Ո՞վ էր ԱԱԾ տեսանյութում պատկերված խորհրդավոր անձը, և ինչո՞ւ է նրա ազատության դիմաց վճարում պետությունը՝ ՄԻԵԴ վճիռների տեսքով

Եղիշե Կիրակոսյանի եղբոր՝ հերթական անգամ չկալանավորվելու գինը Նիկոլ Փաշինյանի օգտին Մարտի 1-ով ստացված ՄԻԵԴ դատավճիռն էր

2021թ. հոկտեմբերի 19-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց առ այն, որ ՀՀ ԱԱԾ-ն խոշոր չափերով՝ 1.000.000 դրամ կաշառք ստանալու պահին բերման է ենթարկել ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության բաժնի պետին, 2 օպերլիազորներին ու ևս մի քանի անձի: Օպերլիազորներից մեկի մոտ հայտնաբերվել է գումարը՝ ծրարի մեջ դրված:

ԱԱԾ-ն անգամ տեսանյութ էր հրապարակել այն մասին, որ Երևանի քաղաքային վարչության աշխատակիցները հանցավորության դեմ պայքարի համատեքստում իրականացրած տարաբնույթ և տակտիկապես համակարգված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության բաժնի պետը, նախնական համաձայնության գալով նույն բաժնի 2 օպերլիազորների հետ, միավորելով իրենց ջանքերը, ի պաշտոնե լիազորված լինելով իրականացնել հարկային վարչարարություն և ապահովել հարկային պարտավորությունների կատարումը, Երևան քաղաքում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ընկերության հիմնադրի և փոխտնօրենի օգտին իրենց լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի անգործության՝ հարկային օրենսդրության ոլորտում թույլ տրված խախտումները մասամբ չարձանագրելու, ինչպես նաև ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար պահանջել և նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2021 թվականի հոկտեմբերի 16-ին Երևան քաղաքում գտնվող սրճարաններից մեկում անձամբ ստացել են խոշոր չափերով՝ 1.000.000 ՀՀ դրամ կաշառք, որից անմիջապես հետո ինչպես պաշտոնատար անձինք, այնպես էլ կաշառք տվողը բռնվել և բերման են ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն:

Եվ թեպետ հրապարակված տեսանյութում կաշառք տվողի դեմքը փակ է, 168.am խիստ հավաստի տեղեկություններով՝ նշված անձը Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ, ոչ վաղ անցյալում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի եղբայրն է՝ «Հայբիզնեսբանկ» ՓԲ վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանը:

Տեսանյութի ոչ մանրակրկիտ ուսումնասիրությունն անգամ պարզ է դարձնում, որ նշված անձը նա է:

Արա Կիրակոսյանի նախորդ ազատազրկման պատմությունը

Հիշեցնենք՝ Արա Կիրակոսյանը տևական ժամանակ պատիժ էր կրում «Հայբիզնեսբանկ» ընկերությունից մեծ չափի գումար հափշտակելու, «Հայբիզնեսբանկ»-ի փողերի լվացման գործով մեղադրանքով:

Արա Կիրակոսյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեղավոր էր ճանաչվել առաջադրված բոլոր մեղադրանքներում և դատապարտվել 13 տարվա ազատազրկման: Վերջինս այս գործով մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 4 հոդվածներով՝ 214-րդ հոդվածի երկրորդ մասով, այն է՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Այս մեղադրանքի համար նրան 2 տարվա ազատազրկում է նշանակվել:

325-րդ հոդվածի երկրորդ մասով, այն է՝ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից` նախնական համաձայնությամբ: Նախատեսվել է 1 տարի ազատազրկում:

178-րդ հոդվածի 3-րդ կետի առաջին մասով, այն է՝ խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով: Դատապարտվել է ազատազրկման 6 տարի ժամկետով` գույքի կեսի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի 500 հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամ գումարից,

190-րդ հոդվածի երրորդ կետի առաջին մասով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը), որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով: Դատապարտվել է ազատազրկման 8 տարի ժամկետով` գույքի կեսի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի 500 հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամ գումարից։

Պատիժները լրիվ և մասնակիորեն գումարելու սկզբունքների կիրառմամբ նրան վերջնական պատիժ էր սահմանվել 13 տարի ազատազրկումը:

Ինչպե՞ս Արա Կիրակոսյանն ազատվեց պատժի կրումից

Սակայն 2018թ. հոկտեմբերին Վերաքննիչ քրեական դատարանը Արա Կիրակոսյանի պատժաչափը փոփոխել է՝ 13 տարվա ազատազրկումը դարձնելով 10 տարի, ապա կարճ ժամանակ անց ազատ արձակվեց եղբոր՝ այն ժամանակ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Եղիշե Կիրակոսյանի գործուն ջանքերով:

Դեռևս 2019թ. հուլիսի 11-ին 168.amգրել էր, որ Արա Կիրակոսյանին առաջարկվել էր Քրեակատարողական ծառայությանը դիմել պատժի ռեժիմի փոփոխության խնդրանքով, ինչը նրան թույլ կտա հետագայում պատժի հետագա կրումից պայմանական-վաղաժամկետ ազատվել, ինչը և արվել էր:

Արա Կիրակոսյանի դիմումը բավարարվել էր, և նա տեղափոխվել էր ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկ՝ կիսաբաց ռեժիմով կալանքը կրելու։ Այնուհետ որոշեցին, որ նա իր կալանքը պետք է կրի բաց ռեժիմով, ինչը նշանակում է, որ նա կարող է առավոտյան դուրս գալ քրեակատարողական հիմնարկից, իսկ երեկոյան վերադառնալ ու գիշերել այնտեղ։

Իսկ դրանից մինչև պայմանական-վաղաժամկետ ազատում, ինչպես ասում են, կես քայլ էր: Ինչևէ, Արա Կիրակոսյանն ազատվեց, և ըստ ամենայնի՝ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:

Բայց իշխանությունն իշխանություն չէր լինի, եթե իրենց թիմի գրեթե միակ որակյալ իրավաբանին իրենց մոտ պահելու ու հատկապես ՄԻԵԴ-ում վերահսկելի ներկայացուցիչ ունենալու համար եղանակներ չորոնեին, իրենց չապահովագրեին, Եղիշե Կիրակոսյանի եղբոր նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ չիրականացնեին ու ինչ-որ հարմար պահի չֆիքսեին նրա կաշառք տալու պահը ՊԵԿ օպերլիազորներին:

Մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է. շատ արագ տեսանյութը պատրաստվեց, հաղորդագրություն տարածվեց, Արա Կիրակոսյանի նկատմամբ ընտրվեց խափանման միջոց՝ ստորագրություն:

Պարզ է, չէ՞, որ Եղիշե Կիրակոսյանի՝ անգամ ամենաաննշան անհնազանդության դեպքում վերջինիս եղբոր խափանման միջոցը շատ արագ կարող է փոխվել:

Ինչո՞ւ և ինչպե՞ս ՄԻԵԴ-ը Մարտի 1-ի գործով Նիկոլ Փաշինյանի օգտին վճիռ կայացրեց

Այստեղ տեղին է հիշել հունվարի 18-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանից (ՄԻԵԴ) ստացված Նիկոլ Փաշինյանի համար դրական վճռի մասին: ՄԻԵԴ-ը վճիռ էր կայացրել, ըստ որի՝ խախտվել է Կոնվենցիայի 5-րդ և 11-րդ հոդվածները, այսինքն՝ հավաքների իրավունքը և ազատ արտահայտվելու ազատության իրավունքը:

Այս վճռի առնչությամբ 168.am-ի հետ զրույցում փաստաբան Հայկ Ալումյանն ասել էր՝ Խնդիրն այն պահից սկսեց որոշակի չափով կասկածելի լինել, երբ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետ դառնալուց հետո ՀՀ անունից ՄԻԵԴ-ում հանդես եկող անձը ենթարկվում է Նիկոլ Փաշինյանին:

Ընդ որում, ՄԻԵԴ-ն իր վճռի մեջ բերում է դիմող կողմի փաստարկները, ապա Կառավարության պատասխանները, հետո անում է իր հետևությունները:

Փաստաբանի խոսքով՝ «Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով վճռի մեջ շատ տարօրինակ բան է տեղ գտել. դիմող կողմի փաստարկներին ՀՀ կառավարությունը ոչ մի պատասխան չի ներկայացրել:

«Դիմող կողմի փաստարկները կառավարությունն ընդունում է, եթե պատասխանող կողմը դրանք չի վիճարկում, և եթե ակնհայտ անհիմն փաստ չի ներկայացվում ու կարող է գոյություն ունենալ իրականության մեջ: Տվյալ դեպքում մեր կառավարությունը դիմողի կողմից ներկայացված ոչ մի փաստ չի վիճարկել»,- ասել էր Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ խոսքը 2019թ. մասին է:

Այսինքն՝ որպեսզի ընթերցողի համար պարզ լինի, նշենք, որ Նիկոլ Փաշինյանի գործը ՄԻԵԴ-ը կոմունիկացրել է ոչ թե այն ժամանակ, երբ այդ բողոքը ներկայացվել է, այլ տարիներ անց՝ 2019թ., երբ վերջինս արդեն զբաղեցնում էր ՀՀ վարչապետի աթոռը, այսինքն՝ գործը սկսել է քննվել հենց 2019թ.-ին:

ՄԻԵԴ-ում ՀՀ Կառավարության ներկայացուցչի գրասենյակը՝ Եղիշե Կիրակոսյանի գլխավորությամբ, պարտավոր է պաշտպանել Հայաստանի Հանրապետության շահերը, ով ուզում է լինի կառավարության գլխին: Եղիշե Կիրակոսյանն իր թիմով պարտավոր էր Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատավճռի 25 էջանոց պատճառաբանական մասից գոնե մի տող ուղարկել ՄԻԵԴ, փորձել հիմնավորել պետության արդարացիությունը, ինչը չի արել: ՄԻԵԴ-ում բոլոր վճիռները կայացվում են ընդդեմ պետության, տվյալ դեպքում՝ Հայաստանի Հանրապետության, և մի օր Եղիշե Կիրակոսյանն անպայման պիտի պատասխանի՝ ինչու ՀՀ կառավարությունը ոչինչ չի պատասխանել ՄԻԵԴ հարցումներին ի պատասխան:

Ի դեպ, այդ վճռի հիմքով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն արդեն իսկ դիմել է ՎՃռաբեկ դատարան՝ Նիկոլ Փաշինյանին արդարացնելու պահանջով, ինչը Վճռաբեկ դատարանը պարտավոր չէ անել, բայց վստահաբար կանի:

Ստացվում է, որ պետությունն ու նրա շահերը պատանդ են մեկ մարդու ձեռքում, իսկ վերջինս էլ ջանք չի խնայում ցանկացած նոր հանգամանք ծառայեցնել իր շահերին: Եվ եթե ՄԻԵԴ-ում պետությունը շարունակ պարտվի, քանի դեռ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը Եղիշե Կիրակոսյանն է, ոչինչ զարմանալի չի լինի:

Հ.Գ. Եղիշե Կիրակոսյանը, անշուշտ, լավ եղբայր է, բայց վատ պաշտոնյա ու ՀՀ քաղաքացի։ Եղիշե Կիրակոսյանն այս պահին, հասկանալի է, այլ ընտրություն չունի, բայց ուներ այդ ընտրությունը 2018թ.։ Իսկ հայտնի ճշմարտություն է, յուրաքանչյուրս քաղում ենք մեր ընտրության արդյունքները։

Տեսանյութեր

Լրահոս