Պետք է բացահայտել թմրադեղերի «բոսերին», «բարոններին», այդ բիզնեսի տերն ո՞վ է. ՔՊ-ական պատգամավոր
Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը ներկայացրեց ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) «2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը։
Վահե Ղազարյանն իր զեկույցում ընդգծված ներկայացրեց, թե այս տարի թմրաշրջանառության քանի դեպք է հայտնաբերվել, և առհասարակ այդ ամենը կարգավորելու համար ինչ են պատրաստվում անել։
Այս համատեքստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասաց, որ թեմային ամեն օր է պետք անդրադառնալ։
«Պետք է ասեմ, որ համաճարակի պես, ինչպես ասաց պարոն Արսենյանը, այսօր թմրամոլությունը տարածվում է, և այդ համաճարակի զոհ են դառնում երիտասարդ տարիքի անձինք։ Այս պահին հստակ վիճակագրություն չկա, թե տարին քանի հոգի է մեռնում, բայց հաստատ հարյուրավոր ու հազարն անցնող թիվ է դա։ Մեկ թմրամոլը ի վիճակի է վարակել մի քանի հոգու, տասնյակներ, հարյուրներ։ Եթե մենք այս պահին լուրջ ու գործուն միջոցներ չձեռնարկենք՝ սրա դեմն առնենք, գուցե կարճ ժամանակ հետո շատ ուշ լինի՝ հազարավոր մարդկանց կյանքեր փրկելու համար։ Սա տարածվում է և՛ դպրոցներում, և՛ բանակում, երիտասարդների շրջանում և սեռ չի ճանաչում։ Այսօր մենք կանգնած ենք սահմանագծի վրա։
Կարծում եմ՝ շատ արագ պետք է հասկանանք, թե դրանք ինչպե՞ս են ներկրվում Հայաստան, եթե պատրաստվում են այստեղ, ապա որտե՞ղ են պատրաստվում, որովհետև սինթետիկ քիմիական բաղադրության նյութեր կան, որոնք հաստատ Հայաստանում որոշ քիմիկներ կարող են անել, ովքեր են թմրամիջոցների տարածման կազմակերպիչները՝ բոսերը, բարոնները, հնարավոր չէ՝ այս կարգի միլիոնավոր շրջանառությունում չլինեն կազմակերպիչներ։ Այս բիզնեսն այստեղ տեր ունի, պետք է նրանց գտնելու համար քաղաքականություն մշակել, իսկ այդ քաղաքականություն մշակողը Ներքին գործերի նախարարությունն է»,- շեշտեց Արմեն Խաչատրյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում