը շարունակել է, թե Մարտի 1-ի դեպքերի հետ կապված ամենախայտառակ դատական ակտերն են կայացվել դատական համակարգում, և ՄԻԵԴ-ն ամենաշատ վճիռներն է կայացրել ՀՀ-ի դեմ:
Կարեն Անդրեասյանը, իհարկե, չասաց, որ մեկը մյուսի հետևից ՄԻԵԴ-ից Մարտի 1-ով ՀՀ-ի դեմ վճիռներ են եկել, որովհետև պատասխանող կողմը՝ ՀՀ կառավարությունը, ի դեմս միջազգային իրավական համագործակցության հարցերով գրասենյակի ղեկավար Եղիշե Կիրակոսյանի, որևէ առարկություն դրանց դեմ չի ներկայացրել, երբ ՄԻԵԴ-ը հարցեր է ուղղել կառավարությանը:
Կարեն Անդրեասյանը, եթե տեղյակ չէ, կարող է ծանոթանալ 168.am-ի հրապարակումներին այդ թեմայով և միգուցե նաև իմանա, եթե չգիտի՝ ինչով է պայմանավորված եղել Եղիշե Կիրակոսյանի վարքագիծը:
ՀՀ Կառավարության ներկայացուցչի գրասենյակը՝ Եղիշե Կիրակոսյանի գլխավորությամբ, չի պաշտպանել Հայաստանի Հանրապետության շահերը: Եղիշե Կիրակոսյանն իր թիմով պարտավոր էր, օրինակ, Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատավճռի 25 էջանոց պատճառաբանական մասից գոնե մի տող ուղարկել ՄԻԵԴ, փորձել հիմնավորել պետության արդարացիությունը, ինչը չի արել: ՄԻԵԴ-ում բոլոր վճիռները կայացվում են ընդդեմ պետության, տվյալ դեպքում՝ Հայաստանի Հանրապետության, և մի օր Եղիշե Կիրակոսյանն անպայման պիտի պատասխանի՝ ինչո՞ւ ՀՀ կառավարությունը ոչինչ չի պատասխանել՝ ՄԻԵԴ հարցումներին ի պատասխան:
Բայց սա դեռ մի կողմ:
Կարեն Անդրեասյանն ակնհայտ քաղաքական ելույթներ է ունենում, և սա, բնականաբար, քաղաքական իշխանությանը չի հուզում, քանի դեռ նա իրենց թիմակիցն ու գաղափարական համակիրն է, որքան էլ որ ԲԴԽ նախագահ դառնալուց 5 պակաս դուրս գար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից:
Իսկ, օրինակ, երբ Ռուբեն Վարդազարյանն էր խոսում, ծանր էին տանում ու հայտարարում, որ դատական համակարգը պետք չէ քաղաքական թեմաների մեջ մտցնել:
Կրկնում ենք, ի՞նչ կապ ունի 2008թ. Մարտի 1-ի հիշատակումը դատավորի օր սահմանելու առաջարկի հետ, որ ԲԴԽ նախագահը առիթը բաց չի թողել մեկ անգամ ևս խոսել իր սիրած թեմայի մասին:
Եվ վերջում՝ Մարտի 1-ի վերաբերյալ ամենաշատ վճիռները կայացրել է Մնացական Մարտիրոսյանը, բայց նա այսօր դատարանի նախագահ է: Այդ ինչպե՞ս ու ինչո՞վ մաքրվեց Մնացական Մարտիրոսյանը… Հարցը, իհարկե, հռետորական է:
Այսքանից հետո միակ զարմանալու բանն այն է, թե ինչո՞ւ մինչև հիմա Նիկոլ Փաշինյանն իր գլխավերևում չի կախում Կարեն Անդրեասյանի մեծադիր նկարը: Լավ, էլ ի՞նչ պիտի անի այս մարդը, որ արժանանա այդ մեծարանքին ու պատվին…
Այս հարցն էլ է հռետորական:
Մանրամասները՝ տեսանյութում: