Ինչպե՞ս շատ բերք ստանալ` էկոլոգիային քիչ վնաս պատճառելով
Մարտի 10-12-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվեց «ԴիջիԹեք 2022» համաժողովը, որի շրջանակներում բացվեց նաև տարածաշրջանում ամենածավալուն տեխնոլոգիական՝ «ԴիջիԹեք 2022» ցուցահանդեսը։
Ագրարային համալսարանը Դիջիթեքի շրջանակներում գյուղատնտեսական երկու սարք էր ներկայացրել, որոնցից մեկը նախատեսված էր սրսկումների, մյուսը` ընդհանուր տարածքը նկարելու համար։
«Այսպես ասենք, անօդաչուի միջոցով տեսնում եք հողի ծավալը, և ըստ քարտեզի` սրսկման համար առաջարկություն է կազմվում, որից հետո ճշգրիտ չափաբաժիններով ավտոմատ սրսկում է կատարվում։ Այսինքն, ավանդական գյուղատնտեսությունից անցում ենք կատարում ճշգրիտ գյուղատնտեսություն, որն այսօր կենսական պահանջ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց համալսարանի Ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի դոցենտ Արտակ Զաքարյանը։ Նրա փոխանցմամբ` արվում է օդալուսանկարահանում, ստացված պատկերների միջոցով կազմվում է համապատասխան քարտեզ։ Բացի դրանից, սարքի միջոցով նաև գեոդեզիական չափագրական աշխատանքներ է հնարավոր լինում կատարել։
«Վեց տեսախցիկներից ամեն մեկն ունի իր նշանակությունը։ Այս սարքերով աշխատել սովորեցնում ենք Ագրարային համալսարանում։ Կան նաև ընկերություններ, որ մեզ մոտ դասընթացների մասնակցելուց հետո տվյալ սարքավորումներն առաջարկում են հող մշակողներին։ Տվյալ սարքավորումները չինական են և Հայաստանում ունեն ներկայացուցչություն։ Այս կերպ հնարավոր է ավելի շատ բերք ստանալ և էկոլոգիային քիչ վնաս հասցնել»,- նշեց մեր զրուցակիցը։