«Չեմ կարծում, թե նախագահ Ալիևը կցանկանա հայտնվել նույն իրավիճակում, ինչ նախագահ Պուտինը, և համարվել միջազգային ահաբեկիչ, ագրեսոր». Անդերս Ֆոգ Ռասմուսեն

«Կոչ եմ անում Իլհամ Ալիևին վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը»,- այս մասին այսօր Ջերմուկում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, Դանիայի նախկին վարչապետ, «Գլոբալ Ռասմուսեն» քաղաքական խորհրդատվական միջազգային կազմակերպության հիմնադիր ղեկավար Անդերս Ֆոգ Ռասմուսենը՝ անդրադառնալով իր հայաստանյան այցի մանրամասներին:

Նա տեղեկացրեց, որ առաջին անգամ Հայաստան այցելել է 2012 թվականին՝ որպես ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար:

Ըստ նրա, շատ բաներ են փոխվել դրանից հետո Հայաստանում: Ռասմուսենը հիշեցրեց, որ նախօրեին հանդիպել է Նիկոլ Փաշինյանի,  ԱԳ և Պաշտպանության  նախարարների հետ: «Ես այստեղ եմ ՀՀ կառավարության հրավերով, որպեսզի օգնեմ Կառավարությանն  ամրապնդել կապերը ԵՄ-ի և ընդհանուր առմամբ  Արևմուտքի հետ: Երեկ հանդիպումներ եմ ունեցել Երևանում, իսկ այսօր այցելել եմ ՀՀ հարավային մարզեր, որպեսզի իմ աչքով տեսնեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները Հայաստանի վրա: Ես այցելեցի Ջերմուկ քաղաք, և քաղաքապետն ինձ ասաց, թե ինչպիսի հսկայական ազդեցություն են ունեցել Ադրբեջանի հարձակումները քաղաքի և քաղաքի տուրիզմի վրա:

Ավելի վաղ այսօր այցելել էի Լաչինի միջանցք: Ինչպես գիտեք, Լաչինի միջանցքը միակ կապն է Հայաստանի ու ԼՂ հայ բնակչության միջև: Անցյալ տարվա դեկտեմբեր ամսից Հայաստանի և ԼՂ-ի միջև ճանապարհը շրջափակված է, այս շրջափակումն անմարդկային ու ապօրինի է: Ես հանդիպեցի մարդկանց հետ, ովքեր ապրել են ԼՂ-ում, և նրանք ինձ պատմեցին այն ծայրահեղ իրավիճակի մասին, որը տիրում է ԼՂ-ում:

Շրջափակում՝ նշանակում է, որ պարեն կամ դեղորայք կարելի է շատ փոքր քանակով հասցնել ԼՂ, որը նշանակում է պարենի և կյանքի համար անհրաժեշտ դեղորայքի պակաս ԼՂ-ում: Մենք բախվում ենք հումանիտար ճգնաժամի, որը կարող է վերածվել հումանիտար աղետի:

Այս շրջափակումն անօրինական է:

Մի քանի շաբաթ առաջ Արդարադատության միջազգային դատարանը որոշում է կայացրել, որով պարտադրում է Ադրբեջանին ապահովել անխոչընդոտ տեղաշարժ Լաչինի միջանցքով:

Որոշումը պարտադիր է, որը նշանակում է, որ Ադրբեջանը պարտավոր է բացել միջանցքը ազատ հասանելիության և տեղաշարժի համար: Այսօր  ես հստակ ուղերձ եմ հղում Ադրբեջանի   նախագահ Ալիևին և ասում եմ՝ վերացրու շրջափակումն այսօր անհապաղ»,- ասաց Ռասմուսենը:

Ըստ նրա՝ ԵՄ-ն պետք է առավել  ճնշում գործադրի Ադրբեջանի նկատմամբ:

«ԵՄ-ն Ադրբեջանի հետ էներգետիկ ոլորտի համաձայնության է եկել, որը կարող է օգտագործվել՝ որպես հարթակ կրիտիկական երկխոսության համար Ադրբեջանի  իշխանությունների հետ: Միգուցե նախագահ Ալիևը, ինչպես նախագահ Պուտինը, ավտորիտար է, բայց չեմ կարծում, թե նախագահ Ալիևը կցանկանա հայտնվել նույն իրավիճակում, ինչ նախագահ Պուտինը, և համարվել միջազգային ահաբեկիչ, ագրեսոր: Ուստի ևս մեկ անգամ  ես կոչ եմ անում  նախագահ Ալիևին՝ վերացնել շրջափակումը»,- ասաց Ռասմուսենը:

Տեսանյութեր

Լրահոս