Հայաստանում խիստ հակաիշխանական ֆիլմ է ցուցադրվում. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը համաձայն է հնչող այն քննադատությունների հետ, թե «հեղափոխությունը» չի հասել իր տրամաբանական ավարտին. ասուլիսում արձագանքելով այս մասին լրագրողի հարցին՝ նա մասնավորապես նշեց, որ հեղափոխությունն այսօր էլ ընթանում է:

Ինչ վերաբերում է պրոռուսական և պրոուկրաինական շրջանակների, նրանց կողմից ՀՀ-ում անցկացվող հավաքների հանդեպ լոյալ վերաբերմունքի մասին մեղադրանքներին, ապա, ըստ Փաշինյանի, սա վկայում է այն մասին, որ ՀՀ-ն ժողովրդավարական երկիր է:

«Հայաստանում լինում են և՛ պրոռուսական, և՛ պրոուկրաինական ցույցեր, և՛ հակակառավարական ցույցեր,- նշեց նա, ապա այս համատեքստում հիշեց,- Մեր գործընկերներից մեկն ինձ ասաց, որ Ձեր երկրում իմ մասին վատ ֆիլմ են ցույց տալիս, և ասելիքն այն էր, թե ինչո՚՞ւ չեք արգելում այդ ֆիլմի ցուցադրությունը»:

Նիկոլ Փաշինյանը պատմեց նաև, որ այդ օրը մինչ օդանավակայան մեկնելն իր աչքով է ընկել իր մասին ֆիլմի աֆիշան (նկատի ունի «Իշխանություն» ֆիլմը, որի դեմ Փաշինյանի 5-6 աջակից փորձել էին ակցիաներ անել):

Կարդացեք նաև

«Փաստորեն, խիստ հակաիշխանական ֆիլմ է ցուցադրվում Հայաստանի թիվ մեկ կինոթատրոնում: Եվ այնպիսի զուգադիպություն էր. ինձ համար անհարմար վիճակից դուրս գալու համար ասեցի՝ գիտե՞ք իմ մասին ինչ են ցույց տալիս երկրի թիվ մեկ կինոթատրոնում, և չհավատացին ինձ»,- շարունակեց նա:

Հայաստանի՝ ՌԴ հատուկ ռազմական օպերացիա ասվածի վերաբերյալ չեզոք դիրքորոշման մասին հարցադրմանն անդրադառնալով էլ՝ Փաշինյանը նկատեց.

«Մեզ միայն չեզոքության մեջ չեն մեղադրում. մեղադրում են նաև ոչ չեզոքության մեջ, բայց մեր դիրքորոշումները որոշակի ստրուկտուրիզացված են, որովհետև մենք ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ անդամ ենք, բայց մենք մյուս կողմից՝ նաև ՄԱԿ, ԵԽ, ԵԱՀԿ անդամ ենք, և, ընդհանրապես, միջազգային հանրության անդամ ենք, և մենք չենք կարող առանձին գլոբուսի վրա ապրել: Մենք մեր դիրքորոշումներում փորձում ենք լինել հնարավորինս ազնիվ գործընկեր և դաշնակից, լինել միջազգային հանրության հնարավորինս պատասխանատու անդամ: Մեր քվեարկությունները, գործողությունները փորձում ենք այս տրամաբանության մեջ տեղավորել, բայց դուք բոլորդ հասկանում եք, որ դա ավելի ու ավելի դժվար է դառնում և դառնալու»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս